Լրահոս
Օրվա լրահոսը

Խորքային վերլուծություն

Դեկտեմբեր 18,2006 00:00

Արձագանք Վիկտոր Դալլաքյանի հոդվածին

Հարգարժան բարեկամ.

«Մեր ապագայի բանալիները» վերլուծական-հրապարակախոսական աշխատասիրությունը, («Առավոտ», 10 նոյեմբերի) որը խիստ կարեւոր եւ արդիական խնդիրներ է արծարծում, իր թեմայի ծիրում ներառում է երկրի առաջանցիկ զարգացումը խթանող բավականին ուշագրավ դիտանկյուններ ու մոտեցումներ: Ցավոք, երկար ժամանակ է, ինչ հայ ընթերցողը գերազանցապես ներքաշված է կենցաղային կամ աթոռամոլական գզվռտոցներում, բայց ոչ՝ Հայաստանի ապագային միտված քննարկումների մեջ: Եթե նկատել եք, մենք նույնպես հետեւողականորեն փորձում ենք համահասարակական քննարկումների առարկա դարձնել մեր վաղվա օրը, եւ այդ առումով ուրախ ենք ի դեմս Ձեզ՝ հեղինակավոր հասարակական գործչի, ունենալ եւս մեկ համախոհ, որը խորհրդարանական իր բեղմնավոր գործունեությանը զուգընթաց, ժամանակ է հատկացնում նաեւ ժողովրդի լավագույն ապագայի շուրջ մտորումներին ու արդյունավետ ելքերի փնտրտուքին:

Հաճելի է արձանագրել, որ Ձեզ հաջողվել է ճիշտ գնահատել եւ յուրովի հիմնավորել 21-րդ դարում Հայաստանին սպառնացող հիմնական վտանգները, մասնավորաբար՝ ժողովրդագրական աղետը, հայությանը հազարամյակների խորքից ուղեկցող գոյաբանական ճգնաժամի ահագնացումը, արտագաղթը եւ այլ մարտահրավերներ, որոնցից շատերը, ինչ խոսք, հետեւանք են անձնական շահերով եւ կեղծ-ազգային մտակաղապարներով առաջնորդվող իշխանությունների վարած սխալ, անհեռատես քաղաքականության:

Կիսում ենք Ձեր առաջարկած բազում դեղատոմսերը, որոնք կարեւորում են ապագայի հանդեպ մարդկանց հավատի վերականգնումը, քաղաքական համակարգի ժողովրդավարացումը, սոցիալական արդարության հաստատումը եւ, հատկապես, անհատի լիարժեք ինքնադրսեւորման հնարավորությունների ու համարժեք միջավայրի ձեւավորումը, նրա մտավոր ներուժի ողջամիտ օգտագործումը: Կարծում եմ՝ անվիճարկելի Է ուսումնասիրության գլխավոր եզրակացությունը, որ երկրի ներքին զարգացման ու հզորացման «խորքային բանալին» գտնվում է ոչ թե ուժեղ պետության, այլ «ուժեղ անհատներից բաղկացած պետության ձեւավորման սպեցիֆիկ-հայկական իդեալի կենսագործման տիրույթում»:

Դիտարկումը ոչ միայն լակոնիկ ու դիպուկ է, այլեւ արժանահավատ ու համոզիչ: Իսկ ընդհանրապես ասած՝ աշխատությունն աչքի է ընկնում խորքային վերլուծությամբ, համակողմանի փաստարկվածությամբ, համեմված է պատմական զուգահեռներով ու հիմնավոր եզրահանգումներով։ Աշխատանքի տողատակերին զգացվում է երկրի այսօրվա ու վաղվա խնդիրներով եւ մարտահրավերներով, հայի արժանավայել կենսակերպով, բարեկեցությամբ մտահոգ քաղաքացու սրտացավությունը:

Ըստ իս, իրավիճակի Ձեր գնահատանքին ու պատճառահետեւանքային աղերսներին ի տրիտուր՝ հնարավոր կլինի ապագայում էլ ավելի հստակեցնել հետազոտության մեջ բարձրացված ու կարեւորված հիմնախնդիրների լուծման ուղիները, մատնանշել դարերի խորքից մինչեւ մեր օրերը հասած գոյաբանական ճգնաժամի հաղթահարման գերակայությունները: Չէ՞ որ աշխատանքի վերտառությունն ինքը պարտավորեցնում է, որ ընթերցողը լավագույնս տիրապետի «մեր ապագայի բանալիներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել