ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ առաջին
ՕԺԱՆԴԱԿ ՁԵՌՆԱՐԿ
Ահա արդեն չորրորդ գիրքս եմ սկսում, ու շատերի պես ինքս է՛լ եմ էն կարծիքին, որ չնայած էս վեպիս հատորների քանակության առումով ահագին առաջացել եմ, բայց ժամանակային առումով համարյա նույն տեղերում եմ դոփում ու երբեմն նույնիսկ հետ է՛լ եմ նահանջում, եւ չնայած անցյալի ու ներկայի էս մշտական արձագանքներն իմ կարծիքով ամենեւին էլ նահանջի նշան չեն, բայց ընթերցողներիս մեջ կան մարդիկ, որոնց համար Սովետի ժամանակներին էս անդրադարձներս հեչ հետաքրքիր չեն, ու հետաքրքիրն էն է, որ էդպես մտածողները ո՛չ թե մերօրյա լիբերալներն ու անկախության սերնդի մեր ջահելներն են, այլ՝ հենց նրանք, ում համար Սովետը ոչ միայն Սովետի օրոք էր հացուջուր, այլեւ հիմա՝ հենց էս պահին, ու հակառակի պես հենց էդ կարոտաբաղձներն են ամեն անգամ ինձ տեսնելիս ասում՝ «հերիք չի՞ մեր թվարկությունից առաջվա բաներ գրես», բայց իրենց էս ասածն ամեն անգամ մի ականջովս մտնում եւ մյուսով սահուն ու անարգել դուրս է գալիս, որովհետեւ ես արդեն հիմնավորապես եմ պարզել, որ մեր էս կյանքում ամեն ինչ հարաբերական է՝ ներառյալ «մեր թվարկությունից առաջ» հասկացությունը, էլ չեմ ասում, որ ինձ համար շատ դեպքերում անցյալն ավելի՛ ներկա է, քան՝ մեր էս ներկան, էլ չեմ խոսում էն ղարաբաղցու մասին, որին երբ հարցրել են` «ի՞նչ է նշանակում մ.թ.ա.», շատ հանգիստ պատասխանել ու ասել է՝ «մաքուր թոթի արաղ»:
Նկատել եմ, ու երեւի դուք էլ նկատած կլինեք, որ էն մարդիկ, ովքեր Սովետի օրոք կյանքն առանձնապես չեն վայելել, ավելի շատ են էդ ժամանակները հիշում ու էդ ժամանակներից խոսում, ու էդ մարդիկ՝ ներառյալ Հայրիկյան & ընկերները, իրենց էն տարիների չարչարանքներն ավելի են սիրում, քան՝ ներկայիս բուն կյանքը, որովհետեւ, երեւի, անցյալի էդ չարչարանքների մեջ են հայտնաբերում ու գտնում իրենց իսկ կյանքի բուն իմաստը, եւ Արշակյան Ազատն էլ, չնայած գիտակցական կյանքի կեսից շատն ազատության մեջ է անցկացրել, այդուհանդերձ, իր էն տարիների տաժանակրությունն ավելի շատ է հիշում ու առ էսօր էլ էդ տաժանակրությունից ահագին հետաքրքիր պատմություններ է կորզում եւ էդ տաժանակրությունը չտեսածներիս ու չպատկերացնողներիս պատմում, ու ես էլ, որ մի տարի շարունակ բանակիս օրերն էի շնչակտուր հաշվում, մի ամբողջ գիրք գրեցի իմ էդ միանգամայն անցանկալի ու միանգամայն ավելորդ կյանքից, այսինքն, փաստորեն, անցանկալին ու ավելորդն էլ են միանգամայն հարաբերական, եւ միակ կայունն ու մնայունն անցյալն է, ավելի ճիշտ՝ անցյալի մեջ մնացած ու վերջնականապես անցյալին ի պահ տրված մեր մանկությունն ու ջահելությունը, որոնք հավասարապես սիրելի ու հիշարժան են՝ անկախ էն հանգամանքից, թե ի՞նչ հասարակարգում են կայացել կամ, ընդհակառակը, ի՞նչ հասարակարգում կուտ գնացել ու չեն կայացել, այսինքն, ամենքս էլ մեր կարեւորագույն ու ամենազգայուն մասերով անցյալի մեջ ենք ու մեր հիմնական մասով արդեն պատմություն ենք, ու էս գրածս էլ, փաստորեն, ոչ թե ինքնակենսագրական կամ սովորական մի վեպ է, այլ՝ մաքուր ու իսկական պատմավեպ, ու չնայած էս գրածիս մեջ պատմական ճակատամարտերի նկարագրություններ ու վզների զանգուլակներն անընդհատ զնգզնգացնող նժույգներ չկան, այդուհանդերձ, պատմությունը մնում է պատմություն, անկախ էն հանգամանքից՝ երեք հազար տարվա՞ պատմություն է, թե՞ ընդամենը երեսուն, իսկ եթե պատմավեպն էլ եք ինձ շատ համարում, կարող եք համարել, որ էս գրածս ընդամենը մեր նորագույն պատմության մի հերթական ձեռնարկ է, ավելի ճիշտ՝ մեր նորագույն պատմության մի օժանդակ ձեռնարկ բուհերի ուսանողների կամ, ընդհակառակը, մտավոր որոշակի պակասություն ունեցողների համար, եւ եթե ձեր մեծահոգությունը քչություն չանի ու էս գրածս մեր նորագույն պատմության հերթական տարբերակ ու օժանդակ ձեռնարկ համարեք, ձեզ արդեն միանշանակ կհաջողվի ներողամտություն հանդես բերել ու չտեսնելու տալ էս գրածիս բազմաթիվ ու բազմազան վրիպումներն ու թերությունները, քանի որ մեր պատմության ու մանավանդ նորագույն պատմության բոլոր դասագրքերն են թերի՝ ներառյալ կոմունիստների, դաշնակցականների ու նաեւ էսօրվա իշխանությունների պատվիրած ու հրատարակած պատմության դասագրքերը, եւ, համոզված եմ, Բաբայան Սամոյի պատվիրածն է՛լ է թերի լինելու, Մանվելինն էլ, եւ եթե ՀՀՇ-ն ու ԱԺՄ-ն էլ երբեւէ որոշեն փող ծախսել եւ իրենց տարբերակները պատվիրել ու հրատարակել, էդ տարբերակներն էլ են միակողմանի ու թերի լինելու, էնպես որ՝ իմ հենց էս տարբերակն է լինելու, մնալու ու հանդիսանալու մեր նորագույն պատմության համեմատաբար օբյեկտիվ ու համեմատաբար չպատվիրված տարբերակը, ու «համեմատաբար» բառն էս դեպքում միանգամայն տեղին է, որովհետեւ, այնուամենայնիվ, էս գրածս է՛լ պատվիրատուներ ունի, ու էդ պատվիրատուները ձեր մասով դուք եք ու իմ մասով՝ ես, իսկ ինչ վերաբերում է էս գրածիս հրատարակիչներ Արամ Աբրահամյանին, Ռուբեն Հայրապետյանին ու Վան Արյանին, նրանք ո՛չ միայն ինձ որեւէ պատվեր չեն տվել, այլեւ էս գրածներս միայն տպագրվելուց հետո են կարդում. եթե, իհարկե, կարդում են:
Եթե մեր նորագույն պատմության իմ էս տարբերակն ու իմ էս պրակներն է՛լ ժանրային առումով ձեզ չեն բավարարում, վերստին կարող եք էս գրածս արձակ համարել, ընդ որում՝ միանգամայն թերի ու թույլ արձակ, ու ես էս դեպքում էլ որոշակի արդարացում ու ալիբի ունեմ ո՛չ միայն էն առումով, որ մեր հայրենի գրականությունը բերնեբերան լիքն է թույլ, ներելի ու ներված արձակով, այլեւ էն առումով, որ էս արձակ զբաղմունքով տարվելու ու գայթակղվելու նախաձեռնությունն էլ առանձնապես իմը չի, ու արդեն քսան տարի կլինի՝ Գրիգորյան Սեյրանը, Երմոնյան ու «Ղարաբաղ» կոմիտեի Սամսոնն ինձ հորդորում ու համոզում էին արձակ սկսել, եւ իրենց էդ յորդորակի հիմքը դեռեւս Սովետի օրոք տպագրածս մի քանի պատմվածքներն էին, ու չնայած Սովետի օրոք գրված ու տպագրված էդ պատմվածքներս Հայկունն ու Օրթախ Աբոն չէին կարդացել, իրենք է՛լ էին մի գլուխ ինձ համոզում արձակի անցնել, այսինքն՝ էս երկուսն առանց որեւէ հիմքի էին հանձն առնում էս գրածիս ու գրելիքիս պատասխանատվությունը, եւ հիմա էս արձակիս ողջ պատասխանատվությունն էդ երկուսի, Երմոնյայի, Սեյրանի ու «Ղարաբաղ» կոմիտեի Սամսոնի վրա բարդելով՝ ահա սկսում եմ, ավելի ճիշտ՝ վերսկսում եմ, ու էսպես՝ ինքս ինձ տրամադրելով եմ վերսկսում ու չնայած էս գիշեր նորմալ չեմ քնել, բայց տրամադրությունս լավ էլ տեղն է, որովհետեւ մինչեւ գիշերվա չորսն ընտանյոք «Եվրատեսիլի» մրցույթն էինք նայում ու Անդրեին էինք բալետ անում, ու մեր չքնելու դիմաց Անդրեի գրաված ութերորդ տեղը շատ էլ պատվավոր էր, մանավանդ որ՝ Անդրեն լավ հուզված էր ու հնարավորինս փչացրեց էդ, ուրեմն, երգ կոչված երեւույթը, ու ես, ի տարբերություն մեր տնեցիների, հենց իր էդ հուզվելն ու շփոթվելը հավանեցի, ու հիմա, ի տարբերություն մեր տնեցիների, Անդրեի ու հայոց լոբբինգի էդ հաջողությունը թոթափելով՝ փորձում եմ իմ հիմնական գործին անցնել, բայց ականջներիս մեջ էլի Անդրեն է, որովհետեւ մերոնք արդեն զարթնել ու նվագարկիչը քոքել են, ու չնայած «Եվրատեսիլի» մրցույթն էս գիշեր է պրծել, բայց փոքրս կիսաեզրափակիչի ձայներիզն արդեն ճարել է, ու ես մեր էս շուշաբանդից իրեն ձայն տալով՝ խնդրում եմ, որ Անդրեին հանգիստ թողնի ու երրորդ տեղը գրաված Բոսնիա-Հերցեգովինայի երգչի երգը միացնի, որովհետեւ էդ երգն է՛ն երգերից է, որոնք լսողի մեջ վերականգնում են էս մինուճար կյանքի իմաստը, եւ եթե ձեզանից ոմանք էս ասածս երաժշտական ցածր ճաշակ կամ երաժշտական ճաշակի իսպառ բացակայություն համարեն, առանձնապես ողբերգություն չեմ ապրի, որովհետեւ հաճախ մեզ հենց մեր ցածր ու սահմանափակ ճաշակն է ի կյանք ու ի գործ մղում, եւ հաճախ շատերին հենց բարձրաճաշակությունն ու նրբաճաշակությունն են խանգարում էս կյանքով անմնացորդ ոգեւորվել ու ոգեշնչվել, եւ եթե ուրիշների գրականությամբ ոգեւորվելն ու ոգեշնչվելն ինձ հազվադեպ է հաջողվում, չափազանց հեշտ եմ ոգեւորվում ու ոգեշնչվում ուրիշների երգածով ու նվագածով, ընդ որում՝ հեչ պարտադիր չի, որ ոգեշնչմանս առարկան Մոցարտ կամ, ասենք, Սալյերի լինի, եւ բոսնիացիների էս ելեւէջներն էլ միանգամայն բավարար են, եւ երաժշտական ցածր ճաշակս էլ բնավ չի նշանակում, թե բոսնիացիների էս երգածը ցածրակարգ կամ երկրորդ կարգի է, եւ եթե նույնիսկ երկրորդ կարգի երաժշտություն է, դա դեռ չի նշանակում, թե լավ երգը կարող է երկրորդ կարգի լինել, ու բոսնիացիների էս երգը, որ հենց էս պահին ինձ ոգեշնչում եւ ի գործ է մղում, դրա միանշանակ ապացույցն է. կարող եք ինքներդ լսել եւ համոզվել, ահա՝ «լա՛-լա-լը՜, լա՛-լա-լը՜, լա-լա-լա-լա-լա-լա՜-լա-լը՜»:
Համոզված եմ, որ չհամոզվեցիք, եւ չհամոզելուս պատճառը ոչ միայն նոտաների չիմացությունս է, այլեւ, առավել եւս, օտար լեզուների իմ ու ձեր չիմացությունը, ինչպես նաեւ՝ երաժշտության ու երգասացության գերազանցությունն այլ արվեստների եւ այլ զբաղմունքների հանդեպ, ու չնայած երաժշտության ցածրակարգն է՛լ կա ու գոյություն ունի, բայց էդ ցածրակարգը բնավ էլ ժանրային առումով չի ցածրակարգ, ավելին՝ ինչքան երաժշտությունը բարձրակարգ է, էնքան ավելի է անտաղանդ կատարողի անտաղանդությունն աչք ու ականջ ծակում, ու առ էսօր մեծն Մոցարտի հզոր երաժշտությունն ի վիճակի չի եղել անհարմար վիճակից դուրս բերել որեւէ անտաղանդ կատարողի, եւ եթե երգահանն է անտաղանդ, իր էդ անտաղանդությունն ավելի է աչք ու ականջ ծակում, երբ էդ անտաղանդությունը սողոսկում է սիմֆոնիկ ու դասական տարածքներ, ու էս բաները գրելիս, ահա, զգում եմ, թե ինչքան հեշտ է ուրիշներին քննադատելը, ու նոր եմ հասկանում՝ ինչու էր Օստապ Իբրահիմովիչն ամենից ավելի երաժշտական քննադատ դառնալ ձգտում, քանի որ, ինչպես տեսնում եք, քննադատության դեմ երաժիշտները շատ ավելի անպաշտպան են, քան, ասենք, գրողներս, որովհետեւ գրողներս գրաքննադատների մեսրոպատառ քննադատությանը հենց մեսրոպատառ էլ պատասխանում ենք, եթե, իհարկե, հավես ու զահլա ենք ունենում, մինչդեռ խեղճ երաժիշտները չեն կարող երաժշտական քննադատներին երաժշտությամբ` երգով կամ նվագով պատասխանել, ու մանավանդ հայ երաժիշտների բարեբախտությունն էլ էն է, որ, ի տարբերություն մեր Գրողների միության, Կոմպոզիտորների միությունը պաշտոնաթերթ ու ամսագիր չունի, ու երաժշտական քննադատությունը, փաստորեն, իրացվելու ու իրականացվելու ասպարեզ գրեթե չունի, եւ, ի տարբերություն հայ գրականագետների ու գրաքննադատների, հայ երաժշտագետներին ու երաժշտական քննադատներին Բեյրութ գնալու եւ Անթիլիասի կամարների տակ իրենց երաժշտական քննադատությունը հնչեցնելու հնարավորություն չի տրվում, եւ եթե էդպիսի հնարավորություն տրվեր էլ, էդ հնարավորությունից դժվար թե լիուլի օգտվեին. այսինքն, եթե հայ գրաքննադատն իր անսահմանափակ հնարավորություններն օգտագործելով՝ Անթիլիասի վանքապատկան սրահներում իմ «Անտիպոեզիայի» դեմ ինչ-որ երկարաշունչ տրակտատ է գոռգոռում, չեմ կարծում, թե երաժշտական քննադատը հնարավորության դեպքում նույնն աներ. այսինքն, չեմ կարծում, որ հայ երաժշտական քննադատն Անթիլիասի եկեղեցապատկան ամբիոնից չափազանց սպեցիֆիկ ու չափազանց նեղմասնագիտական մի հարայհրոց բարձրացներ Թաթայի, Թաթուլի, Տոտիկի եւ նույնիսկ Սպիտակցի Հայկոյի վերաբերյալ:
Ուզում եմ ասել, որ հայ երաժշտագետի ու հայ գրականագետի միջեւ որոշակի տարբերություն, այնուամենայնիվ, գոյություն ունի, եւ միշտ չէ, որ էդ տարբերությունը գրականագետների օգտին է, որովհետեւ, էլի եմ ասում, ցանկացած գրող ցանկացած գրականագետի կարող է միանգամայն համարժեք պատասխան տալ հենց էդ գրականագետի լեզվով, ու եթե առ էսօր իմ էդ գրողական հնարավորությունից չեմ օգտվել, պատճառը ոչ թե խղճահարությանս ավելցուկն է կամ, ասենք, ժամանակս իրենց վրա չմսխելու անզուսպ ցանկությունս, այլ այն, որ ես արդեն որոշել եմ էդ մարդկանց շատ ավելի դաժան պատժի արժանացնել՝ գրելով, այսպես ասած, մի անվերջանալի վեպ, որն իրենց կյանքից ավելի երկար է տեւելու, եւ եթե առավել պնդերեսներն ու պնդաճակատները հաջողացնեն ինձանից ավել ապրել, միեւնույն է, հնարավորություն չեն ունենալու էս գրվածքիս անդրադառնալ թեկուզ էն առումով, որ էս գրվածքիս թերությունները՝ որ իրենք պիտի նշեն ու շեշտեն, մեկ առ մեկ ինքս եմ նշում ու շեշտում ու էդ ոգով էլ շարունակելու եմ՝ դեռեւս չնշածներս ու չշեշտածներս նշելով ու շեշտելով, եւ եթե նկատել եք, նույնիսկ էս գրածիս դրական կողմերն եմ նշում ու շեշտում՝ գլուխգովանության որեւէ հարմար առիթ բաց չթողնելով:
Այսինքն, գրականագետներին ու գրաքննադատներին, փաստորեն, անելիք չեմ թողնում: Իմ փայով, իհարկե: Ու եթե պնդաճակատներից մեկն, այնուամենայնիվ, փորձի դայլայլել, չափազանց ծիծաղելի վիճակի մեջ կհայտնվի ո՛չ միայն էն պատճառով, որ այսօր իրենց էդ գեղգեղոցներին ականջ դնող չկա, այլեւ էն պարզ պատճառով, որ, էլի եմ ասում, իրենք չեն կարող իմ մասին ասել մի բան, որը ես չեմ ասել կամ չեմ ասելու. այսինքն, եթե իմ մասին որեւէ բան դեռեւս չեմ ասել, առաջիկայում անպայման ասելու եմ: Եթե, իհարկե, Աստված կամենա:
Աստված առայժմ կամենում է, որ միանգամայն անմարդկային բաներով զբաղվեմ, ու մինչ քրտնմխած Քոչարյանն էս դժվարին օրերին աջուձախ աշխատատեղեր է բաց անում, ես էդ նույն ոգով ու էդ նույն ընթացքում, փաստորեն, գրաքննադատների աշխատատեղերն եմ կրճատում, չնայած, եթե կուզեք ճիշտն իմանալ, իրե՛նք են իրենց իսկ ձեռքով իրենց կրճատում իմ ու արդի մյուս գրողների մասերով, եւ երբ իրենք Պեպանյանի ու մանավանդ Պետրոսի հաղորդումների ժամանակ հայտարարում են, որ էսօր ո՛չ գրող կա եւ ո՛չ էլ՝ գրականություն, խեղճերը չեն էլ հասկանում, որ իրենց էդ հայտարարության պահից սկսած՝ իրենք արդեն իսկ կրճատվում են, որովհետեւ առանց գրողի ու առանց գրականության՝ գրաքննադատը նման է մի ֆուտբոլիստի, որը փորձում է առանց գնդակ ֆուտբոլ խաղալ, ու չնայած երբեւէ նույնիսկ Պելեի մտքով չի անցել էդպիսի բան անել, բայց մեր գրաքննադատները վաղուց են խորացած էդ առանց գնդակ խաղի մեջ. մի գլուխ իրենք իրենց պաս են տալիս, իրենք իրենցից պաս են ստանում, ֆինտուֆլուշկեքով՝ առանց գնդակի իրենք իրենց խաբսեր են տալիս ու վիրտուալ գոլեր են խփում, այնուհետեւ ցնծագին թռչկոտելով՝ մայկեքը հանում են, առանց հասկանալու, որ իրենց զառամյալ մարմիններն ու կախ ընկած մսերն ամենեւին էլ վիրտուալ չեն. ընդհակառակը, հույժ իրական ու հույժ հակաէսթետիկ են, ընդ որում՝ ոչ միայն չեղած ու վիրտուալ գրողներիս կարծիքով:
Էլի ինձանից նեղանալու են, ընդ որում՝ նեղանալու են հատկապես ու առանձնապես նրանք, ում էս վիրտուալ ֆուտբոլի հանգամանքներում ամենեւին նկատի չունեի, որովհետեւ նրանք, ում հատկապես եւ առանձնապես նկատի չունեմ, նույնպես չեն հասկանում, որ իմ էս գրվածքը ո՛չ թե հոդված է, այլ՝ վեպ, եւ եթե իրենց ու մի քանի այլ բացառիկներին անուն առ անուն նշեմ, էս գրածս անմիջապես հոդված կդառնա, ու իմ չուզածն էլ հենց դա է, որովհետեւ առանց էդ էլ ընթերցողներիս մեջ էլ քիչ չեն էնպիսիք, որոնք ամեն ինձ տեսնելիս ասում են, որ «Առավոտի» շաբաթօրյա համարներում կարդում են հոդվածս:
Այդուհանդերձ, մեր շարքերում կան գրողներ, որոնք շատ ավելի անտեղյակ ու արտառոց ընթերցողներ ունեն, քան իմոնք են, ու էդ ամենաարտառոցներից մեկը պատկանում է անձամբ Հրաչիկ Մաթեւոսյանին, եւ էդ մեկին անձամբ եմ տեսել, ու տեսածս հետեւյալն է. տարիներ առաջ, երբ Հրաչյա Մաթեւոսյանի պատմվածքների «Մաճկալներ» ժողովածուն նոր-նոր էր լույս տեսել, ու Հրաչիկի հետ Պրոսպեկտով իջնում էինք, մեկ էլ դեմներս դուրս եկավ իր համագյուղացիներից մեկը՝ էն ժամանակ հիսունն անց մի տղամարդ, եւ Հրաչիկն իր համագյուղացուն ներկայացրեց ու ասաց՝ «ծանոթացիր, Արմեն, մեր Ահնիձորի ֆերմայի վարիչն է», ու չնայած Հրաչիկն էդ մարդու անունն էն ժամանակ ասաց, բայց անունը հիմա չեմ հիշում, եւ երբ ես ու Ահնիձորի ֆերմայի վարիչն իրար ձեռք սեղմեցինք, ֆերմայի վարիչն առանց ինձ նայելու՝ Հրաչիկին ասաց՝ «ընկեր Մաթեւոսյան, կարդացի ձեր գիրքը. շատ լավն էր», եւ Հրաչիկը, չնայած էդ պահի դրությամբ ընդամենն էդ մի գիրքն ուներ, ֆերմայի վարիչին հարցրեց՝ «ո՞ր գիրքս», ու ահնիձորցին հպարտ-հպարտ ձգվեց ու ասաց՝ «Մահճակալները»:
Ուզում եմ ասել՝ ամեն տեսակ ընթերցող էլ կա, եւ նրանք բոլորն էլ գոյության իրավունք ունեն հենց Աստծով, ու քանի դեռ Աստված էս մարդկանց հանապազօրյա հացից զատ նաեւ գիրք ու թերթ առնելու հնարավորություն է ընձեռում, իրենք կարող են համարել, որ իրենց էդ ընթերցողական ջիղը հենց Աստծուց է, եւ հայերիս մասով հաճախ ընթերցողական ու գրողական ջղերն ընդհանրական ու գրեթե նույնական են, եւ ահնիձորցի ֆերմայի վարիչն էլ բացառություն չէր, որովհետեւ շուրջ քսանհինգ տարի առաջ էսօրվա «SAS» խանութի մոտերքում տեղի ունեցած էդ հանդիպման վերջում «Մահճակալների» հեղինակն իր ցանցատոպրակից հանեց մի թղթապանակ, տվեց «Մաճկալների» հեղինակին ու ասաց՝ «պոեմներս են, ընկեր Մաթեւոսյան. եթե ժամանակ գտնեք՝ խնդրում եմ կարդաք», եւ, հիշում եմ, Հրաչիկը թղթապանակը վերցրեց ու ասաց՝ «ինչն ա շատ՝ ժամանակը», եւ ամենավերջում ահնիձորցի ֆերմայի վարիչը Հրաչիկին ասաց՝ «կարդացեք՝ հետո կզրուցենք»:
Էս առիթով ուզում եմ նաեւ ասել, որ ընթերցողներին ընդհանրապես եւ հայ ընթերցողներին առանձնապես կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի՝ գրող ընթերցողներ եւ չգրող ընթերցողներ, եւ գրող ընթերցողներին էլ իրենց հերթին կարող ենք երկու ենթախմբերի բաժանել՝ գրող ընթերցողներ եւ լրագրող ընթերցողներ, ու չնայած էս վերջիններիս նոր սերունդը գրականությանն առանձնակի քամահրանքով է վերաբերվում, այդուհանդերձ, իբրեւ ընթերցող՝ էս վերջիններն անհամեմատ ցանկալի են առաջիններից, մանավանդ որ՝ առաջիններն էլ իրենց հերթին բաժանվում են երկու հիմնական մասի՝ արձակագիր ընթերցողներ եւ բանաստեղծ ընթերցողներ, ու էս դեպքում արդեն միանշանակ է նախապատվությունն առաջիններին տրվում, եւ եթե ընթերցողներդ բանաստեղծ ու ոտանավորչի են, կարող ես համարել, որ ընդհանրապես ընթերցող չունես, եւ եթե ընթերցողդ բանաստեղծ ու ոտանավորչի է, դրանից ո՛չ թե պիտի ուրախանաս, այլ պիտի հետեւողականորեն զգուշանաս, որովհետեւ ուզածդ ոտանավորչի պոեմներով ու լավագույն դեպքում քառյակներով լցոնված առնվազն մի անտիպ թղթապանակ ունի եւ հարմար պահը որսալով՝ ամեն վայրկյան կարող է իր էդ թղթապանակը դանակի պես դեմ անել բկիդ, ու էս հանգամանքը եւս մի հավելյալ պատճառ է, որ հիմնավորապես վերադառնանք ու հանգամանորեն անդրադառնանք ընթերցողական երկրորդ խմբին, որը, ինչպես արդեն գիտեք, բաղկացած է չգրող ու երբեւէ որեւէ բան չգրած մարդկանցից, որոնք եւս իրենց հերթին բաժանվում են երկու հիմնական ենթախմբերի՝ հոգեկան նկատելի շեղմամբ չգրողներ եւ միանգամայն նորմալ չգրողներ, եւ, բնականաբար, էս երկրորդ խմբի երկրորդ ենթախմբի ընթերցողներն են է՛ն հիմնականները, որոնցով գրողներս հպարտանում եւ մեջներս էլ ուռում ենք ու չենք էլ կարող չուռել, որովհետեւ էս երկրորդ խմբի երկրորդ ենթախմբի ընթերցողները ո՛չ միայն հոգեկանի իմաստով են նորմալ, այլեւ միանգամայն նորմալ մասնագիտություն ու աշխատանք ունեն, եւ իմ կողմից էս միանգամայն նորմալների համալրումն ընթանում եւ շարունակվում է բժշկուհի հորաքրոջս ու իր բժշկական սվիտայի միջոցով մի՛ կողմից եւ ֆինանսների նախարարության Արշոյի ու իր շրջապատի միջոցով՝ մյուս կողմից, իսկ ինչ վերաբերում է դույն խմբի առաջին ենթախմբի շեղվածներին, դրանք մշտապես եղել են ու կլինեն՝ անկախ գրողներիս կամքից ու ցանկությունից, ինչպես որ՝ գրողներս կանք՝ անկախ որեւէ մեկի ցանկությունից:
Ինչպես տեսաք, էս ընթերցողական խմբերի ու ենթախմբերի մեջ որեւէ գրականագետ կամ գրաքննադատ չմտավ ու չտեղավորվեց, եւ չէին էլ կարող մտնել ու տեղավորվել, որովհետեւ մտածներն ու տեղավորվածներն, անկախ իրենց արժանիքներից ու սոցիալական վիճակից, էն մարդիկ են, ովքեր գրականությունից ու ընթերցանությունից ֆինանսական որեւէ ակնկալիք չունեն եւ, փաստորեն, գրականությամբ վերջնականապես են վարակված, ու չնայած էսօրվա գրականագետներն ու գրաքննադատներն էլ են մի գլուխ ու անընդհատ առանց հոնորարի գրում, բայց սրանց էդ անընդհատ գրելը երբեք անշահախնդրություն ու առավել եւս հիվանդություն չես անվանի, որովհետեւ իրենք մեր գրածների մասին գրելով, մեր գրածները քննադատելով ու հիմնականում գովելով՝ ամենասկզբում ասպիրանտ են դառնում, հետո համալսարաններում ժամեր են ստանում, ժամերից հետո՝ գիտական աստիճաններ ու կոչումներ, եւ անմիջապես միանալով էն վետերաններին, ովքեր էդ ամենը մեր թվարկությունից առաջ ունեին, սողոսկում են ընդունող հանձնաժողովներ, եւ միասնաբար սկսում են խաղեր տալ ու տեխնիկա ցույց տալ արդեն գնդակով, եւ էս դեպքում գնդակն, իհարկե, հուլիսօգոստոսյան ահավոր արեւից թերխաշ մեր բազմաչարչար աբիտուրիենտներն ու նրանց վերջնականապես խաշված ծնողներն են, եւ եթե հանձնաժողովականները մեր գրվածքներն ավելի հաճախ գովում են, քան՝ քննադատում, դրա հիմնական պատճառն էն է, որ չեն ուզում մեր նաֆսին ենթարկեցնել հուլիսօգոստոսյան իրենց հիմնական առաքելությունը, իսկ նրանցից ամենաարժեքավորներն ու ամենափորձառուները մեր նաֆսից ընդհանրապես են ապահովագրված, որովհետեւ ո՛չ թե ժամանակակիցներիս վրա են իրենց ավելորդ ժամանակը մսխում, այլ՝ միայն ու միայն դասականների, եւ եթե առանց հետին մտքի ու միանգամայն պատահաբար իրենց ոչ թե գրականագետ ես անվանում, այլ՝ գրաքննադատ, չարաչար են վիրավորվում ու նեղանում եւ եթե, այնուամենայնիվ, իրենց նեղանալն ու վիրավորվելը երբեմն թաքցնում ու ցույց չեն տալիս, դա Թումանյանի ու Իսահակյանի մակարդակների վրա տեւականորեն մնալու եւ մահկանացուներիս մակարդակին չիջնելու իրենց հետեւողական ու մշտական վիճակներից մեկնումեկն է, որովհետեւ, ի տարբերություն գրաքննադատների ու մյուս մահկանացուների, իրենք գտնում են, որ, այնուամենայնիվ, Թումանյանի, Իսահակյանի ու մեր մյուս դասականների մասին դեռեւս ահագին չասված բան կա ու էդ ահագին չասվածն անձամբ իրենք պիտի ասեն, ու իրենց էդ զապաս ասելիքը հետաձգելով ու երբեւէ չասելով՝ ահա արհեստականորեն տեւականացնում ու ձգձգում են իրենց էդ անբնական գիտության կյանքն ու պահանջարկը: