Լրահոս
Օրվա լրահոսը

Երաշտն ու որսորդները գյուղացուն սնանկացնում են

Դեկտեմբեր 18,2006 00:00

Կառավարությունը գյուղերին 40 կգ ցորեն բաժանելով՝ երաշտի տակից ուզում է դուրս գալ:

Այս տարվա երաշտը Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի գրեթե բոլոր ցանքատարածությունները ոչնչացրել է: Գյուղացիներն իրենց ցանածի 30-40%-ն էլ չեն հավաքել: Ֆանտանի գյուղապետարանի տվյալներով՝ չնայած գյուղի կրած ահռելի վնասներին, կառավարությունը, որպես օգնություն, բնակիչներին ընդամենը 40 կգ ցորեն է բաժանել: «Հիմա մեր գյուղի վիճակը շատ ծանր է, մարդիկ նույնիսկ կովի համար խոտ չեն հավաքել, մեկ խոտի տուկի արժեքը 1000 դրամ է, գյուղի անասունները սովից կսատկեն»,- ասաց գյուղապետարանի աշխատակից Աիդա Ադամյանը:

Գյուղացիներից մեկն այս տարի ցորեն, գարի, փարինջ եւ կտավատ ցանելու համար մոտ 1500 դոլարի ծախս է արել, բայց ոչ մի արդյունք չի տեսել. «Նույնիսկ սերմը դուրս չէր եկել: Եթե «խոպանչիների» ուղարկած փողերը չլինեն, մենք կսնանկանանք»:

Երաշտը Ֆանտանին մեծ վնաս է հասցրել, որովհետեւ այս գյուղը ջրի պրոբլեմ ունի: Գյուղացիների պատմելով՝ անգամ անասուններին ջուր տալու համար առավոտյան 5-ից ժամերով պետք է հերթ կանգնեն: Ջրամատակարարումն իրականանում է էլեկտրական պոմպերի միջոցով ու եթե գյուղը հոսանքազրկվում է՝ բնակիչները ջուր էլ չեն ունենում: «Մենք մեր հույսը կապում ենք միայն անձրեւի ու Աստծո հետ, եթե անձրեւ չեկավ, նշանակում է՝ մենք այդ տարի կորած ենք»,- պատմում են ֆանտանցիները:

Եթե նույնիսկ բնությունը բարեհաճ է գտնվում գյուղացիների նկատմամբ, նրանք, միեւնույն է, իրենց ցանածի 70 տոկոս արդյունքը չեն տեսնում, քանի որ մի կողմից էլ բերքը փչացնում են որսորդները: Վերջիններս հացահատիկի արտերում նապաստակ, աղվես են որսում ու քանի որ արտերը չեն վերահսկվում եւ պարսպապատված էլ չեն, գյուղացու ցանածը ոտնատակ են տալիս:

Ֆանտանի երիտասարդների մեծ մասը գործազուրկ է: Նրանք առավոտից իրիկուն պարապությունից «բլոտ» են խաղում ու «բլոտի» առաջնություններ անցկացնում: Քանի որ գյուղում ոչ մի մանկապարտեզ չկա, գիշեր-ցերեկ փողոցներում են նաեւ գյուղի երեխաները: Ֆանտանին ամենամոտ մանկապարտեզը Չարենցավան քաղաքում է, եւ երեխաներին նախադպրոցական կրթություն տալու համար ծնողներն ի վիճակի չեն իրենց օրահացից կտրել՝ ճանապարհածախս անելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել