Լրահոս
Օրվա լրահոսը

«Forbes»-ը՝ արդեն հայերեն

Դեկտեմբեր 18,2006 00:00

\"\"Ֆրանսիական հանրահայտ «Forbes» ամսագրի հայերեն տարբերակի գլխավոր խմբագիրը Կենտրոն TV-ի մեկնաբան Պետրոս Ղազարյանն է:

Երեկ կայացավ պարբերականի շնորհանդեսը: «Forbes»-ը, որի մասնաճյուղերը, բացի եվրոպական երկրներից, գործում են նաեւ ՌԴ-ում, Ճապոնիայում, Չինաստանում, Կորեայում, Բրազիլիայում, ունի 5 մլն-ից ավելի ընթերցող: Ըստ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի, «Forbes»-ը ընդհանուր գլոբալիզացված երկրի մասնիկներից մեկն է, որը պարտադիր պետք է ունենալ: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով, «Forbes»-ը կհետաքրքրի քաղաքական գործարար էլիտային: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էլ նկատեց, որ թեեւ հայերը «չկարդացող ժողովուրդ են», այնուամենայնիվ, «Forbes»-ը Հայաստանում էլ կգտնի ընթերցող լայն շրջանակներ:

Ամսագիրը հայտնի է իր տարաբնույթ աղյուսակների, ցուցակների շնորհիվ, որոնց մեջ ամենահայտնին աշխարհի միլիարդատերերի ցուցակն է: Հայկական «Forbes»-ի անդրանիկ համարում նույնպես առկա է հարուստների տասնյակը: Ըստ դրա, Հայաստանում ամենահարուստը Գագիկ Ծառուկյանն է, նրան հաջորդում է ՀՀ մաքսային կոմիտեի ղեկավար Արմեն Ավետիսյանը, 3-րդ տեղում Միքայել Բաղդասարովն է (MIKA Armenia Trading), այնուհետեւ ցուցակում Հրանտ Վարդանյանն է (Grand Tobacco), նրանից հետո Սուքիասյան ընտանիքն է («Սիլ» կոնցեռն): Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը 6-րդ տեղում է, 7-ում՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրան հաջորդում են նախարարներ Սերժ Սարգսյանը, Անդրանիկ Մանուկյանը եւ Դավիթ Հարությունյանը: Լրագրողների հետաքրքրությանը, թե արդյո՞ք «Forbes»-ի հրատարակիչները չեն վախեցել նման ցուցակ տպագրել, Պ. Ղազարյանը ասաց. «Ինձ հանդիպող ամեն 5 մարդուց 4-ը հարցնում է այդ մասին: Արդեն սկսում եմ վախենալ… Իրականում չեմ վախենում, քանի որ չեմ կարծում, որ գրել ենք մի բան, որը սարսափելի նորություն է»: Ըստ «Forbes»-ի հայաստանյան տարբերակի գլխավոր խմբագրի, Հայաստանում մարդիկ ձգտում են աղքատ լինել. «Հարուստ լինելը մոդա չէ: Մեր հասարակության միջից պետք է հանենք հարուստների նկատմամբ ատելությունը, որովհետեւ բոլոր դեպքերում նրանք են երկիրը զարգացնողը, աշխատատեղեր ստեղծողը»: «Forbes»-ի մեկ այլ աղյուսակում տեղ են գտել ամենաանհաջող արտաքին իմիջ ունեցող քաղաքական գործիչները: Այս ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, ում հաջորդում են Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը:

«Forbes»-ի փորձագիտական հարցումների շնորհիվ պարզվել է, թե ովքեր են Հայաստանի ամենաանհեռանկարային գործիչները: Ցուցակը ղեկավարում է ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Այս շարքի 2-րդ տեղը զբաղեցրել է «Դաշինք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը, իսկ 3-րդը՝ Սերժ Սարգսյանն է, որին հաջորդում է Վանո Սիրադեղյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել