Լրահոս
Օրվա լրահոսը

«Միկայից» քաշվածները

Դեկտեմբեր 19,2006 00:00

\"\"Ավիավառելիքի ճգնաժամի պատճառով ուղեւորները մի շարք դժվարությունների միջով են անցել:

«Միկա լիմիթեդ» ընկերությունը մոտ մեկ ամսով ուշացրեց ավիավառելիքի ներկրումը Հայաստան: Չնայած ուրբաթ օրն ընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանին 4000 տոննա վառելիքով արդեն ապահովել է, բայց այս մեկ ամսվա ընթացքում Հայաստանում գործող բոլոր ավիաընկերությունները, այդ թվում՝ «Արմավիան», ստիպված էին հարկադիր վայրէջք կատարել այլ օդանավակայաններում՝ վերալիցքավորվելու համար: Ընկերությունները ուղեւոր չկորցնելու համար նախապես նրանց տեղյակ չեն պահել, որ իրենք հաստատված չվերթից շեղվելու են եւ միջանկյալ վայրէջք են կատարելու այլ քաղաքի օդանավակայանում: Արդյունքում՝ մինչ օրս էլ «Առավոտի» խմբագրություն են զանգահարում բազմաթիվ ուղեւորներ ու պատմում, թե ինչ տանջանքների միջով են իրենք անցել՝ տեղ հասնելու համար:

Օդանավակայանում ավելորդ խուճապ չստեղծելու եւ քաշքշուկներից խուսափելու համար ավիաընկերությունները ուղեւորներին միջանկյալ թռիչքի մասին հայտնել են ինքնաթիռում, այսինքն՝ այն ժամանակ, երբ այլեւս որեւէ քայլ ձեռնարկելու, չվերթը փոխելու, տոմսերը վերադարձնելու հնարավորություն չեն ունեցել:

«Ես գնում էի Մոսկվա: Ինքնաթիռն արդեն օդում՝ հայտարարեցին, որ պետք է ստիպված վայրէջք կատարենք մեկ ուրիշ քաղաքում՝ Ռոստովում, որպեսզի ինքնաթիռը վերալիցքավորվի: Ինքնաթիռում մեր հարցերին չէին պատասխանում՝ պատճառաբանելով, թե Մոսկվայում ընկերության ներկայացուցչություն կա, որոնք էլ մեր բոլոր հարցերի պատասխանները կտան»,- պատմեց «Արմավիայից» տուժած ուղեւորներից մեկը՝ Աշոտ Մխիթարյանը, որը դեկտեմբերի 3-ին Երեւան-Մոսկվա-Երեւան 510 չվերթով պիտի մեկներ Մոսկվա՝ գործնական հանդիպման: Սակայն ընկերության ինքնաթիռն այնքան ուշ է հասել տեղ, որ ուղեւորի հանդիպումը տապալվել է: Իսկ Մոսկվայում «Արմավիայի» որեւէ ներկայացուցիչ չի եղել, ինչպես ասել էր ինքնաթիռի անձնակազմը, եւ բողոքավորներին այդպես էլ չի հաջողվել իրենց դժգոհությունները փոխանցել ընկերությանը:

Ինքնաթիռում ուղեւորների դժգոհությունները մեղմելու համար նրանց հանգստացրել են, թե վերալիցքավորումն ընդամենը 30 րոպե կտեւի: Սակայն Մոսկվա մեկնել ցանկացողները ստիպված են եղել առնվազն մեկուկես ժամ մնալ Ռոստովում՝ անգամ հնարավորություն չունենալով ինքնաթիռից դուրս գալ: «Ես ծխող մարդ եմ, հաշվարկել էի, որ երկու ժամից հասնելու եմ Մոսկվա, այդ ժամանակահատվածում կզսպեմ ինձ, չեմ ծխի: Սակայն 3-4 ժամ ինքնաթիռից դուրս չեկանք»:

«Արմավիայի» Երեւան-Մոսկվա-Երեւան մեկ այլ չվերթից էլ տուժել են Հայաստանի կամերային երգչախմբի արտիստները: Այս անգամ էլ թռիչքը հետաձգվել է 6 ժամով, եւ երգչախումբը հազիվ է հասցրել ներկայանալ իր համերգին: Իսկ ինքնաթիռում ուղեւորներին նույնիսկ ափսոսել են ջուր տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել