Ասում է թուրք վերլուծաբան Նիգար Գյոկսելը
Թուրքիայում ճանաչված քաղաքական փորձագետ, Ստամբուլում լույս տեսնող «Թուրքական քաղաքականություն» եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիր Նիգար Գյոկսելը վերջերս Հայաստանում էր: Նա Երեւան էր այցելել «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հայաստանյան կազմակերպության եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության համատեղ նախաձեռնության շրջանակներում՝ մասնակցելու Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին նվիրված հասարակական քննարկումներին: Երեւանում գտնվելու օրերին Գյոկսելն այցելեց նաեւ «Առավոտի» խմբագրություն եւ հարցազրույց տվեց թերթին:
– Ավելի որոշակի, ձեր երեւանյան հանդիպումների ընթացքում ի՞նչ հարցեր եք մտադիր շոշափել:
– Քննարկումներ կունենանք Թուրքիայում տեղի ունեցող փոփոխությունների եւ, բնականաբար, ԵՄ-ին անդամակցման հեռանկարների շուրջ: Անպայման կանդրադառնանք նաեւ Հայաստան- ԵՄ համագործակցության, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարներին: Վստահ եմ, որ այս խնդիրների շուրջ շատ կարեւոր է խոսել Հայաստանի հատկապես նոր սերնդի ներկայացուցիչների՝ երիտասարդների հետ:
– Այսինքն, դուք հակված եք մտածել, որ քաղաքական նոր հայացքներ կարող են կրել, ապա եւ՝ դրանք կյանքում իրագործել նոր մարդիկ՝ քաղաքական գործիչների երիտասարդ սերունդը:
– Այո, ես կարծում եմ, որ եւ Հայաստանում, եւ Թուրքիայում հենց երիտասարդ սերունդն է ի վիճակի լուրջ բարեփոխումներ անել ինչպես իրենց երկրների ներքին կյանքում, այնպես էլ միջպետական հարաբերություններում:
– Հայաստան այցելելուց առաջ ունեի՞ք որոշ նախնական պատկերացում մեր երկրի մասին:
– Որոշ բաներ, իհարկե, գիտեի: Ընդ որում, պետք է ասեմ, որ իմ պատկերացումներն ամենեւին էլ էմոցիոնալ չէին: Ինձ ասում էին, որ այստեղ տնտեսական առումով շատ հետամնաց դրություն եմ տեսնելու: Առայժմ նման տպավորություն իմ մեջ չի ձեւավորվել:
– Հասկանալի է, որ մեր զրույցում չենք կարող շրջանցել Հայոց ցեղասպանության թեման:
– Ես երկուսուկես տարի ապրել եմ Վաշինգթոնում: Մի անգամ իմ ընկերներն ինձ ընթրիքի էին հրավիրել: Այն ժամանակ 21 տարեկան էի: Հրավիրվածների թվում էր նաեւ մի հայ երիտասարդ: Զրույցի ընթացքում այդ երիտասարդը հանկարծ զայրացավ ու սկսեց գոռալ ինձ վրա՝ ասելով, թե «ինչպե՞ս կարող էիք մարդկանց կոտորել»: Ապա շարունակեց նման այլ մեղադրանքներ հնչեցնել: Ես ցնցված էի: Կարողացա պատասխանել միայն, որ ես ոչինչ չեմ արել: Շատ ուրիշ հանդիպումների ժամանակ եւս այս հարցն ինձ տվել են: Ես միշտ պատասխանել եմ, որ ես պատմաբան չեմ, ուստի՝ չեմ կարող գնահատական տալ պատմությանը:
– Դուք քաղաքական փորձագետ եք եւ, որպես այդպիսին, ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը:
– Երբ 1999թ. Եվրամիության Հելսինկիում կայացած գագաթաժողովին Թուրքիան հայտարարվեց թեկնածու, հենց այդ պահից սկսած՝ Թուրքիայի անդամակցման հեռանկարը դարձավ առավել, քան իրական: Այս ընթացքում երկրում լուրջ բարեփոխումներ են կատարվել: Ամենակարեւորը՝ Թուրքիայում մարդիկ սկսել էին հավատալ, որ դա իսկապես հնարավոր է: Մի շրջան ԵՄ-ին անդամակցելու գաղափարը պաշտպանում էր բնակչության մոտ 80 տոկոսը: Բայց հետո մի քանի բան տեղի ունեցավ: Եվրոպայում կարծես փոխվեց հռետորության կերպը: Շատ հարցականներ առաջացան: Դրանց մի մասը կապված էր գլոբալացման հարուցած ու հարուցելիք խնդիրների, այդ թվում՝ տնտեսական մտահոգությունների հետ: Կար ու հիմա էլ, ինչպես գիտեք, կա Կիպրոսի խնդիրը: Պետք է նշեմ, որ որոշ հարցերում Եվրամիությունը չկարողացավ պահել նախկինում տված իր խոստումները: Այս ամենի արդյունքում՝ հասարակական կարծիքը Թուրքիայում փոխվեց, սկսեցին գերակշռել բացասական տրամադրությունները, երկրում սկսեց գլուխ բարձրացնել ազգայնականությունը: Նաեւ այս գործոններին են հիմա տուրք տալիս մեր քաղաքական գործիչները, որոնք փորձում են Թուրքիայում կայանալիք ընտրություններից մեկ տարի առաջ անզգույշ հայտարարություններ չանել: Եվ ահա, այս ամենի արդյունքում տպավորություն կա, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցման գործընթացի ակտիվությունը թուլացել է:
– Ի՞նչ եք կարծում, եվրոպացիների հակազդեցության մեջ գերակշռում է տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական բաղադրիչը:
– Թերեւս ճիշտ չէր լինի այս հարցում ողջ Եվրոպան դիտել իբրեւ համասեռ միասնություն: Նախ, եվրոպական ոչ բոլոր երկրներում կա հակազդեցություն: Իսկ այն երկրներում, որոնցում այն կա, ապա դրանցից յուրաքանչյուրում գործ ունենք հակազդեցության առանձնահատուկ պատճառների հետ: Դրանք հարկ է դիտարկել առանձին: Իհարկե, իմ նշած բացասական զարգացումներում առկա է նաեւ Թուրքիայի մեղքը, որն այդպես էլ չի հստակեցնում շատ խնդիրների նկատմամբ ունեցած իր վերաբերմունքն ու առհասարակ՝ իր դերը Եվրոպայի հետ հարաբերությունների ընդհանուր համատեքստում: Կան շատ հարցեր, որոնց առնչությամբ անհրաժեշտ փաստարկներ ու հիմնավորումներ ներկայացնելու դեպքում Թուրքիայի ու Եվրամիության միջեւ եղած հարաբերություններում ավելի մեծ պարզություն կմտներ: Այդպիսի փաստարկներ, սակայն, թուրքական կողմից բավարար չափով չեն ներկայացվում: Օրինակ՝ միգրացիայի խնդիրը, որից Եվրոպայում այդքան վախենում են, կամ՝ թուրքական գյուղատնտեսության հետ կապված որոշ հարցեր: Սրանք Եվրոպայում շահարկվում են, մինչդեռ նշածս ուղղություններով ոչ մի լուրջ, գիտականորեն հիմնավորված ուսումնասիրություններ, տվյալներ ընդդիմախոսներին չեն ներկայացվում: Բայց չէ՞ որ դրանք շատ հարցերի կպատասխանեին: Պետք է ասեմ նաեւ, որ այս առումով եվրոպական լիդերները մի քիչ պոպուլիստ են:
– ԱՄՆ Կոնգրեսի վերջին ընտրությունների արդյունքում դեմոկրատները մեծամասնություն ձեւավորեցին: Կարծիքներ կան, որ Կոնգրեսի այս կազմին այլեւս ոչինչ չի խանգարում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին մի բանաձեւ ընդունելու համար: Ի՞նչ կասեիք այս մասին:
– Թուրքիայում իրոք անհանգստություն կա դրա հետ կապված: Այդպիսի վտանգ իսկապես գոյություն ունի, եւ ես համոզված եմ, որ եթե նման բանաձեւ ընդունվի, ապա այն անշուշտ ազդեցություն կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Ինչեւէ, կյանքը շարունակվում է: Դեպքերից առաջ չընկնենք:
– Հայերն ու թուրքերը դարեր շարունակ ապրել ու ապրում են նույն տարածաշրջանում: Ըստ ձեզ, երկու ժողովուրդներն ունե՞ն մշակութային, մենթալային կամ թեկուզ կենցաղային ընդհանրություններ:
– Այդպիսի ընդհանրություններ շատ կան: Մի օրինակ բերեմ: Երբ պատրաստվում էի Ստամբուլից Երեւան թռչել, օդանավակայանում ոչ մի կերպ չէի կարողանում գտնել գրանցման հերթը: Եվ երբ մոտ կանգնած մի քանի երիտասարդներից հարցրի այդ մասին, նրանք պատասխանեցին, թե հայ են եւ հերթ չեն կանգնում: Դա այնքան թուրքավարի էր: Թուրքերը եւս չեն սիրում հերթերում կանգնել: Եվ, առհասարակ, մենք շատ ուրիշ հարցերում էլ ենք նման: Եվ հայերին, եւ թուրքերին բնորոշ են էմոցիոնալ, հախուռն բնավորությունը, հպարտությունը, անապահովության զգացողությունը: Այս հատկանիշները շատ են խանգարում երկխոսությանը: Մենք պետք է եվրոպացիներից սովորենք մի քիչ պակաս զգացմունքային լինել: