ՀՀ նախագահի այն արձանագրումը, որ մինչ խորհրդարանական ընտրությունների ավարտը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացն ինտենսիվ չի լինելու, չի ենթադրում բանակցությունների դադարեցում: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հավելելով, որ բանակցային գործընթացը շարունակվելու է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով: Նա նշեց, որ թեեւ այդ հանդիպումների պարբերականությունն ու հրապարակայնությունը որոշ չափով կնվազեն, սակայն «բովանդակային բանակցությունները կշարունակվեն»: Պատասխանելով Իրան-Հայաստան գազատարին վերաբերող հարցին՝ Վարդան Օսկանյանը չբացառեց դրա 40 կիլոմետրանոց հատվածի (Քաջարան-Մեղրի) շահագործման իրավունքը «ՀայՌուսգազարդ» ընկերությանը հանձնելու հնարավորությունը: «Որքան ես տեղյակ եմ, եւ այդ մասին ես ասել եմ նաեւ իրանական կողմին, դեռեւս չի կայացվել «ՀայՌուսգազարդին» դրա շահագործման իրավունքի հանձնման մասին որոշում: Սակայն չի կարելի բացառել, որ վերջիվերջո կընդունվի ամենատրամաբանական որոշումը, եւ այդ իրավունքը կհանձնվի «ՀայՌուսգազարդին»,- պարզաբանեց ԱԳՆ ղեկավարը: Նա հիշեցրեց, որ «ՀայՌուսգազարդը» ներկայումս մասնակցում է Հայաստանի գազային բոլոր նախագծերին, եւ անիմաստ համարեց նոր հատվածի կառավարման համար նոր կոնսորցիումի կամ այլ կազմակերպության ստեղծումը: Ինչ վերաբերում է իրանական կողմին, ապա, ըստ Օսկանյանի, Թեհրանում եւս շահագրգռված են մասնակցություն ունենալ իրենց կողմից մատակարարվող գազին առնչվող ցանկացած նախագծում: «Կարծում եմ՝ իրանական կողմի հետ բանակցությունների արդյունքում կարելի է հանգել օպտիմալ որոշման»,- ասաց ՀՀ արտգործնախարարը: Ամփոփելով թեման՝ բանախոսը տեղեկացրեց, որ թեեւ հիշյալ գազատարի բացումը նախատեսված էր դեկտեմբերի 26-ին (այն տեխնիկապես պատրաստ է), դեռեւս չեն ավարտվել փորձարկումները: Ըստ այդմ, իրանական կողմը դրանք կանցկացնի սեղմ ժամկետներում, ինչից հետո էլ տեղի կունենա գազատարի բացումը: