Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վերապահությամբ է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի այս համոզվածությանը:
– Դարթմունդյան համաժողովի շրջանակներում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների դեկտեմբերի 7-10-ի հավաքի ընթացքում նախատեսվում էր Մերձմոսկովյան Սնեգիրի բնակավայրում հանդիպել Մինսկի խմբի համանախագահողներ Մեթյու Բրայզային եւ Յուրի Մերզլյակովին: Կայացա՞վ հանդիպումը:
– Համանախագահողների հետ հանդիպման նախաձեռնությունն իմն էր, եւ նրանք համաձայնել էին: Հանդիպումը նախատեսված էր դեռ հունիսին ու հենց համանախագահողների խնդրանքով էր տեղափոխվել իրենց հարմար ժամանակ՝ մինչեւ դեկտեմբեր: Եվ հանկարծակի երկուսն էլ չկարողացան մասնակցել: Չնայած մեզ ասացին, որ հանդիպումը չկայացավ տեխնիկական պատճառներով, բայց ես հասկացա, որ դա առավել կապված է քաղաքական իրավիճակի հետ: Իսկ իրավիճակն այս է՝ Հայաստանի ներկայացուցիչներն այնքան են խորացել բանակցություններում, որ խոսում են արդեն տարածքները վերադարձնելու մասին (կապ չունի, թե երբ կստորագրեն): Վստահաբար ասում եմ, որ միայն հանրաքվեի ժամկետի հարցն է մնացել որպես վիճելի: Եվ քանի որ այլ էր տրամաբանությունը, որով ընթացել էր նախագահների վերջին հանդիպումը՝ համանախագահողները նպատակահարմար չգտան գալ մեզ հետ հանդիպման, երբ մեր առաջարկած գործողությունների տրամաբանությունը բոլորովին այլ է: Այնքան են հուսադրված, որ հասնելու են հաջողության եւ կարողանալու են ձեռք բերել համաձայնություն, որ կարող էինք խոչընդոտ դառնալ:
Մենք նամակ ենք պատրաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որտեղ բացատրում ենք, թե ինչու ենք գտնում, որ այդ հանդիպումն անհրաժեշտ է, եւ ինչ է տալու, եթե քննարկվի եւ ընդունվի երեք երկրների հասարակության ներկայացուցիչների մշակած շրջանակային համաձայնագիրը, որը լրիվ այլ փիլիսոփայություն ունի, քան իրենցը:
Ինձ մտահոգում է հետեւյալը. քաղաքական տեսանկյունից միանշանակ հասկանալի է, թե ինչ է ուզում համանախագահողներից մեկը՝ ԱՄՆ-ն, եւ ինչ է ուզում մյուսը՝ Ռուսաստանը: ՌԴ-ն շահագրգռված է, որ չխախտվի ներկայիս ստատուս-քվոն: Իսկ ԱՄՆ-ն շահագրգռված է, որ անպայման «սայլը» տեղից շարժվի՝ տարածքները վերադարձվեն, փախստականները վերադառնան, եւ խաղաղապահ ուժեր ներխուժեն տարածաշրջան: Մենք հայտնվել ենք երկու տարբեր դիրքորոշումների կիզակետում:
– Պնդում եք, թե համանախագահողները հույս ունեն, որ հասնելու են հաջողության: Արդյոք այս հույսերը չե՞ն հակասում Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսում արած հայտարարությանը. «Մինչեւ ԱԺ ընտրությունները ակտիվ բանակցային գործընթաց չի լինելու»: Նա նաեւ «անբարոյական» անվանեց ԼՂ հարցը նախընտրական պայքարում օգտագործելը:
– Ռուսերեն լավ խոսք կա՝ «կտո բի գովորիլ…» բարոյականության մասին:
Ինչ վերաբերում է նրան, որ մինչեւ ընտրություններ չի ստորագրելու՝ դա չի նշանակում, որ ոչինչ չի կարող կատարվել մինչ 2007-ի մայիսը: Բացի այդ՝ եթե պրն Քոչարյանը ընտրություններից հետո է նախատեսել ստորագրելը, ուրեմն՝ ծրագրել է խաղի այլ կանոններ: Այսինքն, ծրագրավորված է, որ այն ուժերը, որոնք հավատարիմ են իրեն՝ բացարձակ մեծամասնություն կկազմեն ԱԺ-ում, եւ ինքը խնդիր չի ունենա ապագայում անել այն, ինչն արդեն հիմա պիտի աներ: Այսօր առկա իրավիճակը, կարծում եմ, դա թույլ չի տալիս իրեն: Եվ պատահական չէ, որ Ժիրայր Սեֆիլյանին ու իր գործընկերներին կալանավորում են հենց այժմ: Միանշանա՛կ է, որ շատ են խորացել բանակցությունների մեջ այդ թեմայով, որ տարածքները վերադարձնում են: Անգամ Քելբաջարն են վերադարձնում:
– Դուք մատնանշեցիք համանախագահող երկրների շահերի հակասությունները: Մինչդեռ ԼՂՀ սահմանադրական հանրաքվեին հետեւած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հայտարարությունը վկայում է, թե գլխավոր խնդրում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ մասնավորապես՝ այն հարցում, որ այն չպիտի անկախ պետություն լինի, նրանք միասնական են հանդես գալիս:
– Բայց ներողություն՝ եթե հայկական կողմը հստակ չի ներկայացնում իր դիրքորոշումը, իսկ համանախագահողներն արդեն գնացել են այն ճանապարհով, որ քաղաքական լուծում պիտի տրվի հիմնահարցին, պա՞րզ չէ, որ նրանք պետք է այդ տեսանկյունից եւ տրամաբանությամբ տեսնեն հակամարտության լուծումը: Գնդակը մեր դաշտում է, թե ի՛նչ է ասելու հայկական կողմը, ինչի՛ համար է ինքը մղում պայքարը: Այսինքն՝ եթե ԼՂՀ անկախությունը պիտի ճանաչվի, ուրեմն՝ պիտի հստակ դա դնենք փաթեթի մեջ, որպես հիմնարար խնդիր: Իսկ եթե համակերպվում ենք այն մտքի հետ, որ կարող է պատահի՝ կարգավիճակի հարցը լուծվի ինչ-որ հանրաքվեի միջոցով, ապա բոլորը պիտի լավ հիշեն, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ չկա այդպիսի դրույթ, ըստ որի՝ հանրաքվե կարելի է անցկացնել առանձին տարածքում: Եվ առավել եւս՝ չկա ԼՂ հասկացություն այդ սահմանադրության մեջ: Ուրեմն՝ անհասկանալի հանրաքվեի շուրջ են բանակցում, եւ այն էլ՝ հետաձգելով դրա ժամկետը: