Խորհուրդները հաշվի չեն նստում նրանց հետ, ումից փող են հավաքում
Դպրոցներում տարբեր առիթներով իրականացվող դրամահավաքին բազմիցս ենք անդրադարձել: Այդ թեմայով վերջին շրջանում եղան հրապարակումներ, որտեղ ծնողները բողոքում էին հատկապես դպրոցը համակարգչային դասասենյակներով հագեցնելու նպատակով հավաքվող գումարների չափերից: Բերենք վերջին օրինակը: Թիվ 114 դպրոցը, որ մասնակցում է Համաշխարհային բանկի «Համակարգիչների շրջանառու հիմնադրամ» ծրագրին (այն իր հերթին «Կրթության որակի եւ համապատասխանության ծրագրի» մի բաղադրիչն է), ծնողների ներկայացմամբ, պահանջել էր 5-7 հազար դրամ, որպեսզի կարողանա իրականացնել սույն ծրագիրը: Հիշեցնենք՝ ՀԲ-ն տրամադրում է ծրագրի իրականացմանն անհրաժեշտ գումարի մոտավորապես 60 տոկոսը, իսկ դպրոցը պետք է ապահովի մնացած 40 տոկոսը։ Մեր հրապարակումները ՀԲ մասնագետներին առիթ տվեցին մեկ անգամ եւս իրազեկել, թե իրականում ինչպես պետք է դպրոցներն իրականացնեն այս ծրագիրը՝ թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելով:
«Կրթության որակի եւ համապատասխանության ծրագրի» խորհրդատու Նվարդ Մանասյանն ասաց, որ հատուկ ծրագրով մշակված ձեռնարկով դպրոցներին առաջարկվում է գումարներ հավաքելու մեխանիզմները, որպեսզի դա «մեղմ գործընթաց լինի եւ ոչ ծանր դրամահավաք»: Եվ այդ ձեռնարկներին պետք է ծանոթ լինեն գոնե դպրոցական խորհուրդները, որոնց կազմում նաեւ ծնողներ կան:
«Այս գումարը որեւէ մեխանիզմով, որքանով մենք ենք տեղյակ, կառավարության կողմից պարտադրված չէ դպրոցներին: Դպրոցն իր խորհրդի հետ միասին ինքն է որոշում ինչպես վճարել: Նա պիտի գիտակցի, որ մի երեխա կարող է վճարել այդ գումարը, մյուսը՝ ոչ: Դա արդեն մեր խնդիրը չէ, այլ դպրոցի խորհրդինը»,- ավելացնում է ՀԲ արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը:
Վճարումները պիտի կատարվեն երկու տարվա ընթացքում՝ նայած դպրոցը երբ է մտել ծրագիր: Իսկ ծնողների վճարումները պիտի իրականացվեն պայմանագրով՝ դպրոցի հետ: «Գումարների հավաքման գործընթացը հրապարակային է: Պիտի ներկայացվի, թե ինչպես են հավաքվում գումարները, զեկույց պիտի ներկայացվի նաեւ Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակ»,- ասաց Ն. Մանասյանը: Հրապարակայնությունը անհրաժեշտ է նաեւ 114 դպրոցին վերաբերող մեր հոդվածում արծարծված խնդիրներից խուսափելու համար (ծնողների անտեղյակություն, դասղեկների կողմից դրամահավաքի պարտադրանք եւ այլն): Իհարկե, թիվ 114 դպրոցին չենք ուզում թիրախ դարձնել, նույն իրավիճակն է գրեթե բոլոր դպրոցներում:
Հայաստանի դպրոցների մոտ կեսը կամավոր սկզբունքով ընդգրկված է ՀԲ-ի կողմից իրականացվող այս ծրագրին: Այս ցուցանիշը Վիգեն Սարգսյանը ՀՀ դպրոցների պարագայում անսպասելի է համարում: ՀԲ-ն սպասում էր, որ գործ կունենա դպրոցների միայն 30-35 տոկոսի հետ եւ ծրագրով հենց այդպես էլ նախատեսված է եղել, սակայն հետո պարզվել է, որ ավելի շատ դպրոցներ են ուզում մտնել ծրագիր: Սակայն, ինչպես տեսնում ենք, դպրոցները միշտ չէ, որ այս հարցում հաշվի են առնում ծնողական համայնքի կարծիքը, այսինքն՝ նրանց, ովքեր պետք է աջակցեն ծրագրի իրականացմանը: Ի դեպ, ծրագիր չեն կարողանում մտել գյուղական շատ դպրոցներ, որոնք ի վիճակի չեն վճարել համայնքից պահանջվող մասնաբաժինը՝ 40 տոկոսը: Վերջերս ՀԲ-ի եւ կառավարության միջեւ ծավալված բանակցության արդյունքում որոշվել է, որ 218 դպրոց համակարգիչ ստանա անվճար: Դրանք կլինեն սահմանամերձ, բարձրադիր լեռնային շրջաններում տեղակայված դպրոցները եւ հատուկ դպրոցները, որոնք որեւէ կերպ չեն կարող նույնիսկ նվազագույն գումար վճարել։ «Այս գործընթացը կշարունակվի, մինչեւ մեր դպրոցական համակարգը հագենա համակարգիչներով, որ երեխան դպրոցն ավարտելուց հետո ծանոթ լինի ոչ թե համակարգչի միայն արտաքին տեսքին, այլ համակարգչից օգտվելու առնվազն նվազագույն գիտելիքներ ունենա»,- ասում է Վ. Սարգսյանը: