Անդրադառնալով ուրբաթ օրը երեք հեռուստաընկերություններին տրված ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը այդ ասուլիսից ստացած իր որոշ տպավորություններ կիսեց մեր ընթերցողի հետ. «Ընթերցում էի Դեւիդ Լլոյդ Ջորջի հայտնի աշխատությունը՝ «Ճշմարտությունը խաղաղ համաձայնագրերի մասին»:
Հետո սիրտս քաշեց մեկ ուրիշ գործ կարդալ, այն է՝ Ուիլյամ Քլինթոնի հուշերի գիրքը՝ հայտնի «Իմ կյանքը»: Սակայն լինելով ուղն ու ծուծով հայ՝ ինձ ձգեց Հանրային հեռուստատեսությունը: Նայեցի եւ էկրանին տեսա պարոն Քոչարյանին: Ամենայն ուշադրությամբ լսեցի: «Մտքի թռիչքը» եւ «կուռ տրամաբանությունը» ինձ չէին կարող անտարբեր թողնել: Զանգ տվեցի գործընկերներիս, որ իրենք էլ նայեն, եւ մենք միմյանց շնորհավորեցինք: Մայր պատճառը մեկն էր՝ բավական է մինչեւ առաջիկա ընտրությունները խնդրել պարոն Քոչարյանին եւս երկու-երեք անգամ հեռուստալրագրողներին հարցազրույցներ տալ եւ դրանից հետո ընդդիմությունից մեծ ջանք չի պահանջվի առաջիկա ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում իշխանական ուժերի նկատմամբ ջախջախիչ հաղթանակ տանելու համար: Իսկ եթե հարցին ավելի լուրջ մոտենանք, ես, որպես ՀՀ քաղաքացի, ամոթ ապրեցի, որ հանրապետության նախագահի պաշտոնում հայտնված անձը կարող է այդ մակարդակով հանդես գալ հեռուստատեսությամբ, այն էլ՝ երկրի համար բախտորոշ հարցերի շուրջ: Եթե պարոն Քոչարյանը համապետական ընտրություններում սեփական մասնակցության չափը պայմանավորում է ընդամենը մեկական անդամներ ընտրական հանձնաժողովներում լիազորելով, մոռանալով, որ նա երկրի Սահմանադրության ու օրենքների երաշխավորն է, ապա այդ պետությունը նման իշխանության պարագայում, ավաղ, լուրջ փորձությունների առաջ կկանգնի: Եթե երկրի նախագահը ավելի մեծ շեշտ է դնում հանձնաժողովի շարքային անդամի վրա, որը սովից-կարիքից ելնելով կաշառվում է, եւ բացարձակապես նորմալ է ընդունում կաշառողին, իսկ կաշառողը իշխանությունն է, ապա մեկնաբանությունները այստեղ նույնպես ավելորդ են»: