Տնտեսվարողները չհիմնավորված գին կիրառելու համար նախազգուշացվեցին
«Ձվի ինքնարժեքը 32 դրամ է, բայց շուկայում այն վաճառվում է 71 դրամով, մի ապրանքի մեջ 120% շահութաբերությամբ են աշխատում: Մարդ մի քիչ նամուս պիտի ունենա»,- երեկ հրավիրած նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն այսպես «թասիբի» էր գցում թռչնաբուծական ֆաբրիկաներին, որ 5 օրվա ընթացքում հավի ձվերի գները շուկայում իջեցնեն ու գերշահույթներ ստանալու նպատակով Նոր տարվա նախաշեմին մարդկանց ավելորդ ծախսի տակ չգցեն: Հիշեցնենք, որ հանձնաժողովի մասնագետները հավի ձվի, մսամթերքի, շաքարավազի, գարեջրի, ցեմենտի եւ մի շարք այլ շուկաներում ուսումնասիրություններ էին արել ու հայտնաբերել, որ որոշ տնտեսվարողներ չհիմնավորված գին են կիրառում: Նիստին ներկա «Ֆլեշ», «Կիլիկիա գարեջուր», «Միկացեմենտ» ընկերությունների եւ Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի ներկայացուցիչներն իրենց արդարացնում էին, որ ոչ մի գերշահույթ էլ իրենք չեն ստացել:
Օրինակ՝ Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի վաճառքի տնօրեն Տիգրան Կարապետյանը պնդում էր, որ իրենց արտադրած ձուն թանկացել է ընդամենը 5%-ով եւ պատճառն այն է, որ Ուկրաինայից եւ Մոլդովայից ներկրվող հավի կերի գինը մոտ 80%-ով բարձրացել է: Սակայն նույն թռչնաֆաբրիկայի փոխտնօրեն Գոհար Ավետիսյանը հավի գների բարձրացման հետ կապված «Առավոտի» հարցին պարզաբանումներ տալիս նշել էր, որ կերը շուկայում բարձրացել է ոչ թե 80%-ով, ինչպես երեկ ասում էր Տ. Կարապետյանը, այլ 60%-ով:
Նույնն էլ ցեմենտի դեպքում է: Ըստ հանձնաժողովի, ցեմենտի ինքնարժեքը ցածր է, ձեռնարկությունը որպես վաճառքի գին ներկայացնում է 1 տոննան 28 հազար դրամ, բայց շուկայում այն վաճառվում է 40 հազար դրամով: «Միկացեմենտի» տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ «շուկայում մենք չենք վաճառում եւ վաճառողների վրա ազդելու ոչ մի լծակ չունենք»: Մինչդեռ «Միկայի» ցեմենտը 40 հազար դրամով վաճառվում է նաեւ «Միկայի» բենզալցակայաններում ու այս դեպքում ձեռնարկությունը հաստատ լծակներ ունի ազդելու իրացնողի վրա: Թեեւ թե՛ «Միկա» բենզալցակայանի, թե՛ «Միկացեմենտի» սեփականատերը նույնն է, բայց Ն. Մարտիրոսյանը փորձում էր համոզել, որ իրենք լրիվ անկախ ընկերություններ են եւ իրար հետ գործ չունեն: «Միկացեմենտի» վրա 1 տոննա ցեմենտն արժենում է 24 հազար դրամ: Բայց հաշվի առնելով, որ «Միկայի» բենզալցակայանն էլ 40 հազար դրամով է ցեմենտը վաճառում, փաստորեն, ընդհանուր առմամբ շահույթը նույն գրպանն է մտնում: Հանձնաժողովը նախազգուշացրեց չհիմնավորված գնային քաղաքականություն վարող տնտեսվարողներին, որ 5-օրյա ժամկետում ապրանքների իրացման գները վերանայեն:
Երեկ նաեւ քննարկվեց ավիավառելիքի ճգնաժամի հետ կապված հարցը: Թե՛ հանձնաժողովը, թե՛ Քաղավիացիան գտնում էին, որ օդանավակայանը, իրոք, իր պարտավորությունները չի կատարել եւ նոր մատակարար գտնելու համար մրցույթ չի հայտարարել:
Ըստ հանձնաժողովի, Քաղավիացիան էլ խնդրի կարգավորման համար համապատասխան քայլեր չի ձեռնարկել, հակառակ դեպքում՝ «Արմենիա միջազգային օդանավակայանները» (ԱՄՕ), որը «Զվարթնոցին» ավիավառելիքով ապահովելու բացառիկ իրավունք ուներ, այսքան ժամանակ որեւէ պատասխանատվության կենթարկվեր: Քաղավիացիայի գլխավոր վարչությունը պետության կողմից լիազոր մարմինն է՝ կարգավորելու վառելիքի հետ կապված պրոբլեմները, բայց երեկ վարչության պետի տեղակալ Արտաշես Բախշյանը հայտարարեց, որ ԱՄՕ-ի հետ պայմանագիրը կնքել է կառավարությունը, իրենք կողմ չեն հանդիսանում եւ օդանավակայանի վրա ազդելու լծակներ չունեն: Ստացվում է, որ վարչապետը, որը ստորագրել է պայմանագիրը, պետք է ինքն էլ պատասխան տա ճգնաժամի համար: