Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատաղիսի գործին» վերջ կդրվի՞

Դեկտեմբեր 20,2006 00:00

\"\"2004թ. հունվարի 9-ին ԼՂՀ Մատաղիս գյուղի ջրամբարում հայտնաբերվեցին զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի դիակները: Դիակների վրա կային բռնության հետքեր, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նրանց սպանել են:

Հ. Մկրտումյանի եւ Ռ. Եղիազարյանի սպանության գործով զինդատախազությունը 12 հատորանոց մեղադրանք առաջադրեց երեք զինծառայողների՝ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի նկատմամբ:

Առաջին ատյանի դատարանը զինվորներին դատապարտեց 15 տարվա ազատազրկման: ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը խստացրեց պատժաչափը՝ նրանց դատապարտելով ցմահ ազատազրկման: Ամբաստանյալները հացադուլ հայտարարեցին, նրանց Եռաբլուրում հացադուլով միացան ծնողները: Հաշվի չառնվեց սպանված զինվորի հոր՝ Մովսես Մկրտումյանի ցանկությունը՝ դատարան հրավիրել վկաների, որոնք կասեն եղելությունը: Այսօր ՀՀ վճռաբեկ դատարանը հավանաբար հանգուցալուծում տա այս գործին:

Ամբաստանյալների պաշտպաններ Զարուհի Փոստանջյանը, Ստեփան Ոսկանյանը եւ Աշոտ Աթոյանը մինչ օրս պնդում են, որ իրենց պաշտպանյալներն անմեղ են: Վկա Արման Գրիգորյանը նախաքննության մարմնին 6 ամիս շարունակ ցուցմունք էր տվել իր հրամանատարների՝ Իվան Գրիգորյանի, Կառլեն Մայիլյանի դեմ, թե ինչպես են նրանք մասնակցել իրենց զինվորների սպանությանը: Սակայն դատարանում նա հայտարարեց, որ ինքը վախկոտ անձնավորություն է եւ ցուցմունքներ է տվել վախի ազդեցության տակ: Այս զինվորը ջրամբարում իր ընկերների դիակները հայտնաբերվելուց հետո փախել էր զորամասից:

Պաշտպանական կողմի, մասնավորապես՝ փաստաբան Զարուհի Փոստանջյանի կարծիքով. «Սպանության բացահայտմանը կնպաստեր գործում առկա ապացույցներից մեկի վերծանումը. Հովսեփի հոր՝ Մովսես Մկրտումյանի եւ ռազմական ոստիկանության աշխատակից ոմն Վահրամի բջջային հեռախոսով դեկտեմբերի 31-ի զրույցը: Այդ զրույցի վերծանումից հրաժարվել են նախորդ ատյանի դատարանում, պատճառաբանելով, թե դիսկետը վնասված է: Մինչդեռ այն հնարավորություն կտար համոզվելու, որ Հովսեփ Մկրտումյանը դեկտեմբերի 31-ին ողջ է եղել: Ըստ էության հօդս կցնդեր դատաքննչական մարմնի այն տեղեկատվությունը, թե Հովսեփ Մկրտումյանը եւ Ռոման Եղիազարյանը սպանվել են դեկտեմբերի 24-ին»: Ավելին, այդ պահին նրանք գտնվել են ռազմական ոստիկանությունում:

Գործում կա դատաբժշկական փորձաքննություն, որոնցից մեկը՝ լրացուցիչ: «Առաջինով Հովսեփ Մկրտումյանին տրված է երկու օրվա մահվան վաղեմություն, երկրորդով՝ 1- 2 շաբաթվա: 60 էջանոց իմ բողոքում փորձել եմ ուշադրություն հրավիրել Հովսեփի դիակի նկարագրության վրա. առկա էին դիակային բծեր, դիակի գրեթե փայտացում»,- երեկ «Առավոտին» ասաց Զ. Փոստանջյանը: Դա նշանակում է, որ տղաները սպանվել են այլ վայրում, բերվել գցվել են ջրամբար:

Դատարանը 3 կարեւորագույն վկաներից հնարավորություն է ունեցել լսել միայն մեկին, մյուս երկուսը չեն ներկայացել դատարան: Հեռակա ընթերցվել են նախաքննական ցուցմունքները: Վկա Արման Թադեւոսյանը «բացակայել» է հանրապետությունից: Առանց հաշվի առնելու պաշտպանական կողմի կարծիքը՝ դատարանը հրապարակել է այդ ցուցմունքները՝ ուղղորդելով դատավարության ընթացքը: Պաշտպանական կողմը արդարացման դատավճիռ է պահանջում: Ռ. Սարգսյանի խոստովանական ցուցմունքը, որը նա տվել է վկայի կարգավիճակով, Զ. Փոստանջյանի կարծիքով, չի համընկնում սպանության վայրի, օրվա եւ ժամի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել