Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔ՝ ՈՉ ՀԱՅԵՑԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱ՞Ր

Դեկտեմբեր 18,2006 00:00

\"\"Պատգամավորները «Ընտանեկան օրենսգրքով» չեն շարժվում

Երկու տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, ՀՀ «Ընտանեկան օրենսգրքում» լրացումներ եղան եւ մեր երկրում առաջին անգամ ամրագրվեց ամուսնական պայմանագրի կնքման կարգը: Այդ պայմանագրով հայ ամուսիններն արդեն ամուսնանալուց առաջ միմյանց հետ կարող են համաձայնության գալ, թե բաժանվելու դեպքում ում ինչ գույք է հասնելու, ով ինչ պարտականություն է ունենալու եւ այլն: Պայմանագրի բովանդակությունը որոշելու են իրենք՝ ամուսինները: Բացի իրավունքներից, պայմանագրում զույգերը կետ առ կետ կարող են սահմանել նաեւ իրենց պարտականությունները. օրինակ՝ կինը մինչեւ ամուսնանալը կարող է ամրագրել, որ երբեք լվացք չի անելու, իսկ ամուսինը՝ որ 1000 դրամից ավելի փող չի բերելու: Ցանկացած կետի խախտման դեպքում հակառակ կողմը կարող է դիմել դատարան ու ներկայացնել իր պահանջները:

Արդարադատության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ իրենք որեւէ վերլուծություն չեն արել եւ չեն կարող ասել, թե մինչ օրս քանի զույգ է կնքել նման պայմանագիր, քանի որ այն համարվում է ամուսինների գաղտնիքը եւ մնում է միայն նրանց մեջ: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Թալինի տարածքային ստորաբաժանման պետ Արուսյակ Աթանեսյանի տվյալներով՝ հետաքրքրվողներ կան, բայց ամուսնական պայմանագրեր կնքելուն հիմնականում դեմ են տղամարդիկ:

«Ընտանեկան օրենսգրքում» ամուսնական պայմանագրերի դրույթներն ամրագրվել է պատգամավորների կամքով, չնայած դրան, նրանք հիմնականում դեմ են այդ պայմանագրերին: ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանի ներկայացմամբ՝ օրենքի այդ դրույթն ավելի շատ Եվրոպայի պահանջն է եղել, բայց հայ մարդուն չի «սազում» ամուսնության առաջին իսկ օրից կնոջ հետ մտնել շուկայական հարաբերությունների մեջ. «Ես համաձայն չեմ պայմանագրով ամուսնանալուն եւ երբեք չէի ամուսնանա, մի օր էլ կարող է մեջտեղ բերեն պայմանագրով երեխա բերելը: Իմ կարծիքով՝ ամուսնությունը պետք է հենվի զուտ սիրո վրա, իսկ պայմանագրով առաջ է մղվում նյութականը»:

ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի դիտարկմամբ՝ հայ տղամարդը երբեք չի գնա այդ քայլին եւ չի կնքի ամուսնական պայմանագիր. «Օրինակ՝ ես ամուսնություն եմ կնքել, ոչ թե պայմանագիր: Արդեն 43 տարի է՝ կնոջս հետ նորմալ ապրում ենք: Այն քաղաքացիները, ովքեր ունեւոր են եւ մտածում են իրենց հարստության մասին, թող իրենք կնքեն, որ հետագայում գույքի բաժանման հարցեր չառաջանան, ես ու կինս վիճելու բան չունենք, մեկ-մեկ կատակով ասում է՝ այս գույքն իմն է, ես էլ կատակով ասում եմ՝ թող էլի քոնը լինի, բայց ես էլ եմ օգտագործելու»: Ստացվում է, որ ամուսնական պայմանագիրը միայն հարուստների համար է, եւ Ռաֆիկ Պետրոսյանն էլ պայմանագիր չի կնքել, որովհետեւ, ըստ էության, կնոջ հետ կիսելու բան չի ունեցել:

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը վստահեցրեց, որ երբեք չէր ամուսնանա իր կնոջ հետ, եթե վերջինս նրան առաջարկեր կնքել ամուսնական պայմանագիր. «Կան դեպքեր, երբ սովորույթներն ավելի ուժեղ են, քան օրենքը, ես պահպանողական եմ: Կյանք է, ենթադրենք՝ ամուսինները համատեղ քսան տարի ապրելուց հետո որոշեն բաժանվել, իրենց ապրած տարիները հարգելով՝ նրանք չպետք է գույքային խոսակցությունների մեջ մտնեն, ամեն ինչ չէ, որ պետք է մի թղթի կտորով որոշվի»: Ըստ պարոն Դալլաքյանի, այդ դրույթն ավելացվել է ավելի շատ ոչ հայեցի ընտանիքների համար: Պատգամավոր Արտաշես Գեղամյանը նույնպես ամուսնական պայմանագրին դեմ է. «Ես 1974-ին արդեն իմ պայմանագիրը կնքել եմ Աստծո առաջ՝ Գառնիի տաճարում, մնացածն արդեն ավելորդ է ասել»:

Ի տարբերություն տղամարդ պատգամավորների, ամուսնական պայմանագրերը պատգամավոր Հռիփսիմե Ավետիսյանի սրտով են: Նրա խոսքերով՝ «եթե ինձ առաջարկեն պայմանագիր կնքել՝ չեմ հրաժարվի: Իմ կարծիքով, տղամարդն ինքը պետք է պայմանագիրը կնքելու նախաձեռնություն ցուցաբերի, եւ իրեն ջենտլմենի պես պահի: Եթե սիրում է իր կնոջը, գույքային հարաբերություններին մեծ տեղ չի տա, պայմանագրով կինն իրեն մի քիչ ապահով կզգա, իսկ եթե ամուսինը չի համաձայնվում պայմանագիր կնքել, ուրեմն կարող ենք ենթադրել, որ ունի ետին մտքեր եւ նրա հետ չարժե ճանապարհ գնալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել