Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն զանգը կփրկի

Դեկտեմբեր 18,2006 00:00

Մայիսմեկյան կոչեր գիտության ոլորտի բարեփոխումների մասին

Վերջին շրջանում ԳԱԱ ինստիտուտներին առաջարկվել էր քննարկել «Գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթներ», որոնք իբրեւ թե միտված են Հայաստանի գիտությունը դուրս բերելու նրա այսօրվա մեռյալ վիճակից: Սակայն պարզվեց, որ նրանում իշխողը կեղծիքներն են՝ մայիսմեկյան լոզունգների տեսքով, իսկ նպատակը` «սայլը» տեղում թողնելը: Մեծագույն սուտը սկսվում է նրանից, որ իբրեւ թե գիտությունը Հայաստանի անկախության տարիներին «մշտապես գտնվել է պետության ուշադրության ներքո»: Սակայն բոլորին է հայտնի, որ իրականությունը ճիշտ հակառակն է եղել: Մեր իշխանությունները այդ տարիներին գիտությունն ու գիտնականին այնպիսի ստորացումների են ենթարկել, որը կարող էր հասցնել միայն թշնամական երկրների դիվերսիոն կազմակերպությունը:

Նույնը շարունակվում է հիմա: Բավական է հիշեցնել, որ ԳԱԱ համակարգի բարձրորակ պրոֆեսորը երկու անգամ ավելի ցածր է վարձատրվում, քան դպրոցի ուսուցիչը: Ինչպես երեւում է սույն «Հայեցակարգից», մերոնք մտադիր են այդ բացը «լրացնել» կեղծ խոստումներով, իսկ իրականում Հայաստանը դարձնել հետամնաց եւ ոչ մրցունակ մի տարածք, որը չի կարող չդառնալ իր հարեւանների ավար: Մեծ հավանականությամբ «Հայեցակարգը» կազմել են մարդիկ, որոնք կարող է եւ գիտության պրոֆեսորներ կամ ակադեմիկոսներ են, սակայն այնպիսին, որ տեղյակ չեն, թե ինչո՞ւ է ազգը գիտական եւ կրթական համակարգ պահում կամ ինչո՞ւ չի կարելի «Հայեցակարգի» հեղինակների գիտելիքներով առաջնորդվելով՝ հասնել որեւէ առաջընթացի: Դա հետեւում է փաստաթղթի ոչ բոլոր դրույթներից: Մանավանդ նրանցից, որոնք միտված են նախ՝ քողարկելու եւ ապա նաեւ՝ շարունակելու այն ավերները, որոնք «մեծ հոգատարությամբ» տարվել է վերջին տասնամյակում: Համոզիչ լինելու համար բերեմ մի քանի ակնառու օրինակ: Այսպես, ըստ «Հայեցակարգի», եթե բյուջեի 0,3 տոկոսից գոնե մի քիչ ավելի հատկացվի գիտությանը (ասենք՝ 1 տոկոս), ապա Հայաստանի գիտությունը մեծ առաջընթաց կապրի: Սուտ է, որի նպատակն է ասելու, որ եղածը լավ ու գերազանց է, իսկ հիմա մնում է «մի քիչ» ինտենսիֆիկացնել կատարվող հետազոտությունները եւ ամեն ինչ օքեյ կդառնա: Դա այն դեպքում, երբ «Հայեցակարգի» «գիտնական» կոչվածների ճնշող մեծամասնությունը զբաղված է հայտնի ճշմարտություններ տիրաժավորելով, այսինքն՝ պետական միջոցները քամուն տալով: Մինչդեռ, եթե «Հայեցակարգի» հավանած «գիտնականներին» նույնիսկ տրվի Հայաստանի ամբողջ բյուջեն, նրանք մի քանի օրում կմարսեն՝ գիտության կրակին «մի չոփ» չավելացնելով: Պատճառն ակնհայտ է. ինչպես եւ մինչեւ հիմա, Հայաստանում շարունակում է «գիտնական» կոչվել (այսինքն՝ սկզբունքային նորույթ բացահայտող մարդ-արարած) նա, ով գիտնականի տեղեկանք (այսինքն` դիպլոմ) ունի: Աճպարարության գաղտնիքն այն է, որ Հայաստանում գիտական լիդերի հնարավորությունների չափող-փաստագրողը, ինչպես եւ խորհրդային տարիներին, շարունակում է մնալ «ամենակարող» պետական չինովնիկը: Նա էլ բնագավառի անցուդարձերի մասին ունենալով միայն սիրողական մակարդակ, պետական կարեւորության խնդիրները լուծում է սեփական գիտելիքի չափով: Իսկ թե ինչ է ստացվում այդպիսի «ինքնագործունեությունից», հայտնի է բոլորին: Այլ կերպ հնարավոր էլ չի վարվել, քանի որ նա իր ձեռքի տակ ունի գնահատելու մի ուղեցույց, որն ունակ է միայն շարքային միջակություններ ծնելու: Հենց այդպիսի սկզբունքների հավաքածու էլ մտադիր է սույն «Հայեցակարգը» «կոտրելու» Հայաստանի գիտության եւ գիտնականների գլխին:

Ի՞նչ անել: Միայն մի բան՝ հասկանալ ու գիտակցել, որ խնդիրը պետք է լուծել միայն հիմնավոր եւ միայն գիտական հենքի վրա: Իսկ դա հնարավոր է միայն գիտության բնագավառների իրական լիդերների, այլ ոչ թե «լիդերի տեղեկանք» (դիպլոմ) ունեցողների խելքով առաջնորդվելով: Իսկ դրա համար շատ բան պետք չի անել: Բավական է ունենալ միայն գիտակցված պատասխանատվություն՝ գիտության եւ ազգի բախտի հանդեպ, քաղաքական կամք եւ մի «հեռախոսային զանգ»: «Զանգ»-ը երկրի նախագահի կամ վարչապետի կողմից պիտի լինի, մամուլի եւ հեռուստալրագրողների ներկայությամբ՝ ԳԱԱ նախագահին եւ այն մասին, որ եթե նա վեց ամսում չկարողանա տնային կալանքներից ազատագրել գիտության բոլոր բնագավառների իրական եւ ոչ թե «տեղեկանքներով» ապահովագրված լիդերներին, գործից կազատվի առանց որեւէ վերապահման: Այդ պահից սկսած, ԳԱԱ ղեկավարը կդադարի լինել չինովնիկ եւ իրեն կզգա որպես իրական ազգային գործիչ կամ գիտության եւ գիտնականների բանակի գեներալ: Այնժամ կտեսնեք, որ նա իրոք ունակ է հաշված օրերում բացահայտել եւ երկրի կարիքների համար գործի լծել այնպիսի մասնագետների բանակ, որը երբեք էլ չի կարող հավաքագրել եւ ոչ մի այնպիսի «Հայեցակարգ»՝ ինչպիսին շրջանառության մեջ դրված ծաղրանկարայինն է: Իհարկե՝ եթե Հայաստանին գիտնական ու գիտություն է պետք եւ ոչ թե խոսակցություն այդ մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել