Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԿՈԲԶՈՆԻ ՀԵՏ ԵՆ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ»

Դեկտեմբեր 20,2006 00:00

\"\"Հարցազրույց երիտասարդ ստեղծագործող Մարատ Հայրապետյանի հետ

– Շուտով լույս կտեսնի քո երկրորդ CD-ին, ի՞նչ նոր ասելիք կա այնտեղ:

– Առաջին CD-ս՝ «Թանկ նվերը», թողարկվել էր 2003թ.՝ Երեւանում: Երկրորդ CD-ի բոլոր աշխատանքներն արվել են ավելի բարձր որակով՝ ԱՄՆ-ում: Այն կոչվում է «Իմ լավագույն ընկեր»: Խորագիրը պատահական չի ընտրված: CD-ն անվանել եմ «Իմ լավագույն ընկեր», քանի որ այն թողարկվում է իմ լավագույն ընկերների աջակցությամբ: Բացի դրանից, նույնանուն երգ կա այնտեղ: Եվ երրորդ՝ երգն էլ է իմ լավագույն ընկերը՝ թե ուրախության, թե հուսահատության պահերին: Նոր CD-ում տեղ է գտել 20 երգ: Երգերը ոչ միայն թեմայով են տարբերվում, այլեւ իրենց ոճով, ժանրով, տրամադրությամբ, ռիթմով, լեզուներով: Դրանց մեծ մասը հայերեն է, խոսքերի եւ երաժշտության հեղինակն էլ ես եմ: Կան նաեւ ռուսերեն, ֆրանսերեն ու անգլերեն երգեր: Կարծում եմ, ամեն ունկնդիր այնտեղ կգտնի իրեն հոգեհարազատ ինչ-որ բան: Օրինակ, CD-ում կա մի երգ՝ նվիրված շինարարներին, որ գրել եմ հատուկ քաղաքաշինության նախարարի պատվերով: Այսօր բոլորը, չգիտես ինչու, միայն սեր եւ հայրենիք են երգում՝ մոռանալով աշխատանքի մարդուն: Մինչդեռ ԽՍՀՄ տարիներին բոլոր մասնագիտությունները գովերգվում էին, ինչի պակասը այսօր Հայաստանում կա: «Իմ լավագույն ընկեր» CD-ում օգտագործված են ժողովրդական գործիքներ՝ դուդուկ, զուռնա, շվի, քանոն, բլուլ, նաեւ սաքսոֆոն, շեփոր, կիթառ եւ այլն: Փորձել ենք նոր որակ ստանալ:

– Այն ոճում, որ դու ես ստեղծագործում՝ դասականը էստրադային «ֆորմատով», միակն ես…

– Այո, դասականն ու էստրադայինը ինձ մոտ սինթեզված են: Եվ այս դեպքում, կարծես, չունեմ մրցակից: Ուրախ եմ, որ ինձ լսում են ոչ միայն մեծահասակները, այլեւ երեխաները: Վերջիններիս համար հաճախ եմ երգեր գրում, համագործակցում եմ հատկապես «Արեւիկ» խմբի հետ: Իմ հանդիսատեսի մաս են կազմում նաեւ մարդիկ, ովքեր 40-ից բարձր տարիքի են: Նրանք ունեն ձեւավորված ճաշակ, որովհետեւ կրում են խորհրդային ժամանակաշրջանի բարձր մշակույթի ազդեցությունը: Ինչ վերաբերում է իմ ոճին, չեմ կարող ասել՝ լա՞վ է, թե՞ վատ, որ մենակ եմ այդ ուղղության մեջ: Անշուշտ, կոմերցիան ու շոու-բիզնեսն իրենց տեղն ունեն, բայց ինձ, այս պարագայում, առաջնորդողն արվեստն է:

– Այսօր բազմաթիվ համերգներ են կազմակերպվում, եւ կարծես միշտ չեն հրավիրում քեզ…

– Այդ համերգներին ոչ թե ի՛նձ չեն հրավիրում, այլ ե՛ս չեմ մասնակցում: Եվ պատճառն այն չէ, թե կազմակերպիչների հետ ինչ-ինչ խնդիրներ ունեմ:

Սովորաբար՝ չեմ մասնակցում այն համերգներին, որոնք համարում եմ անիմաստ: Չեմ ուզում մարդկանց ճաշակը խեղաթյուրող որեւէ անորակ հանդիսության մասնակիցը լինել: Գերադասում եմ ավելի լուրջ միջոցառումները: Օրինակ, այսօր հանդես եմ գալու Օպերային թատրոնում կայանալիք համերգին՝ նորաստեղծ «Առնո Բաբաջանյան» նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար՝ Թոմաս Մադաթով) կատարելով «Ակնթարթներ» երգը՝ «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմից:

– Մի ժամանակ քո տեսահոլավակները շատ հաճախ էին ցուցադրվում TV-ներով, իսկ հիմա՝ ոչ: Ո՞րն է պատճառը:

– Այո, մի ժամանակ նույնիսկ չափից դուրս հաճախ էին երգերս հնչում: Դա արվում էր հեռուստատեսությունների ղեկավարների նախաձեռնությամբ եւ առաջարկով: Երկու տարի է՝ չեմ երեւում եթերում, որովհետեւ դեռ չեմ նկարել նոր տեսահոլովակ: Բացթողումները կլրացնեմ երեւի եկող տարում՝ ձայնասկավառակին կհաջորդի նոր տեսահոլովակ, իսկ վերջինիս նաեւ՝ մենահամերգ:

– Ինչո՞ւ են քեզ հաճախ համեմատում Կոբզոնի հետ:

– Մեղմ ասած՝ հպարտ եմ դրա համար: Կարծում եմ՝ շատ քչերին են համեմատում կենդանի լեգենդների հետ: Մյուս կողմից՝ նման համեմատությունը անում են ոչ պրոֆեսիոնալները, որովհետեւ պրոֆեսիոնալը անպայման կնկատեր մեր տարբերությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել