Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԵՆՔ ԷԼ ՉԳԻՏԵՆ՝ ԻՆՉ ԵՆ ԳՐԵԼ

Դեկտեմբեր 19,2006 00:00

\"\"Բայց այնպես են գրել, որ «պետական հիմնադրամ» անվան տակ ինչ ուզեն՝ այն էլ անեն

ՀՀ նախագահի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը, որ զբաղվում է գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգի մշակմամբ, մինչ այսօր որեւէ հստակություն չի մտցրել գիտական հանրությանը հետաքրքրող ամենակարեւոր հարցերից մեկի՝ Ակադեմիայի կարգավիճակին վերաբերող հատվածում: Այսօր շրջանառության մեջ դրված հայեցակարգի տարբերակում ձեւակերպումն այսպիսին է. «ՀՀ ԳԱԱ-ն պետք է վերակազմակերպվի պետական հիմնադրամի եւ գործի ՀՀ կառավարության կողմից հաստատված կանոնադրության համապատասխան՝ ՀՀ ԳԱԱ-ին օրենսդրությամբ վերապահված հատուկ կարգավիճակի շրջանակներում»: Իսկ որպեսզի ապահովվի օրենսդրությամբ ամրագրված գործառույթների իրականացումը, առաջարկվում է այն ներկայացնել իբրեւ կառավարության խորհրդատու մարմին:

Մինչ այսօր մեր իրականության մեջ «պետական հիմնադրամ» հասկացություն չի եղել ու չկա: Եվ հիմա նույնիսկ ոլորտին ամենատեղյակ անձինք չեն կարողանում բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնելու այդ «պետական հիմնադրամը»: Մեզ հետ զրույցում ԳԱԱ նախկին նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական Ֆադեյ Սարգսյանը միայն հաստատեց հայեցակարգում ամրագրվածը, բայց ավելի մանրամասնել չկարողացավ: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասում է, որ պարզապես հիմնադրամ կոչվել չի կարող, որովհետեւ, բացի շարժական գույքից, ԳԱԱ-ն ուրիշ սեփականություն չունի, ինչն անհրաժեշտ է հիմնադրամ դառնալու համար: Բայց մյուս կողմից էլ՝ սեփականություն չունենալը Ռ. Մարտիրոսյանի սրտով է, որովհետեւ «ունենալու դեպքում մեզ կասեին՝ շենքեր ունեք, սեփականություն ունեք, գնացեք ձեր գլուխը պահեք: Դրա համար մենք գրել ենք՝ «պետական հիմնադրամ», բայց մենք էլ չգիտենք, թե այդ դեպքում ինչ կլինի»: Այսինքն՝ ԳԱԱ նախագահը չի ուզում, որ կառավարությունը մի կողմ քաշվի՝ փակելով բյուջեի այն բոլոր ծորակները, որոնք ԳԱԱ-ին փող են բերում: Ժամանակին անդրադարձել ենք, թե որքան գումար է կառավարությունը տրամադրում ԳԱԱ-ին, որի շատ քիչ մասն է ուղղվում բուն գիտության զարգացմանը: Հիշեցնենք դրանցից մեկը. 2003, 2004, 2005 թվականներին միայն «այլ ընթացիկ ներքին տրանսֆերտային վճարումներ (պրեզիդենտի ֆոնդ)» հոդվածով բյուջեից տարեկան փոխանցվել է 17, 5 մլն դրամ, ինչի մասին հաշվետվություն, ըստ էության, չի էլ եղել: Էլ չենք ասում ակադեմիկոսներին ու թղթակից անդամներին եկող պատվովճարների մասին, որոնք 60 թղթակից անդամի եւ 65 ակադեմիկոսի դեպքում կազմում են տարեկան շուրջ 140 մլն դրամ:

Եվ հիմա Ռ. Մարտիրոսյանը եւ ԳԱԱ, այսպես ասած, վերնախավը, բնականաբար, չեն ցանկանա, որ պետությունն իր ձեռքը վերցնի իրենց վրայից. «Գիտությունը միայն պետության ֆինանսավորմամբ կարող է առաջ գնալ, իհարկե՝ աշխարհում կան նաեւ գիտությամբ զբաղվող առանձին, մասնավոր ընկերություններ…,- ասում է պրն Մարտիրոսյանը:- Ինչ որ մենք գրել ենք՝ չկա դրա օրինակը, որ համեմատենք, մի քիչ խճճված է, դրա համար էլ գրել ենք «հատուկ կարգավիճակով»:

Այլ կերպ ասած՝ հանձնախումբն ամեն ինչ այնպես է խճճել, որ մանեւրելու տեղեր ունենա, որ ընթացքում կարողանա որեւէ հարց լուծելիս սողանցքներից եւ իր «հատուկ կարգավիճակից» օգտվել:

Իրականում ԳԱԱ նախագահը շատ է ուզում, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, որովհետեւ «ձեւավորված ավանդույթ կա …»: Իսկ ավանդույթները, թերեւս, հենց այն ամենն են, ինչի մասին վերեւում խոսեցինք՝ կապված բյուջեից եկող գումարների հետ:

Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի պետի պաշտոնակատար Էդիկ Մարգարյանը մեր խնդրանքով պարզաբանեց, թե ինչ կարող է նշանակել «պետական հիմնադրամը»: Ըստ նրա, ձեւակերպում որպես այդպիսին, «Հիմնադրամների մասին» օրենքում չկա, պարզապես սահմանվում է, որ կարող են ստեղծվել հիմնադրամների տեսակներ, ինչը կկարգավորվի առանձին օրենքով, ասենք՝ կարող է լինել «Ակադեմիայի մասին» օրենք: Տվյալ դեպքում, կառավարությունը՝ որպես հիմնադիր, կարող է լիազորել որեւէ մարմնի, ասենք՝ կրթության եւ գիտության նախարարությանը, որպեսզի վերջինս նշանակի հոգաբարձուների խորհուրդ եւ գործադիր տնօրեն: Հնարավոր է՝ ոչ մի մարմնի էլ չլիազորի եւ ամեն ինչ անի ինքը: Ինչ վերաբերում է անշարժ գույքին, ապա կառավարությունը կարող է ամեն ինչ, այդ թվում՝ անշարժ գույքը, սեփականության իրավունքով տալ հիմնադրամին: Ի դեպ, կառավարությունն այս դեպքում, լինելով հիմնադիր, չի խառնվում հիմնադրամի գործունեությանը եւ պատասխանատվություն չի կրում նրա պարտավորությունների համար:

Այս պահին ակադեմիական շրջանակներում մտահոգություն կա, որ կառավարությունը ԳԱԱ ճակատագիրը կհանձնի մի խումբ չինովնիկների՝ նրանց «նվիրելով» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը եւ տնօրինումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել