«Ազատագրված տարածքների պաշտպանություն» կազմակերպությունը տարածել է «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության խորհրդաժողովում Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ելույթների բառացի սղագրությունը:
Մեջբերում ենք հատվածներ այս ելույթներից, որոնք հնարավորություն կտան ընթերցողներին ինքնուրույն պատկերացում կազմել, թե արդյոք հիմնավո՞ր է այս ելույթների համար այդ անձանց սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի համար մեղադրելը: Եվ բացի այդ՝ կարելի է նաեւ եզրակացություն անել, թե այսուհետ արժե՞ վստահել այն գործիչներին, որոնք ներկա լինելով «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության խորհրդաժողովին՝ պնդում էին, թե այդ հավաքում չի հնչել իշխանությունը բռնի տապալելու եւ հեղաշրջման որեւէ կոչ:
Վարդան Մալխասյանի ելույթից
«Հայ մարդը տեսնելով այս իրականությունը, տեսնելով երկրի վիճակը, պետք է գա մի հետեւության, որ երկրում իշխանությունը հանձնված է թշնամիներին: Բոլոր կարգի հետեւությունները բերում են այն հետեւության, որ նրանք քողարկված փակ թշնամիներ են: Նրանք, ովքեր խեղճացրել են հայ ժողովրդին, ովքեր ցիրուցան են արել հայ ժողովրդին, ովքեր հայ-թուրքական բանակցություններ են տանում, որ արդեն սահման բացվի, ովքեր, ուրեմն, կյանքի եւ արյան, հազարավոր ազատամարտիկների կյանքի եւ արյան գնով ազատագրված հողերի առեւտուր են անում թշնամիների հետ՝ դրանք ներքին թշնամիներ են:
Նույնիսկ որոշակի մարդիկ սրանց համեմատում են «կրիմինալի» հետ: Սրանք կրիմինալ լինեին՝ հեշտ էր. սրանք հանցագործ աշխարհի թափթփուկներն են եւ ներքին թշնամիները, սրանցից ժամ առաջ ազատագրվելը հայ ժողովրդի փրկության խնդիրն է: Երբ որ նպատակը ազնիվ է, նպատակը մաքուր է, նպատակը հայրենասիրական է, ուրեմն միջոցների առաջ խտրականություն չպիտի դնել. օր առաջ զենքով, զինված պայքարով, ապստամբությամբ, ամեն ինչով, ամեն մի միջոցներ պիտի գործի դնենք, որ ազատվենք այս քողարկված թուրքերից, որ միայն ազգանունն է հայ:
… Այդ հայրենավաճառությունը, որն իրականացնում են Սերժն ու Քոչարյանը, ուրեմն մենք այնքան խոսել ենք, Քրիստաֆորի խոսքերով ասած՝ «այնքան խոսեցինք, գործելը մոռացանք», հիմի պիտի դադարեցնենք խոսելը: Մենք գործ ունենք բանդիտական խմբերի հետ, հանցագործ, բանդիտական, սափրագլուխ, ուրեմն, հանցագործ աշխարհի թափթփուկների հետ: Սրանց հետ պիտի իրենց ձեւով պայքարել՝ արյուն, կրակ թշնամու վրա, բոլոր ձեւերով, բոլոր միջոցներով: Բավական է, որ արդեն 8 ձեւով կխոսենք, կմեկնաբանենք, ուրեմն, փորձագետներին լսենք: Կարճ, ուղիղ՝ երկիրը զավթված է թշնամու կողմից, թշնամին ոչ թե ճակատում, այլ ներսում է, պիտի ազատագրենք: Բոլոր ձեւերով»:
Ժիրայր Սեֆիլյանի ելույթից
«Այդ տարիների ընթացքին շատերն են մեզ մոտենում եւ հարցնում. «Տղերք, էս իրո՞ք որ ուզում են տարածքները վերադարձնեն»: Ես ուզում եմ էդ հարցին հիմա պատասխանել, եւ դրանից հետո եկեք չխոսենք դրա մասին: Ես, առիթ եղել է, մամուլով հայտարարել եմ, հիմա նույնպես կրկնում եմ. ով որ համարձակվի հող զիջելու՝ դրա գլուխը ջարդելու ենք, տրաքացնելու ենք, եւ սա, դուք հավատացեք, որ մեր երկրում կան շատ մարդիկ, որոնք դա կատարելու են:
… Մենք պետք է շեշտը դնենք մեր կազմակերպվելու վրա: Այստեղ պարբերաբար ելույթների ընթացքում մտքեր հայտնեցին, որ «ի՞նչ անել, հերիք է: Եկեք միջոցների մեջ խտրականություն չդնենք»: Ես համաձայն եմ, իրոք, չդնենք, բայց եկեք նախ կազմակերպվենք: Այս 14 տարին, որ մեր երկիրը այս վիճակին է, պատճառը մեկն է, որ չկա մի կազմակերպված ուժ, որն ըստ էության առաջնորդվում է ազգային գաղափարներով, ազգային արժեքներով, այդպիսի ուժ գոյություն չունի, կազմակերպված այդպիսի ուժ գոյություն չունի: Այդպիսի անհատներ կան, մեր խնդիրն է այդ մարդկանց գտնելը, համախմբելը:
… Մեր համախմբման կարեւոր հանգամանքներից մեկը նաեւ այն է, որ մենք ուզում ենք գտնել մարդկանց, որոնք չեն վաճառվում: Կա՞ն այդպիսի մարդիկ մեր երկրում: Հարց եմ տալիս ձեզ՝ կա՞ն: /«Այո, այո», դահլիճում/: Միլիոնների դիմաց չվաճառվող մարդ կա՞: /«Այո, փառք Աստծո, կան», դահլիճում/: Եկեք գտնենք այդ մարդկանց: Պատկերացրեք դուք, գաղափարական մարդուց հզոր բան չկա այս աշխարհում: Հարյուր հոգի գաղափարական մարդը սարեր շուռ կտա: Եկեք գտնենք այդ մարդկանց: … Մեր խնդիրն է, այս համախմբման խնդիրն է այդ մարդկանց փնտրել ու ի հայտ բերել եւ, անշուշտ, անմիջապես կազմակերպելը: Նորից եմ շեշտում, մինչեւ չկազմակերպվենք՝ ոչ մի գործ առաջ չի գնալու: «Քոչարյան, Սերժ, հեռացիր» կրկնելով, իրենք չեն հեռանա, այս մարդիկ խաղաղ ցույցերով չեն հեռանա, ես ձեզ հավաստիացնում եմ, դրսի ճնշումով չեն հեռանալու: Եթե մենք կազմակերպվեցինք եւ կարողացանք որակական լուրջ ուժ ստեղծել՝ իրենք հեռանալու են:
… Իմ ընկերներից շատերը շեշտեցին, որ «եկեք չմեղադրենք իշխանավորներին», ես լիովին կիսում եմ իրենց կարծիքը: Ռոբիկներ, Սերժիկներ, մեղավոր չեն, պարզապես իրենք մեր ազգի տականքի ներկայացուցիչներն են եւ իրենք իրենց «տականքությունն» են անում: Այստեղ զարմանալու խնդիր չկա, ոչ էլ մեղադրելու խնդիր կա: Մենք պետք է մեղադրենք մեզ, ո՞ւր ենք մենք, ինչո՞ւ չենք կազմակերպվում:
… Մեր համախմբումը ունի գլխավորապես երկու, այսպես ասած, խնդիր՝ մեկը հեռահար, մյուսը՝ կարճաժամկետ: Հեռահարը, որը կորակեի որպես ստրատեգիա, կարճաժամկետը՝ որպես տակտիկա: Հեռահարն է. վերջ ի վերջո մենք կկարողանանք մեր երկրում ստեղծել գաղափարական զորք:
… Ուստի հեռանկարային խնդիրն այս համախմբման, վերջ ի վերջո, ազգային գաղափարական շարժում սկսելն է, եւ այդ քաղաքական միավորով հայտ ներկայացնել եւ կամաց-կամաց սկսել մեր բոլոր խնդիրները լուծել: Բայց սա կարող է լինել մի քանի տարի, մինչեւ սա մենք կայացնենք: Մինչեւ սա չկայանա, որակական փոփոխություններ մենք չսպասենք, իսկ ունենք կարեւորագույն մեկ խնդիր, որն է այս իշխանություններից ձերբազատվելը, այսինքն՝ մենք այնքան պետք է կազմակերպվենք այս մի քանի ամիսը, որ կարողանանք չթողնել այս մարդկանց վերարտադրվելը, որովհետեւ եթե վերարտադրվեն՝ մեր հեռանկարային գործը մենք իրականացնելու համար լուրջ դժվարություն ենք ունենալու: Այս հրեշները վերարտադրվելուց հետո շատ ավելի վտանգավոր են լինելու: Այս մի քանի ամիսը մեզ շատ կարեւոր է, որ մենք կազմակերպվենք: Մեր կազմակերպելով, ինչու չէ՝ նաեւ ընդդիմությանը որոշ չափով կազմակերպենք: Այնպես լինի, որ այս անգամվա ընդդիմության տակտիկան պայքարի, ինչ-որ չափով արդյունքի հասնի: Ինչու չէ, պատկերացնենք, որ մենք ինչքան կազմակերպվենք, այնքան մենք ընդդիմությանը խոսք կարող ենք հասկացնել, սկիզբը խոսքով, եթե պետք լինի՝ նաեւ վախեցնելով, պարտադրելով, ինչու չէ, դա մեզանից է կախված: Ես մենակ բան չեմ կարա անեմ, 50 հոգով բան չենք կարա անենք, մենք պետք է շատ լինենք, որ մեր խոսքը կարողանանք պարտադրել նաեւ ընդդիմության»:
Համանման կոչեր հնչել են նաեւ ընդդիմադիր գործիչների կողմից: Ասենք, «Առավոտին» տրված հարցազրույցում Արա Սահակյանը նշել էր. «Հայաստանին հարկավոր է մի նոր շարժում, ապստամբություն», եւ հարցին, թե ի՞նչ կարգի ապստամբություն նկատի ունեք, նաեւ զինվա՞ծ՝ պատասխանել էր. «Ցանկացա՛ծ ձեւով: Այսպիսի իշխանությունը պետք է վերացնել, ոչնչացնել»: Վիկտոր Դալլաքյանը հանրահավաքներում բազմիցս խոսել է իշխանությունների ողնաշարը ջարդելու մասին: Օրինակները կարելի է շարունակել: Միակ վերապահումն այն է, որ այդ բոլոր հավաստիացումները հնչել են ոչ փակ հավաքների ընթացքում, որոնց մասնակցել են հատկապես կռված տղաները: