Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՂՈՒԿԻՆ ՋՈՒՐ ՉԵՆ ՏԱԼԻՍ

Դեկտեմբեր 20,2006 00:00

\"\"Մարդիկ ստիպված այն գետի ջուրն են խմում, որտեղից օգտվում են նաեւ գյուղի անասունները

Արդեն երկու շաբաթից ավելի է՝ Սյունիքի մարզի Ծղուկ գյուղը խմելու ջրից զրկված է: Գյուղի բնակիչները ճարահատյալ խմելու եւ կենցաղային նպատակով օգտագործում են գյուղի մերձակայքով անցնող գետի ջուրը, որը, ըստ Ծղուկի բնակիչների, համեմված է անասունների կեղտաջրերով ու կոյուղաջրերով: Գյուղի բնակիչների խոսքերով, իրենք այլեւս ի վիճակի չեն խմել գետի ջուրը, քանի որ այն խիստ վտանգավոր է առողջության համար, գյուղում արդեն շատ բնակիչներ, հատկապես երեխաները, այդ կասկածելի բաղադրությամբ ջրից աղիքային ինֆեկցիաներ են ստացել: Գյուղացիները համոզված են՝ եթե այդպես շարունակվի՝ Ծղուկում ինֆեկցիոն հիվանդությունների համաճարակ կսկսվի:

Բանն այն է, որ այս էլ որերորդ անգամ «Հայջրմուղկոյուղու» Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի ջրմուղը Ծղուկի ջուրը կտրում է՝ բնակիչներին թողնելով գետի հույսին: Ջրմուղն իր այդ քայլը գյուղացիներին պատճառաբանել է, որ Ծղուկը «Հայջրմուղկոյուղու» սպասարկման գոտում չի գտնվում, հետեւաբար բնակիչները ընկերության բաժանորդ չեն եւ ջուրն ապօրին են օգտագործում: Գյուղի բնակիչների ներկայացմամբ՝ ինչ է թե գյուղացիները ջրմուղի հետ պայմանագիր չեն կնքել եւ ջրաչափ չեն տեղադրել, Սիսիանի ջրմուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը Ծղուկով անցնող ջրատար խողովակը եռակցել է տվել եւ մարդկանց խմելու ջրից զրկել է. «Փոխարենը այս օրերին խմելու ջուրն անտեղի գնում-լցվում է ձորը, բայց բնակիչներին թույլ չեն տալիս օգտվելու»: Ծղուկցիները ջրմուղի պետի այդօրինակ ծայրահեղ քայլը պայմանավորում են նրանով, որ Ջ. Մարգարյանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ մոտ է, ուստի մարզպետը Մարգարյանի հետ չի թարսվի եւ մարզի որեւէ գյուղի ջուր չտալու համար նրա խաթրին չի կպչի: Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Հայջրմուղկոյուղու» Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը չհերքեց, որ Ծղուկի ջուրը միտումնավոր կտրել է, սակայն պարոն Մարգարյանը մարզպետի հետ մտերմությունից հրաժարվեց՝ «Նա իմ վերադասն է, մեր միջեւ ընդամենը նորմալ աշխատանքային հարաբերություններ են, այդքան բան: Ես մտերիմ միայն մի մարդ ունեմ, դա իմ կինն է»: Որ Ջ. Մարգարյանը մարզպետի մտերիմներից է, վկայում է նաեւ այն, որ նա Սյունիքի մարզում մեկի փոխարեն երկու աչքի ընկնող պաշտոն է զբաղեցնում: Ջ. Մարգարյանը ջրմուղի տնօրեն լինելուց բացի, Սիսիանի էլեկտրացանցի պետն է:

Ծղուկի բնակիչների բողոքին ի պատասխան, ջրմուղի պետն այսպես պարզաբանեց. «Արդեն 3 տարի է ջրմուղի եւ Ծղուկի բնակիչների միջեւ այս հակամարտությունը կա: Այդ գյուղի ջուրն արդեն 8-րդ անգամ ենք անջատում, քանի որ նրանք մեր բաժանորդը չեն: Մինչեւ «Հայջրմուղկոյուղու» հետ պայմանագիր չկնքեն եւ ջրաչափեր չտեղադրեն, մենք չենք կարող իրենց ջուր տալ: Քանի որ ջրի ընդհանուր խողովակը Ծղուկով է անցնում, մինչ այժմ գյուղացիները ջուրը գողացել են։ Արդեն 4 ամիս է՝ բնակիչների հետ բանակցում ենք, բայց նրանք չեն համաձայնվում մեզ հետ պայմանագիր կնքել: Չեն ուզում, որովհետեւ բաժանորդ դառնալու դեպքում ստիպված կլինեն ջուրը խնայողաբար օգտագործել: Մեր հաշվարկներով, այդ գյուղն ամսական 100 հազար տոննա ջուր է օգտագործում, ինչի դիմաց ոչ մի կոպեկ չի վճարում»:

Ծղուկցիների խնդրին նաեւ քաջատեղյակ էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Մեր հարցին, թե պարոն Խաչատրյանն ինչ քայլեր է ձեռնարկում Ծղուկի ջրի խնդիրը լուծելու համար, հատկապես որ տարին նախընտրական է եւ շատ հնարավոր է, որ գյուղացիները նեղանան հանրապետական մարզպետից ու ընտրությունները բոյկոտեն, Ս. Խաչատրյանն ասաց. «Նման բան հնարավոր չէ, սյունեցիները միշտ էլ պարտաճանաչ բոլոր ընտրություններին մասնակցում են: Ես մոտ օրերս պետք է այցելեմ Ծղուկ՝ անձամբ այդ հարցով զբաղվելու: Բացի այդ, դեռեւս 1998-ին ես եմ 14 գյուղերի, այդ թվում եւ Ծղուկի ջրի հարցը լուծել: Այժմ նրանց ներքին ջրային ցանցը, որով կարող են ջուր ստանալ աղբյուրներից, մաշված է եւ մեծ ծախսերի հետ է կապված: Գյուղացիները պահանջում են այդ ցանցը վերանորոգել, բայց չեն գիտակցում, որ եթե պետությունը գումարներ ներդնի իրենց ներքին ցանցը վերականգնելու համար, շահագործումը կրկին հանձնելու է «Հայջրմուղկոյուղուն», ինչի պարագայում էլ նրանք պիտի վճարեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել