Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսել ողջ ընդդիմության անունից

Դեկտեմբեր 19,2006 00:00

Առայժմ ոչ մի ընդդիմադիր գործիչ նման լիազորություններ չունի, եւ մեկ միասնական լիդերի թեման ընդդիմադիր դաշտն առայժմ չի քննարկում:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը վերջերս իտալական «Apcom» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցում հայտարարել էր, որ ընդդիմությունը Հայաստանում պատրաստում է ճակատամարտ տալ՝ Եվրոպայի անունից: Այդ հայտարարությունն առնվազն երկու հարցադրում է առաջացնում. 1/ մի՞թե մենք մեր անունից այլեւս ի զորու չենք որեւէ բան անելու, եւ 2/ հաշվի առնելով Հայաստանի ընդդիմադիր դաշտի բոլոր լիդերների ընդգծված ամբիցիաները՝ արդյո՞ք հնարավոր է, որ ընդդիմադիր գործիչները իրենց անունից խոսելու լիազորություններ տան ՕԵԿ նախագահին: Այդ հարցերը մենք, բնականաբար, սկզբում ուղղեցինք պարոն Բաղդասարյանին (որը, սակայն, առայժմ չցանկացավ «Առավոտին» հարցազրույց տալ), այնուհետեւ՝ ընդդիմադիր կուսակցությունների մնացած ղեկավարներին:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը մեր հարցին՝ ինքը տվե՞լ է ՕԵԿ նախագահին լիազորություն՝ խոսել ամբողջ ընդդիմադիր դաշտի անունից եւ հանուն Եվրոպայի ճակատամարտ մղել, ասաց. «Ընդդիմությունը պայքարել է, պայքարում է եւ պետք է պայքարի նախ եւ առաջ ժողովրդի անունից, որի կամքը այս իշխանությունները ոտնահարում են եւ որի կամքի վրա բռնացել են»: Իսկ լիազորությունների մասով ասաց, որ ոչ ոք ոչ մեկին նման լիազորություն չի տվել:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ իր համար չկան թշնամիներ, կան մրցակիցներ. «Իսկ մրցակցի հետ պայքարը ես ճակատամարտ չեմ համարում, եւ ցանկացած մրցակցության ես առաջին հերթին գնում եմ իմ հոր, մոր՝ ծնողներիս, երեխաներիս եւ ժողովրդիս անունից եւ իմ ժողովրդի, իմ ծնողների եւ իմ երեխաների համար: Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր արժեքային համակարգը, գուցե նույնացնելով տարբեր երկրների զարգացման մոդելների հետ՝ կարելի է նաեւ այդպիսի որակումներ տալ, բայց, իրականում, կարծում եմ, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում գործող քաղաքական ուժերը, որոնք ունեն կուսակցական շահեր, գործում են ոչ թե Եվրոպայի կամ Ամերիկայի, այլ իրենց շահերի, իրենց ժողովրդի եւ իրենց համար, եւ իրենց անունից»:

«Իսկ ամբողջ ընդդիմության անունից խոսելու իրավունքը այսօր որեւէ մեկին տրվա՞ծ է», հարցին նա պատասխանեց. «Եթե որեւէ մեկին լիազորություններ տրվում է խոսել ամբողջ ընդդիմության անունից, ապա այդ լիազորությունները ամրագրված են լինում որոշակի փաստաթղթով կամ համատեղ գործողությունների ծրագրով: Մենք առայժմ, դժբախտաբար, նման փաստաթուղթ չունենք, գուցե նաեւ բարեբախտաբար, որովհետեւ դեռ ժամանակը չէ: Այսօր ընդդիմադիր դաշտում նման լիազորություններ որեւէ մեկին տրված չեն, կարծում եմ՝ դրա ժամանակն էլ կգա, եւ դա կլինի փետրվարին կամ հունվարին, երբ որոշակի ընդդիմադիր ուժեր կունենան լիազորություններ՝ խոսել եւ գործել ամբողջ ընդդիմության անունից, կամ, ինչը ավելի ճիշտ եմ համարում՝ հասարակության ընդդիմադիր զանգվածի անունից հայտարարություններ անել, շփումներ ունենալ արտաքին քաղաքական ուժերի հետ»:

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին եւս նույն հարցերն ուղղեցինք: Նախ զարմացավ, թե ինչպես կարելի է նման բաներ ասել, եւ հետո ծիծաղելով հավելեց. «Իսկապես, մենք այնպիսի իրավիճակում ենք, որ ով ինչ ուզում է, անում է: Իսկ ինչ վերաբերում է պայքարելուն, ապա ես անձամբ պայքարում եմ հանուն հայ ժողովրդի եւ Հայաստանի արժեքների եւ ոչ թե հանուն Եվրոպայի կամ Ռուսաստանի, կամ Միացյալ Նահանգների»: Նաեւ ասաց, թե այդ կարգի հայտարարությունները երկու նպատակ են հետապնդում. «Մի կողմից գրավել Եվրոպայի ուշադրությունը դեպի Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, երկրորդը երեւի անձնական է, բայց հիմա խորանալ դրա մեջ եւ դա քննադատելը ուղղակի մանրուքներ են, եւ կարծում եմ՝ այս պահին չարժե դա անել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել