Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԻԿՈԼԱՆ ԱՐԹՈՒՐԻ ԸՆԿԵ՞ՐՆ Է

Դեկտեմբեր 18,2006 00:00

ՕԵԿ նախագահը հույսը դրել է Անգլիայի եւ Ֆրանսիայի վրա

Չնայած մեծ բրիտանական «Fareighn Direct Investment» պարբերականի թղթակիցը, ըստ «Առավոտում» արտատպված Արթուր Բաղդասարյանի հարցազրույցի (տես՝ «Առավոտ», 14 դեկտեմբերի), ՕԵԿ նախագահին համարել է երիտասարդ, բայց արդեն վետերան քաղաքական գործիչ, առնվազն տարօրինակ է, որ քաղաքականության վետերանը տեղյակ չէ քաղաքական եւ ընտրական տարրական կանոններին: Իրավագիտության դոկտոր Արթուր Բաղդասարյանը, որի խորհրդարանական խմբակցությունը «Ընտրական օրենսգրքի» մի քանի լրամշակումների է մասնակցել եւ որի կուսակցությունը մասնակցել է վերջին երկու խորհրդարանական ընտրություններին, այդքան շուտ պետք է մոռացած չլիներ, որ Հայաստանում գրանցված եւ հայաստանյան համապետական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունը իր նախընտրական քարոզարշավը պետք է ծավալի Հայաստանում: Մինչդեռ, երբ ծանոթանում ենք վերոնշյալ պարբերականի լրագրող Թոմ Բլասսի՝ Արթուր Բաղդասարյանի հետ արված հարցազրույցին, հանդիպում ենք պնդումների, որոնք ուղղակի հակաիրավական են: Ներկայացներով Արթուր Բաղդասարյանի Մեծ Բրիտանիա կատարած վերջին այցի նպատակը, պարբերականը գրում է՝ «Մեծ Բրիտանիայի քաղաքական վերնախավին հանդիպելու նպատակով իրականացված այցի շրջանակում, որը Արթուր Բաղդասարյանի նախընտրական պայքարի մի մասն է…» եւ այլն: Այսինքն, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահը իր նախընտրական պայքարը, ինչպես այս մասին վկայում է բրիտանական պարբերականը, սկսել է Հայաստանի սահմաններից դուրս, տվյալ դեպքում Մեծ Բրիտանիայից: Դա առնվազն երկու բան կարող է նշանակել. կամ պարոն Բաղդասարյանը մոռացել է, որ իր նախընտրական քարոզարշավը, համաձայն ՀՀ Սահմանադրության եւ օրենքների, նա պարտավոր է, օրենքով սահմանված ժամկետներում, անցկացնել այն մարդկանց շրջանում, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, եւ որոնք, նրա անցկացրած հաջող քարոզարշավի դեպքում, կարող է եւ ընտրեն Բաղդասարյանին ու նրա կուսակցությանը: Կամ՝ ՕԵԿ նախագահն այն կարծիքին է, որ Հայաստանի քաղաքացին ոչինչ չի որոշում, ուստի հույսը դրել է տարբեր երկրների «դաբրոների» վրա:

Առաջին տարբերակը քիչ հավանական է, քանզի 1999-ին ու 2003-ին Բաղդասարյանի կուսակցությունը մասնակցել է խորհրդարանական ընտրություններին ու դժվար թե 80 հազար անդամ ունեցող կուսակցությունում ոչ մեկը հիշած չլիներ, որ այդ տարիներին իրենք իրենց նախընտրական պայքարը Մեծ Բրիտանիայում չէին անցկացնում: Շատ ավելի հավանական է այն տարբերակը, որ, Արթուր Բաղդասարյանի համոզմամբ, Հայաստանի խնդիրները որոշվում են այլ երկրներում, դրա համար էլ նա որոշել է իր քարոզարշավը սկսել հատկապես այն երկրներից, որոնք, նրա կարծիքով, լուծում են Հայաստանի հարցերը: Մինչդեռ այս վարկածը հակասում է Արթուր Բաղդասարյանի բազմաթիվ հայտարարություններին, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ազատ եւ արդար ընտրության արդյունքում ընտրի իր երկրի ղեկավարներին ու իր խորհրդարանը: Իսկ գուցե պարոն Բաղդասարյանի համար Հայաստանի քաղաքացին իր ընտրությամբ ոչինչ որոշել չի կարող եւ Հայաստանն ընդամենը տարածք է, որի վերաբերյալ որոշումները կայացվում են անգլիաներում ու ֆրասիաներում:

Սակայն սա միակ ուշագրավ միտքը չէ, որ տպագրվել է վերոնշյալ հարցազրույցում: Բրիտանական այդ պարբերականում Արթուր Բաղդասարյանը, հասկանալի է, որ հենց իր տրամադրած ինֆորմացիայի համաձայն, ներկայացվում է որպես Ֆրանսիայի ՆԳ նախարար Նիկոլա Սարկոզիի ընկերը: Հետաքրքիր է, Նիկոլա Սարկոզին տեղյա՞կ է, որ ինքը Արթուր Բաղդասարյան անուն-ազգանունով ընկեր ունի: Որքան մենք ենք տեղյակ, Սարկոզին նման տեղեկատվության չի տիրապետում: Որովհետեւ, ինչպես պատմում են այդ պատմական տեսարանի անմիջական վկաները, Ֆրանսիայում Արթուր Բաղդասարյանը Սարկոզիին տեսել է երկու տարի առաջ՝ ընդամենը մեկ-երկու րոպեով: Իհարկե, կարելի է պատահաբար հայտնվել Հոլիվուդում եւ նույնքան պատահաբար փողոցում տեսնել Ջեք Նիքըլսոնին, սակայն խիստ մեծ երեւակայություն է պետք դրանից հետո հայտարարելու, թե Ջեքը քո ընկերն է:

Հաջող երեւակայության դեպքում դա եւս տարբերակ է, բայց տարրական բարեկրթությունը ենթադրում է, որ այդ մասին նախապես տեղյակ պետք է պահվեն Սարկոզին կամ նույնքան պատահաբար հանդիպած Նիքըլսոնը: Ի վերջո, գոնե Ֆրանսիայի ՆԳ նախարարը իրավունք ունի իմանալու, որ հեռավոր Հայաստանում ինքը Արթուր Բաղդասարյանի նման ընկեր ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել