Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՐԱՆՔ ԶԻՆՎՈՐ ԷԻՆ, ԵՐԲ ԵՍ «ԿԱՄԱՆԴՈՒՅՈՒՇՉԻ» ԷԻ»

Դեկտեմբեր 20,2006 00:00

\"\"«Ղարաբաղյան պատերազմի վետերանների երկրապահ միության» ղեկավար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնող խմբի անդամ Արկադի Կարապետյանը (դաշնակ Ագո) հակադարձում է մեղադրանքներին:

Պատասխանելով Մանվել Գրիգորյանին

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը լրագրողներին ասել էր, որ Արկադի Կարապետյանը մեկ ամսով է Ղարաբաղում հրամանատարություն ստանձնել. «Ագոն 1991 թվից էս յան ոչ մի գործունեություն չի ունեցել բանակի հետ: Կանոնավոր բանակի ստեղծման համար անձամբ ես նմանատիպ մարդկանց չեմ ճանաչել, չեմ հանդիպել: Ոչ էլ պատերազմի դաշտում: Ես ում ճանաչում եմ հրամանատար՝ էսօր բանակում են, բացի Սամվել Բաբայանից»:

Արկադի Կարապետյանն ի պատասխան ասաց. «Նախ՝ բոլոր կռված տղաներին ընկեր էի համարում: Բայց չափն իրենք անցան: Ինչպես Մանվելն է ասում, ողորմի իր պապերին, մեր բոլորիս պապերին էլ: Երկրորդը՝ Մանվելը երբեք նախարար չի եղել եւ չգիտի, թե բանակում ինչ է կատարվել: Իր առջեւ նեղ խնդիր է եղել դրված, եւ ինքն այդ նեղ խնդիրն է կատարել: Երբ ես «կամանդույուշչի» էի՝ Մանվելն ընդամենը մի ջոկատի հրամանատար էր: Ինքն ինձ լավ է ճանաչում, բայց դե՝ չճանաչելու տեղ է դնում. Աստված իր հետ: Երեւի շուտով ես էլ մի հոդվածով հանդես գամ եւ այնտեղ կհրապարակեմ Վազգեն Սարգսյանի ձեռքով գրվածը, որ 1990-1991-ին ես եղել եմ Ղարաբաղի պաշտպանության ջոկատների ընդհանուր հրամանատար: Դա մի անգամ հրապարակվել է թերթում՝ հատուկ Մանվելների համար: Գրել-կարդալ կարող է չգիտի կամ էլ՝ թերթ չի կարդում: Թող հիմա կարդա Վազգենի ձեռքով գրվածը: Սա՝ ինչ վերաբերում այդ «1 ամսվա հրամանատարությանը»: Այդ ժամանակ մեզ ոչ ոք չէր նշանակում՝ մենք էինք որոշում: Եվ Մանվելն այդ «կռուգի» մեջ չէր մտնում, իրենից ոչինչ կախված չէր՝ «Նեուլովիմի Ջո»-ի պատմության պես: Դրա համար ինքը կարող է չիմանա էլ: Եթե Ղարաբաղում որեւէ մեկը չգիտի, թե ես ո՛վ եմ եղել ու ի՛նչ եմ արել՝ ուրեմն, նա կա՛մ պատվեր է կատարում ու ստում, կա՛մ ընդհանրապես չի եղել ԼՂ-ում եւ ստում է, կա՛մ էլ նա ընդհանրապես հայ չի: Նոր սերնդի մասին չեմ ասում, այլ այն մարդկանց, ովքեր շարժմանը մասնակցել են, եւ եթե ինձ չգիտեն, ուրեմն՝ այլ մոլորակից են»:

Պատասխանելով Սեյրան Օհանյանին

ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ ԵԿՄ համագումարում հայտարարել էր, թե Արցախում գործում է միայն «Արցախի ազատամարտիկների միությունը», որի վարչության ղեկավարն է ինքը: Եվ ակնարկելով «Ղարաբաղյան պատերազմի վետերանների երկրապահ միությունը»՝ ասել էր, թե այն չի գործում, մինչդեռ դրա անունից հայտարարություններ են արվում. «Մարդիկ, որոնք միգուցե նաեւ մեր շարժման ակտիվիստներից են եղել, իրենց վերապահում են հայտարարություններ կատարել միության, նախկին ազատամարտիկների եւ բանակի հրամանատարության անունից»:

Արկադի Կարապետյանն առարկեց. «Ես երբեւիցե հանդես չեմ եկել Սեյրանենց կազմակերպության անունից եւ չեմ էլ ուզում հանդես գալ: Մեր կազմակերպությունն ավելի շուտ է ստեղծվել, քան իրենք: Ինչո՞ւ երկրորդը ստեղծեցին՝ գային, մեզ հետ խառնվեին, իրենք ընտրվեին ղեկավար: Վախենում էին՝ չընտրվեին, չեկան: Եվ մեր կազմակերպությունը գործում է: Պարտադիր չէ, որ գրասենյակ ունենանք: Նույն կերպ մենք գործում էինք 1975-ին, 1980-ին, 1987-ին… Ինքը չգիտի էլ՝ տեղյակ չի, թե Ղարաբաղում ինչ է կատարվել: Մարդը միշտ չինովնիկ է եղել, եւ գիտի, թե «գործելը» նշանակում է, որ նախագահը մեջքիդ «փեչադ» է դնում ու դու գործում ես: Այդպես չի:

Ես բանակի անունից հանդես եմ եկել այն ժամանակ, երբ եղել եմ «կամանդույուշչի»: Դրանից հետո երբեք չեմ խոսել բանակի անունից»:

Մեր դիտարկմանը, թե գուցե առիթ են դարձել իր հայտարարությունները, որ առաջիկայում Ղարաբաղում կարող է «լուրջ շարժում» սկսվել տարածքների վերադարձման դեմ՝ Արկադի Կարապետյանն այսպես արձագանքեց. «Հա, բայց շարժում սկսելն ի՞նչ կապ ունի իր կազմակերպության հետ: Տեսեք, թե Հայաստանում ազատամարտիկների քանի կազմակերպություն կա: Ինչո՞ւ որեւէ մեկը չի բողոքում եւ բան չի ասում: Ղարաբաղում իրավունք չունե՞նք ազատամարտիկների թեկուզ 10 կազմակերպություն ունենալ: Բա չե՞ն ասում, թե ժողովրդավարական երկիր ենք կառուցում, Սահմանադրություն ընդունեցինք: Հիմա ինչի՞ց է նեղանում:

Եվ երկրորդը՝ եթե խոսենք, թե ով, որտեղ է եղել… Սեյրանը 1992-ի սեպտեմբերի 3-ին վիրավորվել է, գնացել բուժման եւ վերադարձել 1993-ի նոյեմբերին, երբ որ պատերազմը համարյա վերջացել էր: (Նաեւ հիշատակեց. «Սերժ Սարգսյանն էլ է 1992-ին դուրս եկել: Եսիմ որ թվին հետ եկավ, երբ արդեն Աղդամն ազատագրել էինք: Հիմա խոսում է Աղդամի մասին».- Ա. Ի.) Սեյրանին նշանակեցին շտաբի պետ: Եվ ճիշտն ասած՝ մեր ժամանակ շտաբի պետն այն ժամանակ ընդունվում էր որպես գրող-ջնջող, ոչ թե կռվող: Հետո՝ նրա առջեւ Մարտունու եւ Հորադիզի խնդիրն է դրված է եղել՝ Հորադիզն էլ հետ տվեց, Մարտունու ահագին տարածքներից էլ հիմա թուրքերի ձեռքն է:

Ուզում եմ ասել, որ եթե մարդն ուզում է մեկի մասին խոսել, թող նախ իրեն նայի, նոր խոսի, էլի: Սովետական 360-րդ գունդը մասնակցել է Գետաշենի, Շահումյանի, Ազատի եւ Կամոյի հայաթափմանը: Այնտեղ մեր տղաները սովետական զորքի կողմից լսել են հայերեն հրամաններ ու հայհոյանքներ: Սեյրան Օհանյանն այնտեղ գումարտակի հրամանատար էր: Չեմ կարող պնդել՝ ինքը մասնակցե՞լ է, թե՞ ոչ. տվյալներ չունեմ: Բայց որ իր գումարտակը մասնակցել է՝ փաստ է:

Ի վերջո, Սեյրանը Միշա Ապրեսյանի մոտ զինվոր է եղել, երբ մենք «կամանդույուշչի» էինք: Ինքը չգիտեր՝ հա՞յ է, թե՞ չէ՝ մենք շարժում էինք ծավալում Ղարաբաղում, մարդկանց մեր հետեւից տանում: Հիմա ինչ-որ փուլում եկավ-մտավ շարժման մեջ եւ ՊՆ նախարար է: Բայց ինձ ի՞նչ, որ նախարար է: Թող իրենով զբաղվի եւ մնացածներին գնահատական չտա»:

Պատասխանելով Արկադի Ղուկասյանին

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը Սեյրան Օհանյանի դիրքորոշմանը համահունչ տեսակետ էր հայտնել՝ նշելով. «Արկադի Կարապետյանի գործունեությանը շատ անլուրջ եմ վերաբերվում, որովհետեւ չգիտեմ, թե ում եւ ինչ է նա ներկայացնում: Եթե չեմ սխալվում, այդ կազմակերպությունը գոյություն ունի միայն թղթի վրա, այնտեղ ընդգրկված են 4-7 մարդ»:

Արկադի Կարապետյանը պատասխանեց նույն ոգով. «Ճիշտն ասած, ես էլ եմ իր գործունեությանն անլուրջ վերաբերվում: Ու գտնում եմ, որ ինչքան իրենք մնան իշխանության, այնքան մեր պետությունը գտնվելու է անցումային փուլում: Այդ մարդիկ կյանքի հետ կապ չունեն՝ թղթերի հետ գործ ունեն»:

Պատասխանելով Ժիրայր Սեֆիլյանին

«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության խորհրդաժողովում Ագոյի կուսակցական նախկին ընկեր Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր. «Այսօր տեսնում ենք քաղաքական դաշտում ամեն օր մի նոր օղակ, խնդրեմ, լավ խոսքեր են ասում՝ «ավլելու ենք, սրբելու ենք դաշտը», ո՞նց, գնացեք մի հատ սրբեք՝ տեսնենք, Ռոբերտ Քոչարյանին ո՞նց եք սրբելու, ինչպե՞ս եք սրբելու: Ո՞ւմ եք խաբում, այսինքն՝ ի՞նչ, հերթական անգամ ժողովրդին տանենք Բաղրամյան փողոց եւ նորից ժողովրդին ծեծեն ու չկարողանա՞նք պաշտպանել: Սա ուղղակի անհեթեթություն է»:

Սեֆիլյանին Արկադի Կարապետյանն ամենամեղմը պատասխանեց՝ հաշվի առնելով, որ նա այժմ կալանավորված է. «Եթե ինքը մտածում է, թե ժողովրդին հերթական անգամ ծեծելու են, ինքն ինչո՞ւ է ընդհանրապես այստեղ ապրում: Որ նայի, թե ո՞նց են ժողովրդին հերթական անգամ ծեծում: Սահմանադրության համաձայն՝ իշխանությունը ժողովրդինն է, ինքն է տերը երկրի: Բայց թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը խոսում են ժողովրդին ծեծելուց: Ո՞նց կարելի է տիրոջը ծեծել: Աբսուրդ երկիր է ստացվում:

Անձամբ ես ուզում եմ, որ այս շարժման մեջ ժողովուրդը հավաքվի: Կարող է՝ չկարողանանք հավաքվել: Բայց խնդիր չենք դրել, որ միտինգ անենք, ժողովրդին ծեծեն կամ եսիմ ինչ անեն եւ այլեւս չհավատա: Բոլո՛րս համախմբման գործը կազմակերպենք: Բայց եթե բոլորը Ժիրոյի նման մտածեն՝ պարզ է, որ ոչինչ չի լինի: Եթե նստեն կողքից նայեն ու սպասեն, թե Ագոն ոնց է ավլելու: Ես հո խնդիր չե՞մ դրել՝ ե՛ս ավլեմ: Եթե ժողովուրդը չավլի՝ ես ո՞վ եմ: Եթե բոլորս մեր հավակնությունները կողքի ենք դնում, իրար հետ համախմբվում՝ այդ գործը կարվի: Ուզում եմ, որ ինչպես 1988-ին շարժում եղավ, ազգը կարողացավ միանալ՝ հիմա էլ այդպես լինի: Ինձ թվում է՝ հիմա էլ է կարողանալու: Ես դրան հավատում եմ: Եթե չստացվի, ուրեմն՝ էս ազգն արժանի է, որ չստացվի: Եթե ստացվում է, ուրեմն՝ տո՛, միտինգ էլ կլինի, տո՛, ամեն ինչ էլ կլինի, տո՛, ծեծող էլ չի լինի, տո՛, ծեծողին էլ կքաշենք մեր կողմը, եւ ի վերջո՝ տո՛, ծեծողին էլ կծեծի էդ նույն ժողովուրդը»:

Պատասխանելով Վահան Հովհաննիսյանին

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման մասին ասել էր. «Երկրի ներքին կայունությունն առաջնահերթություն է մեր ժողովրդի համար: Դրա համար անհնազանդություն կարելի է արտահայտել միայն այն դեպքում, եթե իշխանությունների գործողություններն ակնհայտորեն վնասում են ազգային եւ պետական շահերին: Այդպիսի ակնհայտ վնաս, սպառնալիք ես չեմ տեսնում»:

«Ինքը չի տեսնում՝ ես տեսնում եմ,- առարկեց Արկադի Կարապետյանը:- Տարրական բաներ եմ ասում՝ էս ժողովուրդը որ սենց թափով գնում է, որ իրենց տվյալներով՝ մի ընտանիքն ունի 1,6 երեխա՝ ի՞նչ կայունության մասին է խոսքը: Սա կայունություն չի, լճացում է, մեռնելո՛ւ ենք գնում: Կայունությունը, եթե մարդու օրինակով ասեմ՝ այն է, երբ նա առողջ է, գործունակ, նյարդերը հանգիստ են: Բայց եթե մարդը մեռնում է՝ ի՞նչ կայունություն: Մեր պետությունն այսօր այդ վիճակին է: Ինձ նման կայունություն պետք չի: Ինքն այդպես է է կյանքը տեսնում, իսկ ես այդպես եմ հասկանում: Գիտեմ, որ ընտրությունները կեղծվելու են: Եվ օր առաջ կարողանանք հասնել նրան, որ իշխանությունները հրաժարական տան՝ ինձ ձեռք է տալիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել