Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ո՞ւմ հում ականջներն են երեւում

Դեկտեմբեր 19,2006 00:00

«Ազգային միաբանությունը» պատասխանում է «Ջավախք» խորհրդին

«Ջավախք» խորհուրդը օրերս անդրադարձել է Վահագն Չախալյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի անունները հպանցիկ հիշատակած «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի՝ դեկտեմբերի 12-ին «Առավոտ» թերթին տված հարցազրույցին եւ հանդես եկել բաց նամակով, որում իր անհամաձայնություններն էր արտահայտում «ԱՄ» նախագահի տեսակետներին: «ԱՄ» կուսակցության լրատվական ծառայությունից ի պատասխան փոխանցեցին հետեւյալը. «Տպավորություն է ստեղծվում, որ «Ջավախք» խորհրդի անդամները (եթե նրանք տեղյակ են Գեղամյանին ուղղված նամակի բովանդակությանը) չեն ընթերցել «Առավոտ» թերթին տրված Ա. Գեղամյանի հարցազրույցը խնդրո առարկայի շուրջ, այլապես այնտեղ արված շեշտադրումներն այդ աստիճան չէին նենգափոխվի՝ փորձելով մոլորության մեջ գցել հանրությանը: Զարմանք ու տարակուսանք է առաջացնում այն, որ «Ջավախք» խորհուրդը իր բողոքի ձայնը այդպես էլ չբարձրացրեց այն ժամանակ, երբ Վահագն Չախալյանին Երեւանի մատույցներում ծեծուջարդի ենթարկեցին, եւ բաց նամակով չդիմեց Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, որոնց անմիջական ցուցումով կազմակերպվել էր այդ սադրանքը: «Ջավախք» խորհուրդը բողոքով չդիմեց ՀՀ ոչ լեգիտիմ վարչախմբին եւ չասաց՝ բավական է դրսի ուժերի պատվերները կատարեք: Տարակուսանք է առաջացնում նաեւ այն, որ դատավարության ժամանակ, երբ Վահագն Չախալյանի արտաքսման խնդիրն էր դրված, նույնպես լռեցին: Լռեցին-լռեցին եւ մեկ էլ հանկարծ, երբ իշխանությունների իրական, ճիզվիտական գործողությունները բացահայտվում են, չգիտես ինչու՝ «ցասումի» եւ «բողոքի» նամակ են հղում ո՞ւմ, ինչ եք կարծում, հարգելի ընթերցող… Ա. Գեղամյանին: Ահա այստեղ է, որ երեւում են պարոններ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի դրածոների հում ականջները: Քաղաքական լուսանցքում հայտնված եւ տարիների ընթացքում բոլորի կողմից մերժված քաղաքական երբեմնի հատուկենտ գործիչներ, կատարելով պատվիրատուների հանձնարարականը, խնդիր են հետապնդում հանրության, այդ թվում նաեւ «ԱՄ»-ի ուշադրությունը շեղել երկրում իրականացվող կործանարար զարգացումներից, փորձում են կուսակցության լիդերներին ներքաշել բանսարկությունների ոլորտ, որը շատ հոգեհարազատ է այսօրվա իշխանական զույգին: Հերթական անգամ պարոններ Քոչարյան-Սարգսյանին եւ իրենց քաղաքական սպասավորներին ուզում ենք հիասթափեցնել: «Ազգային միաբանություն» կուսակցությունն, ի դեմս իր լիդերների, այսուհետեւ եւս առաջնորդվելու է մեկ սկզբունքով՝ օր առաջ ձերբազատվել ազգակործան այս իշխանություններից եւ անարգանքի սյունին գամել այն սադրիչներին, որոնք իրենց գործողություններով երկարաձգում են ռեժիմի հոգեվարքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել