Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվետվություն՝ մրցանակաբաշխությունից հետո

Դեկտեմբեր 19,2006 00:00

\"\"Ազգային երաժշտական մրցանակաբաշխության առիթով երեկ հրավիրված ասուլիսին միջոցառման «գլխավոր դերակատար» կոմպոզիտոր
Արթուր Գրիգորյանը ներկա չէր:

Դեկտեմբերի 14-ին Օպերային թատրոնում կայացած Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունից հետո «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսին ներկա էին Հ1-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթողներից մեկը՝ Էմմին, «Լավագույն երգիչ» ճանաչված ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն եւ «Տարվա հայտնություն» հռչակված Սիլվա Հակոբյանը:

Ասուլիսի սկզբում «Առավոտի» ռեպլիկին, թե ինչու ներկա չէ կայացած մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ, կոմպոզիտոր, հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների (որոնք մուտք ունեն Հ1 եւ վերջինիս «դուստր-ձեռնարկություն»՝ «Նոր ալիք») «պապան»՝ Արթուր Գրիգորյանը, Հ. Քեշիշյանը պատճառաբանեց կոմպոզիտորի զբաղվածությամբ: Իսկ մեր հարցերը որոշել էինք ուղղել հենց պրն Գրիգորյանին: Հարցերից ամենագլխավորը տարիներ շարունակ Հ1-ով ու «Նոր ալիքով» հրամցվող ցածրակարգ երգերին էր վերաբերում: Այս առիթով Հ1-ի գլխավոր պրոդյուսերն ասաց, որ ցուցադրվող տեսահոլովակներն ու երգերը իրենց մոտ «ֆիլտրվում» են, իսկ հեռուստադիտողը լսում է միայն բարձրակարգ երգեր: Հետո էլ ասվածին հավելեց. «Ֆելինին ժամանակին ասել է. չե՞ք ուզում՝ մի նայեք իմ ֆիլմերը»:

Մեր հետաքրքրությանը՝ մրցանակաբաշխությունից հետո արդյո՞ք իրեն անձամբ փոխանցվել է կամ գոնե ականջին հասել է անվանակարգերում ներկայացված, բայց չհաղթած այս կամ այն կատարողի վրդովմունքը, Հ. Քեշիշյանը նշեց. «Փառք Աստծո, որ մերոնք իրար չեն ուտում, բայց տեսեք, թե ինչեր են կատարվում դրսում»:

Հայկոյից էլ հետաքրքրվեցինք՝ «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում ներկայացված Միստր X-ին ինքը արժանի մրցակից համարո՞ւմ է, երգիչն ասաց. «Անշուշտ, Միստր X-ը պրոֆեսիոնալ երգիչ է»: Միջամտելով Հայկոյին, Հ. Քեշիշյանն էլ նշեց, որ Միստր X-ը կարողանում է դահլիճներ լցնել Հայաստանում եւ արտերկրում, իսկ դա խոսում է նրա երկրպագուների մեծաթիվության մասին:

Մեր հարցին՝ ճի՞շտ եք համարում, որ Տարվա լավագույն երգչուհի հռչակվեցին միանգամից երկուսը՝ Էմմին եւ Հասմիկ Կարապետյանը, Հ. Քեշիշյանը պատասխանեց. «Դա, ի վերջո, ժյուրիի որոշումն էր: Իսկ իմ կարծիքով՝ այո, այս անվանակարգում պետք է հաղթեր միայն մեկը»: Իսկ թե կոնկրետ երգչուհիներից ո՞վ՝ պրոդյուսերը չասաց, հավանաբար Արթուր Գրիգորյանի նման չուզենալով նեղացնել նրանցից որեւէ մեկին: Այս հարցի պատասխանը ակնկալում էինք նաեւ Էմմիից: Երգչուհու փոխարեն պատասխանեց նրա հայաստանյան պրոդյուսերը՝ մայրը՝ Նադեժդա Սարգսյանը (Էմմին ունի նաեւ գերմանացի պրոդյուսեր՝ Ուլի դել Անտոնիոն): «Ես ուզում եմ բարձրաձայն ասել, որ նոմինացիաների հաղթողներին նախօրոք որոշել էր Արթուր Գրիգորյանը: Ուրախ եմ, որ դուստրս ճանաչվել է Տարվա լավագույն երգչուհի, թեեւ մենք Արթուր Գրիգորյանի «կոալիցիայից» չենք: Մյուս կողմից, գտնում եմ, որ ճիշտ չէ նույն նոմինացիայում ներկայացված երկու երգչուհիների միջեւ հաղթանակը կիսելը: Աշխարհում ոչ մի երկրում լավագույնի մրցանակը չի կիսվում: Երազում եմ, որ մի օր հայաստանյան մրցույթները գոնե մոտենան եվրոպական ստանդարտներին»,- ասաց տիկ. Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել