Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԳԾԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 20,2006 00:00

\"\"Ի՞նչ կատարվեց ԳԱԱ թղթակից անդամներին ընտրելիս. իրականություն առաջին

ԳԱԱ վերջին ընտրություններում, ինչպես արդեն նշել ենք, հատկապես մեծ դժվարությամբ թղթակից անդամներ դարձան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը եւ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արմեն Թռչունյանը: Ի՞նչ կատարվեց այս եւ մյուս շատ թեկնածուների ընտրության հարցում. ներկայացնենք խիստ հավաստի մեր աղբյուրների դիտարկումները: Նախ՝ Արամ Սիմոնյանի մասին: ԵՊՀ ռեկտորը ԳԱԱ ընտրություններից հետո ակադեմիական շրջանակներում անվավեր քվեաթերթիկով ընտրվողի համբավ «ձեռք բերեց»:

Հիշենք՝ ԵՊՀ ռեկտորի ընտրություններում Գագիկ Ղազինյանի հետ մրցապայքարում վերջին՝ երրորդ փուլից հետո ընտրությունները չկայացան. այդ ժամանակ Գ. Ղազինյանն ուներ պահանջվող կողմ ձայները, սակայն վերջին պահին հաշվիչ հանձնաժողովը մեկ ճակատագրական քվեաթերթիկ անվավեր էր համարել (արի ու տես, որ պտիչկայի մի պոչը մյուսից ավելի մուգ էր եղել), եւ ընտրությունները համարվեցին չկայացած: Հայտարարվեցին նոր ընտրություններ եւ ԵՊՀ խորհրդի կազմում կատարված լուրջ փոփոխությունների արդյունքում Արամ Սիմոնյանը դարձավ ռեկտոր: Իսկ ի՞նչ կատարվեց թղթակից անդամի ընտրություններում. պրն Սիմոնյանը դարձյալ մեկ ճակատագրական ձայնի տարբերությամբ դարձավ թղթակից անդամ: Բայց իրականում այդ մեկ ձայնն էլ չի եղել: Եվ հաշվիչ հանձնաժողովին մնում էր օգտվել անվավեր քվեաթերթիկներից: Իսկ քվեատուփում այդ ժամանակ եղել է 1 թե 2 քվեաթերթիկ, որոնց մեջ «դեմ» շարքի ողջ երկարությամբ, վերեւից ներքեւ ուղիղ գիծ է քաշված եղել: Այսինքն՝ այդ երկար գիծը ոչ մի դեպքում չէր կարող նշում համարվել, սակայն հաշվիչ հանձնաժողովն ստիպված է եղել գիծը դիտարկել իբրեւ բոլորին դեմ կամ, այլ խոսքով՝ բոլորին կողմ: Եվ այդպիսով՝ Արամ Սիմոնյանի համար ապահովվել է պահանջվող մեկ ձայնը: Եվ չէր էլ կարող այդպես չարվել, որովհետեւ կառավարությունից նրա համար հատուկ տեղ էր իջեցվել: Իսկ այդ մի տեղն իջեցվել էր, ի դեպ, իրավագիտություն մասնագիտության տարիքային սահմանափակմամբ (մինչեւ 51 տարեկան) տեղի համար, հետո կառավարությունն այն վերցրել ու ավելացրել էր պատմության մեկ տեղին, որովհետեւ թեկնածուների մեջ էր նաեւ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը, ում հետ պայքարում, բոլորն էլ գիտակցում էին՝ Ա. Սիմոնյանը դժվար թե հաղթեր: Իսկ իրավագիտության՝ երիտասարդներին հատկացված տեղին, ի դեպ, իր հերթին հավակնում էր մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, սակայն այդ տեղն այդպես էլ թափուր մնաց: Եվ այսքանից հետո ինչպե՞ս կարող էին մեր թղթակից անդամներն ու ակադեմիկոսները մերժել վարչապետին ու չընտրել Արամ Սիմոնյանին:

Վերջինիս օգտին էր աշխատում նաեւ ԳԱԱ այն փորձագիտական հանձնաժողովը, որը նախապես ռեյտինգավորում է թեկնածուներին՝ նրանց հետ զրուցելու, նրանց գործերն ուսումնասիրելու, մի խոսքով՝ քննության պես մի բան անցկացնելու արդյունքում: Իսկ ո՞վ էր այդ հանձնաժողովի ղեկավարը. ոչ ավել, ոչ պակաս՝ ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը՝ Արամ Սիմոնյանի հայրը, ով էլ իր որդու մասին եզրակացություն է կազմել ու ներկայացրել հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունք:

Այսպիսով՝ Արամ Սիմոնյանի օգտին աշխատել են, ինչպես ասում են, «օտ ի դո»: ՀՀ վարչապետը ԳԱԱ թղթակից անդամների շարքում միայն իր կուսակից Ա. Սիմոնյանին չէ, որ ուզում էր տեսնել: Այս եւ ակադեմիական այլ կրքերի մասին կարդացեք մեր առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել