Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ՊԱՏԱՍԽԱՆՆ Է ԻՄ ՀԱՍՑԵԻՆ ՀՆՉԵԼԻՔ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ»

Դեկտեմբեր 19,2006 00:00

\"\"Հարցազրույց երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ

Օրերս ավարտվեց Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, որը ամեն տարի անցնում է նույն սցենարով, ու էկրանին հանդիսատեսը մշտապես տեսնում է նույն դեմքերը: Մրցանակաբաշխությանն այս տարի չմասնակցեց 2004-ին Լավագույն երգչուհի ճանաչված Քրիստինե Պեպելյանը, որն այդ տարի միայն զորամասերում շուրջ 30 համերգ էր ունեցել:

– Ինչո՞ւ չմասնակցեցիք Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը:

– Չմասնակցեցի, որովհետեւ չցանկացա…Չցանկացա, որովհետեւ վիրավորված եմ: Զգացի, որ այս տարվա նոմինացիաների հետ ինչ-որ բան այն չէ: Պատճառների մասին ինձ իրավունք չեմ վերապահում արտահայտվել… Մի խոսքով, հարմար գտա ընդհանրապես ներկա չգտնվել մրցանակաբաշխությանը, քան մասնակցել ու ինչ-ինչ խոսակցությունների առարկա դառնալ: Իսկ եթե մասնակցեի, ապա պետք է ներկայանայի «Իմ մասին» ալբոմով («Լավագույն ալբոմ»), «Լավագույն հիթ» նոմինացիայում՝ «Ինչու» երգով (հեղինակ` երգահան Արամ Ավագյան), որի տեսահոլովակը կարող էր ներկայացվել նաեւ «Լավագույն դուետ» եւ «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում: Սակայն վերջին րոպեին մեզ բաց տեքստով ասվեց, որ չփորձենք անգամ երազել որեւէ բան շահելու մասին: Ասացին, որ Արմեն անունով անձը (նկատի ունի «Ինչու» երգում իր հետ հանդես եկող ամերիկաբնակ երգիչ Արմենչիկին- Գ. Հ.) ցանկալի չէ, որ բեմ բարձրանա, էլ ուր մնաց՝ մրցանակ ստանա: Սա այն դեպքում, երբ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության տարբեր նոմինացիաներում ներկայացված երգերի մեծամասնությունը օտար լեզվով էր կամ ոչ հայեցի: Իսկ Արմենը այն երգիչն է, որ 2 անգամ լցրել է «Կոդակ» թատրոնը, 2 անգամ էլ՝ Մարզահամերգային համալիրը: Ի տարբերություն շատերի, նա հայերեն է երգում: Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում կիրառվեցին երկակի ստանդարտներ: Ոչ հայեցի հագուկապով ու կեցվածքով ոմն սուպեր Սաքո՝ ԱՄՆ-ից տեղ գտավ մրցանակաբաշխությունում՝ 7 րոպե լցնելով եթերը մի երաժշտությամբ, որի ոչ ոճն էր հայերեն, ոչ տեքստը: Նա անգլերեն ռեպ էր հնչեցնում, իսկ դահլիճում մարդիկ զարմացած իրար էին նայում: Կարելի էր մտածել, թե սուպեր Սաքոյի երգած ժանրը մեր պապերից է ժառանգվել:

– Անցյալ տարի հաղթող ճանաչվեցիք «Լավագույն դուետ» եւ «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում: Իսկ ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում, «ավանդույթի» համաձայն, մրցանակ է շնորհվում միայն «յուրայիններին»: Այնպես որ, մի ժամանակ դուք էիք իրենց «կաստայից»: Ինչո՞ւ այն ժամանակ չէիք դժգոհում…

– «Լավագույն դուետ» նոմինացիայի համար տրված մրցանակի տերը ճանաչված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանն է, որի հետ կատարել եմ երգը` «Լիրիկականը»: Ուստի այս պարագայում հաշվի չէր կարող առնվել այն հանգամանքը՝ դու իրե՞նց շրջանակից ես, թե՞ ոչ: Ես դեռ այն ժամանակ նշեցի, որ ով էլ երգեր տիկին Ֆլորայի հետ, իմ փոխարեն նա էր մրցանակը կիսելու: Իսկ ինչ վերաբերում է «Լավագույն տեսահոլովակին»՝ («Մայրիկ»), այդ մրցանակով ոչ թե իմ, այլ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի աշխատանքն էր գնահատվում: Ու թող տպավորություն չստեղծվի, թե անցյալ տարի 2 մրցանակ եմ ստացել:

– Ի՞նչ կարծիքի եք այն երեւույթի մասին, որ 8-10 հոգանոց ժյուրին է որոշում, թե ով է հաղթողը մի մրցանակաբաշխությունում, որը կոչվում է Ազգային:

– Կուզենայի, որ ժյուրին բաղկացած լիներ ոչ թե 9-10 հոգուց, այլ ավելի մեծաթիվ լիներ: Կարծեմ թե անցյալ տարի 60-70 մարդ է եղել ժյուրիի կազմում: Ախր չի կարող 8-10 հոգին 3 ժամվա ընթացքում գնահատական տալ երգչի ամբողջ տարվա աշխատանքին: Գուցե կոպիտ հնչի, բայց ես թույլ չեմ տա, որ մի քանի հոգի գնահատեն ամբողջ տարվա աշխատանքս: Կարծում եմ, որ, օրինակ, «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգը պետք է գնահատեն միայն կինոռեժիսորները, «Լավագույն երգը»՝ կոմպոզիտորները, որպեսզի հասկանան, դա պլագիա՞տ է, թե՞ ոչ: «Լավագույն հիթը» գնահատելու իրավունք ունեն ռադիոկայանները, երաժշտական մեծ խանութների տերերը, ովքեր գիտեն, թե որ երգն ու երգիչն են ամենապահանջվածը: Իսկ ամենակարեւորը ժողովրդի գնահատականն է:

– Ձեր կարծիքով՝ այս տարի ո՞վ կարող էր արժանի լինել «Լավագույն երգիչ» եւ «Լավագույն երգչուհի» տիտղոսներին:

– Ես կուզենայի, որ այդ նոմինացիաների համար մրցեին ոչ թե 2 հոգի, ինչպես Էմմին ու Հասմիկ Կարապետյանը, կամ Հայկոն ու Միստր X-ը, այլ ավելի շատ երգիչներ մասնակցեին: Շատ գնահատում եմ Հայկոյին, ուրախ եմ նրա համար, լավ հարաբերությունների մեջ եմ բոլոր կոլեգաներիս հետ, բայց կուզենայի «Տարվա լավագույն երգիչ» տեսնել Անդրեին կամ Արսեն Սաֆարյանին: Արժեր, ի վերջո, գնահատել Արսենի երկարատեւ աշխատանքը: Ինչ վերաբերում է Անդրեին, ապա նա ավելի շատ այս, քան նախորդ տարիներին իրավունք ուներ համարվել Տարվա լավագույն երգիչ: Որովհետեւ Անդրեն «Եվրատեսիլում» ներկայացրեց հայի կերպարն ու Հայաստանը: Թող Հասմիկ Կարապետյանը չնեղանա, Տարվա լավագույն երգչուհի պիտի լիներ Էմմին, որը նման չէ ոչ մեկին եւ երեւում է, թե ինչպես է տարիների ընթացքում հաղթահարում դժվարությունները: Աբսուրդ է, որ այդ անվանակարգում ներկայացվում է ընդամենը երկու հոգի, ավելի վատ է, երբ երկուսն էլ հաղթում են: Վաղուց ժամանակն է, որ շոու-բիզնես կոչվածը ունենա հստակ քաղաքականություն՝ մշակված այն մարդկանց կողմից, ովքեր հայտնվում են ժյուրիում եւ իրենց իրավունք են վերապահում ժողովրդի անունից հանդես գալու:

– Դառնանք այն երգիչներին, որոնց արվեստը չի տեղավորվում պրոֆեսիոնալիզմի շրջանակներում, բայց իրենց երկրպագուների բանակին կնախանձեն ազգային մրցանակաբաշխությունում տիտղոսներ ստացածներից շատերը…

– Այսօր Արմենչիկն ու Թաթան իսկական փոփ աստղեր են, ցանկալի՝ ցանկացած տարիքի ու խավի համար: Ես շատ կուզենամ, որ իրենց երկրպագուների ու հեղինակության գոնե կեսն ունենամ: Սա իմ պատասխանն է բոլոր այն մեղադրանքներին, որոնք այս հարցազրույցից հետո կհնչեն իմ հասցեին: Հարցրեք մեր երգիչ- երգչուհիներին, կկարողանա՞ն Արմենչիկի նման «Կոդակ» կամ մեր մարզահամերգային համալիրը լցնել: 10-ից 9-ը կասի՝ ոչ: Խորհուրդ կտամ սոցհարցում պատվիրել՝ ավելի շատ ո՞ւմ եւ ի՞նչ երգեր են լսում Հայաստանում:

– Համամի՞տ եք, որ այսօր շոու-բիզնեսի ոլորտը սեփականաշնորհված է մի քանի հոգու կողմից…

– Իհարկե, միանշանակ այդպես է: Հայերս ազգովի մաքսիմալիստներ ենք, յուրաքանչյուրը ձգտում է իր ոլորտում մենաշնորհային դիրքի հասնել: Բայց քանի որ մենք փոքր ենք, ամեն ինչը ուռճացված է, դրա համար էլ կոնկրետ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում ամեն տարի ունենում ենք նույն նոմինանտները: Խեղճ ժողովուրդն էլ ասես պատժված լինի՝ ամեն տարի նույն դեմքերն է տեսնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել