Պետք չէ ԼՂ-ում անցկացված սահմանադրական հանրաքվեին միջազգային կառույցների արձագանքն ընկալել որպես ժողովրդավարական գործընթացներին հասցեագրված բացասական արձագանք:
Այս մասին Երեւանում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումից հետո: «Մենք գիտակցում ենք, որ Լեռնային Ղարաբաղում կա ժողովրդավարական մշակույթի բարձր աստիճան, եւ դա դրական է: Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա այն իր մեջ ներառում է սկզբունքային պահեր, որոնց մենք չենք կարող համաձայնել, քանի որ դրանք կանխորոշում են բանակցությունների ընթացքում լուծման ենթակա հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- ասել է Սեմնեբին: Ըստ նրա, ժողովուրդների ինքնորոշման իրավունքն այն սկզբունքներից է, որոնք պետք է հիմնարար լինեն ղարաբաղյան եւ համանման այլ հակամարտությունների կարգավորման համար, սակայն, Հելսինկյան եզրափակիչ ակտի համաձայն, պակաս կարեւոր չէ նաեւ «պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը»:
Թեեւ Փիթեր Սեմնեբին հրաժարվել է մեկնաբանել ինտենսիվ բանակցությունները դադարեցնելու մասին Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունը, այնուամենայնիվ, նա այդ բանն արել է անուղղակիորեն: «Ցանկանում եմ Եվրամիության եւ միջազգային ողջ հանրության անունից ասել. մենք ակնկալում ենք, որ բանակցային գործընթացի այն ինտենսիվացումը, որին ականատես ենք արդեն մի քանի շաբաթ, կշարունակվի»,- հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը:
Իր հերթին, Սեմնեբիի հետ ունեցած հանդիպումից հետո ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը հիշեցրել է, որ կարգավորումն անհնար է առանց բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցության: «Կարծում եմ, որ բանակցային գործընթացն անհրաժեշտ է, շփումները պետք է շարունակվեն, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ հանդիպումները կարեւոր են: Սակայն ցանկանում եմ կրկնել այն բանաձեւը, որի մասին բազմիցս խոսել եմ՝ առանց ԼՂ-ի մասնակցության հարցն անհնար կլինի լուծել: Այլ ուղի պարզապես չկա»,- ասել է Արկադի Ղուկասյանը:
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի վերոհիշյալ հայտարարությունն արդեն արձագանքներ է հարուցել նաեւ Ադրբեջանում: «Անցկացվելիք ընտրությունների կապակցությամբ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը կանգնեցնելու մտադրության մասին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը հերթական ապացույցն է այն բանի, որ հայկական կողմն անկեղծ չէ՝ հայտարարելով հիմնախնդրի հնարավորինս արագ լուծման մեջ իր շահագրգռության մասին»,- մասնավորապես նկատել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: