Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրոնային երաժշտությունը պահանջարկ չունի

Դեկտեմբեր 18,2006 00:00

\"\"Ամերիկահայ կոմպոզիտոր Ջոն Հոդյանը ջանում է այն «ներմուծել» Հայաստան

«Նարեկացի» արվեստի միությունը (ՆԱՄ) եւ Հայկական երաժշտության նախաձեռնությունը երիտասարդ ստեղծագործողներին բացահայտելու ու աջակցելու նպատակով վերջերս մրցույթ էին կազմակերպել 5 նոմինացիաներում՝ արդի դասական երաժշտություն, երգահաններ, իմպրովիզացիա, ֆիլմերի երաժշտություն եւ էլեկտրոնային երաժշտություն: Բոլոր նոմինացիաներում գտնվեցին հաղթողներ, բացառությամբ էլեկտրոնայինի: ՆԱՄ-ը հաղթողներին հնարավորություն կընձեռի թողարկել ձայնասկավառակներ, որոնք կներկայացվեն արտերկրում:

Զրուցեցինք ՆԱՄ երաժշտական ծրագրերի համակարգող, ամերիկահայ կոմպոզիտոր, դիրիժոր եւ դաշնակահար Ջոն Հոդյանի հետ: Նա փաստեց, որ Էլեկտրոնային երաժշտության մասով Հայաստանում դաշտը բաց է: Ասաց, որ թեեւ ներկայացվել էին հայտեր, բայց դրանք թույլ ստեղծագործություններ էին, հաճախ՝ մեկը մյուսին հիշեցնող:

«Անհարմար է, որ այդ կատեգորիայում հաղթող չեղավ, փոխարենը չափից շատ էր պարային երաժշտությունը: «Ֆիլմերի երաժշտության» մասով մեր սպասելիքներն ավելի քան արդարացան: Թեեւ քիչ գործեր էին ներկայացված, բայց եղածները բավականին հաջող էին: Հայաստանում, չգիտես ինչու, էլեկտրոնային երաժշտություն ասելով հասկանում են միայն ռիթմիկ երաժշտություն կամ «կոմպյուտերային» ձայներ: Հուսով եմ, որ դեռ կգտնեմ մարդկանց, ովքեր ի վիճակի կլինեն համադրելու դասական եւ էլեկտրոնային-ակուստիկ երաժշտությունը: Կուզենայի, որ այն անպայման բխեր հայկական արմատներից, բայց արդիական լուծումներ ունենար»,- ասաց Ջ. Հոդյանը:

Այժմ շնորհալի երաժիշտներ հայտնաբերելու ակնկալիքով նա ամեն հինգշաբթի բաց համերգներ է կազմակերպում: «Յուրաքանչյուրը կարող է գալ, նվագել, մենք կլսենք ու հնարավորություն կտանք ինքնադրսեւորվելու: Մի խոսքով՝ յուրօրինակ էքսպերիմենտի ենք դիմում՝ մեր ուզածին հասնելու համար»,- նշեց նա:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ Արեւմուտքում ընդունված էլեկտրոնային երաժշտությունը Հայաստանում առայսօր արմատներ չի ձգել: Մեր զրուցակցի համոզմամբ՝ պատճառը մեր երկրում համապատասխան տեխնիկայի՝ ոչ բոլորին հասու լինելն է: «Նարեկացի» միությունում այդ ամենն այլեւս հասու է ցանկացողներին: Ես բերել եմ լավագույն տեխնիկա, որի համար մեզ կնախանձեն անգամ Լոս Անջելեսի ամենահարուստ կոմպոզիտորները: Մյուս կողմից էլ՝ գուցե էլեկտրոնային երաժշտությունը պահանջված չէ այստեղ, որովհետեւ այդ ուղղության մեջ հետաքրքիր բաներ անող չկա… Օրինակ, ինչպե՞ս է Տիգրան Մանսուրյանը դասական երաժշտության ոլորտում նորարարություններ անում կամ Արտո Թունջբոյաջյանը՝ ավանգարդում: Մի խոսքով, մենք կարիք ունենք ոչ թե զուտ էքսպերիմենտի, այլ նորարարության ու թարմության»,- հայտնեց ամերիկահայ երաժիշտը: Նա տեղեկացրեց, որ շուտով իրենց համերգաշարերի ընթացքում կներկայացնեն բազմաթիվ երաժիշտների, այդ թվում՝ LSD ռոք խմբին, կամ Հայկ Մալաքյանին, որը էլեկտրոնային երաժշտությունը համադրում է դաշնամուրայինի հետ: Անդրադարձ եղավ նաեւ արվեստի համատարած «փոփացմանը»: Այս առիթով Ջ. Հոդյանն ասաց. «Ինչպես բոլորը, ես էլ եմ սիրում լավ փոփը: Բայց այն կոնֆետի նման է՝ չնայած լավ համ ունի, բայց չարաշահումը վատ հետեւանքներ կարող է ունենալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել