Որոշ գործարարներ աչք ունեն «Սեբաստիա» կրթահամալիրի վրա
«Սեբաստիա» կրթահամալիրում գործող մանկապարտեզը դեռ խորհրդային տարիներից հայտնի է իբրեւ Վերոնիկայի մանկապարտեզ եւ մայրաքաղաքում համարվում էր էլիտարներից մեկը: Ավելի ուշ մանկապարտեզին կից բացվեց նաեւ հանրակրթական դպրոց: Այս օրերին Մալաթիա-Սեբաստիա համայնքի կրթության եւ մշակույթի բաժինը քննարկում է «Սեբաստիա» կրթահամալիրի կազմում գործող դպրոցը փակելու հարցը: Բաժնից ստացված պաշտոնական հիմնավորումն այն է, որ դպրոցը թերհագեցած է: Տարածքի բնակիչներն ասում են, որ կրթահամալիրի մի մասը սեփականաշնորհելու ցանկություն են հայտնել նախ գործարար Սամվել Ալեքսանյանը եւ ապա՝ համայնքի կրթության վարչության պետի հարազատները: Իսկ դա հնարավոր կլինի, երբ փակվի դպրոցը եւ շենքը բավականաչափ դատարկվի:
«Սեբաստիա» կրթահամալիրի տնօրեն եւ հիմնադիր Վերոնիկա Գեւորգյանը կարծում է, որ մանկապարտեզին կից գործող հանրակրթական հաստատությունն ապահովում է երեխայի ուսուցման շարունակականությունը: 28 ուսուցիչ, 120 աշակերտ, 11 դասարան ունեցող այս դպրոցը հանրակրթական է, գրանցված է նախարարությունում, ունի լիցենզիա: Տնօրենի խոսքերով՝ իրենք հետեւում են պետական բոլոր ծրագրերին, տարեկան 8-11 շրջանավարտ են ունենում: «Ես դպրոց եմ կառուցել առանց պետական միջոցների՝ սեփական ուժերով: Այժմ ուզում են աշխատավարձից զրկել, որը կոպեկներ արժե: Օպտիմալացման ծրագիրն ուզում են մեզ վրա էլ տարածել, բայց ես դա թույլ չեմ տա,- մեզ հետ զրույցում ասում էր Վ. Գեւորգյանը:- Ով երեխաների օջախը քանդեց, երկօրյա կյանք չի ունենա: Ավելի լավ է արտադրամաս վերացնել, բայց երեխայի հոգին չջարդել: Չէ՞ որ նա դպրոցի հետ կապվել է ամուր թելերով, քանի որ վաղ հասակից այստեղ է մեծացել»: Վերոնիկա Գեւորգյանին անհանգստացնում է, որ կրթօջախում արդեն լարվածություն է առաջացել. «Երեխաները բավականին հասկացող են: Վերջերս, երբ համայց կատարեցի դպրոցում, երեխաներից մեկը ձեռք բարձրացրեց ու ասաց՝ ընկեր Վերոնիկա, մենք սեպտեմբերից էլ այս դպրոցը չպիտի՞ գանք»,- հուզված պատմում էր տիկին Գեւորգյանը:
Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Արեւ Պետրոսյանը, մեր խնդրանքով պարզաբանելով խնդիրը՝ ասաց, որ այս ամենը դեռ մտորումների մակարդակի վրա է: «Կարծում եմ՝ այս կրթօջախների լինելությունը պատճառաբանված չէ, 7, 8, 10 երեխայով դասարան պահելը՝ եւս: Ո՞րն է այդ երեխաների առանձնահատկությունը, իսկ եթե հատուկ ընդունակությունների տեր են, դա պիտի ճշտվի»: Նա նաեւ զարմանք հայտնեց, թե մի՞թե համայնքի 23 հանրակրթական դպրոցները չեն կարող բավարարել այդ 100 երեխային:
Իսկ տնօրենն իր հերթին բացատրում էր, որ երեխաների փոքր թիվը թույլ է տալիս ավելի որակյալ ուսուցում ապահովել, ավելի երկար ժամանակ տրամադրել յուրաքանչյուր երեխայի: Նաեւ տեղեկացրեց, որ իր շրջանավարտներից գերազանցիկի թոշակ ստացողներ էլ կան։ Մեր խոսակցության ընթացքում տնօրենը հիշեց, թե ինչպես ժամանակին քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանից մանկապարտեզին կից տարածք է խնդրել՝ դպրոցականների համար կրթօջախ հիմնելու համար։ Սակայն այդ խնդրանքը մերժվել է, բայց ավելի ուշ «Շանթ» ընկերությունն այդ տարածքում մեքենաների վաճառքի կետ է հիմնել, եւ դպրոցը ստիպված տեղակայվել է մանկապարտեզի շենքում:
«Սեբաստիա» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Վ. Գեւորգյանը չի դժգոհում թաղապետարանից. «Համայնքից դժգոհ չեմ։ Նրանց համեստ աջակցությամբ կրթահամալիրը գազիֆիկացրել եմ, այժմ ջեռուցում ունեմ։ Իսկ հովանավորները փոխանակ օգնեն, քիչ-քիչ ձեռքները քաշում են մի կողմ եւ ողջ ծանրությունը թողնում թաղապետի վրա։ Իսկ նա ո՞ւմ, ինչպե՞ս հասնի»,- հարցնում է Վ. Գեւորգյանը։ Հիմա տնօրենի միակ ցանկությունն այն է, որ դպրոցին ձեռք չտան, թողնեն ինքնակառավարվել, որովհետեւ այսօր դպրոցը նաեւ մանկապարտեզի կայուն գործունեությանն է նպաստում:
Մանկապարտեզում մեզ վստահեցնում էին, որ կրթահամալիրի շուրջ խոսակցություններն սկսվել են դեռ Ա. Պետրոսյանի պաշտոնավարման առաջին իսկ օրերից: «Ինչո՞ւ մեզ բանի տեղ չեն դնում, թող մի օր բաժնի վարիչները մեր կարծիքն էլ հարցնեն: Իրենց այս գործունեությունը նրանք չեն պատճառաբանում, այնպես են գործում, որ հետո փաստի առաջ կանգնենք»,- ասաց Վ. Գեւորգյանը: Իսկ «Սեբաստիա» մանկապարտեզի վաստակավոր մանկավարժ Սոֆիկ Սարգսյանը առաջարկում է Ա. Պետրոսյանին գալ, զրուցել հիմնադիր-տնօրենի հետ, գուցե մի կոնկրետ բան պարզեն: Վ. Գեւորգյանը վստահեցրեց, թե չի կանգնելու ոչ մի դժվարության առաջ, նա որոշել է Անդրանիկ Մարգարյանին էլ նամակ գրել: «Այս ամենը ես եմ ստեղծել: Շատ հեշտությամբ ոչնչացնում են արժեքները՝ անարժաններին մի քանի կոպեկ շպրտելու համար, ես դա թույլ չեմ տա: Քանի դեռ սեբաստացիները կան, ոչ ոք չի կարող այս շենքին էլ, դրվածքին էլ մոտենալ։ Նրանք մեծ բաժին ունեն այս ամենում»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ