Ըստ ակադեմիկոս Յուրի Սարգսյանի՝ կամայականորեն
Երեկ ԳԱԱ ընդհանուր ժողովն իր քվեարկությամբ հաստատեց մեկ օր առաջ բաժանմունքների կողմից ընտրված թղթակից անդամների թեկնածությունը: Ինչպես փորձը խոստանում էր, այս անգամ ընդհանուր ժողովն անակնկալներ չմատուցեց: Շատերը սպասում էին, որ ընդհանուր ժողովը, հնարավոր է, չհաստատի մի քանիսի թեկնածությունը, որովհետեւ, եթե բաժանմունքներում ընտրողները քիչ են եւ համաձայնության գալը հեշտ է, ապա այս դեպքում ընտրողները նաեւ ոչ մասնագետ ակադեմիկոսներ են, տվյալ բաժանմունքից հեռու, թվով անհամեմատ շատ եւ հետեւաբար՝ ռիսկերն էլ շատ կլինեն:
Երեկ ընդհանուր ժողովի կողմից դժվարությամբ են թղթակից անդամ ընտրվել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը (ընդամենը մեկ ձայնի առավելությամբ) եւ ԲՈՀ-ի նախագահ Արմեն Թռչունյանը: Այս առումով, ըստ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, քիչ ավելի «բարվոք» վիճակում է եղել ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը: Գիտնականներն ասում էին, որ ակադեմիկոսները հատկապես դժկամությամբ են ընտրում պաշտոնյաներին:
Ռ. Մարտիրոսյանն ասում էր, որ Ա. Սիմոնյանի դեպքում գուցե նրան խանգարել է երիտասարդ լինելու հանգամանքը, ինչի պատճառով բավականաչափ աշխատանք չի հասցրել կատարել, «բայց մյուս կողմից էլ՝ ԵՊՀ կառույցը շատ բարդ է, եւ պետք է նրա ղեկավարին խրախուսել, համալսարանի ռեկտորը համալսարանի հեղինակությանը համահունչ պետք է գնա»:
Բաժանմունքների ընտրությունների արդյունքում թափուր է մնացել թղթակից անդամի 2 տեղ՝ ինֆորմատիկա եւ օրգանական քիմիա մասնագիտություններից: Եվ այսպիսով՝ ակադեմիան համալրվեց եւս 36 թղթակից անդամներով՝ նրանց թիվը հասցնելով 60-ի եւ գրեթե հավասարվելով իսկական անդամների թվին. վերջիններս 65-ն են: Արդյունքում՝ պետական բյուջեից յուրաքանչյուր ամիս 86-հազարական դրամ պատվովճար կտրամադրվի թղթակից անդամներին եւ 100-հազարական դրամ՝ իսկական անդամներին: Շեշտենք՝ սա միայն պատվովճարն է: Իսկ դրա դիմաց ի՞նչ են անում մեր գիտնականները: Ես չէ, որ պետք է այդ հարցը քննարկեմ. ակադեմիկոս Յուրի Սարգսյանը մի համեմատություն է անում. պուդինգի որակը, ըստ նրա, գնահատվում է դրա ուտելիությամբ, ինչպես գիտնականինը՝ իր արած գործերի պիտանելիությամբ, այսինքն՝ թե դրանք որքանով են ընթերցվում, կիրառվում, օգտագործվում եւ այլն: Այս առումով ակադեմիկոսը դժգոհ է այն չափանիշներից, որոնցով ընտրվեցին թղթակից անդամները: Ըստ Ռադիկ Մարտիրոսյանի, չափանիշներից մեկը եղել է այն, թե քանի մարդ է հղում արել տվյալ հեղինակի գործերին, մյուս չափանիշը՝ թե ինչպիսի կադրեր է պատրաստել տվյալ անձը, քանի դոկտոր եւ քանի գիտության թեկնածու է տվել, ինչ վաստակ ունի՝ գոնե լաբորատորիայի վարիչ, ռեկտոր կամ պրոռեկտոր, տնօրեն եղե՞լ է, թե՞ ոչ: Հետաքրքիր է, եթե թղթակից անդամը պետք է նման պաշտոններ զբաղեցրած լինի, էլ ե՞րբ նա հասցրած կլինի ակտիվ գիտական գործունեությամբ զբաղվել եւ միջազգային ճանաչում ձեռք բերել: Օրինակ, գիտաշխատողներից մեկին, բաժանմունքներում կայացած ընտրություններից հետո, շատ զայրացրել էր այն փաստը, որ մաթեմատիկա մասնագիտությամբ չէր ընտրվել Նորայր Ենգիբարյանը, ով եղել է Վիկտոր Համբարձումյանի աշակերտը, ամբողջ կյանքը նվիրել է գիտությանը, 33 տարեկանում դոկտոր է դարձել եւ այլն:
Իսկ ի՞նչ աշխատություններ ունեն մեր ակադեմիայի նորընտիր անդամները: Երեկ բաժանմունքների ղեկավարները դժվարացան մանրամասն ներկայացնել, թե մասնավորապես պաշտոնյաների դեպքում դրանք քանիսն են եւ որքանով են միջազգայնորեն ճանաչված: Օրինակ, ԿԳ փոխնախարարի մասին խոսելիս մաթեմատիկայի, մեխանիկայի եւ ինֆորմատիկայի բաժանմունքի ղեկավար Նորայր Առաքելյանն ասաց միայն, որ նրա մասին արտասահմանցի մի հեղինակավոր անձից դրական կարծիք է եկել: Իսկ հայագիտության ու հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի մասին ասաց, որ նա արտասահմաններում ելույթներ ունեցած, մոսկվաներում կրթություն ստացած, լայն մտահորիզոնով երիտասարդ է: Նա առաջարկեց ծանոթանալ այն գրականությանը, որ ներկայացրել են թեկնածուները: Դրանց մեջ էին, օրինակ, Արամ Սիմոնյանի համահեղինակած «Արեւելյան Հայաստանի պրոլետարիատի պատմությունը», «Անդրկովկասի բանվորությունը վարձու աշխատանքի համառուսաստանյան շուկայում», «Զանգեզուրի գոյամարտը 1920-21 թթ.», Գառնիկ Անանյանի գրքերի փաթեթը, որտեղ Նիկոլ Աղբալյանին նվիրված մի մեծ շարք կար, իսկ գրքույկներից մեկում էլ նա Հայաստանի ձեռք բերած անկախությունը պատուհաս է համարում:
Անդրադառնալով ակադեմիկոս Յու. Սարգսյանի կարծիքին, ավելացնենք, որ նա դժգոհ է նաեւ այն սկզբունքից, որով ընտրվել են թղթակից անդամների տեղերը. «Տեխնիկական գիտություններն ըստ էության ամբողջովին անտեսվել են, տեղերի ձեւավորումը չի արտապատկերում մեր գիտության կարիքները, զարգացման ուղղությունները: Դրանք շատ կամայական են ձեւավորվել»: