Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽՕՐՈՔ ԲԵՄԱԴՐՎԱԾ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 18,2006 00:00

\"\"Ազգային երաժշտական մրցանակաբաշխության սցենարը արդեն քանի տարի չի փոխվում

Դեկտեմբերի 14-ին Ազգային օպերային թատրոնում կայացավ արդեն ավանդական դարձած Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Այս տարի եւս, մինչ մրցանակաբաշխությունը՝ արդեն շրջանառվում էին խոսակցություններ, թե այս կամ այն անվանակարգերում ովքեր են հաղթելու: Կազմակերպիչները ջանացել էին շոու սարքել, ինչը կրկին չէր հաջողվել, թեեւ կային շոուին բնորոշ «ատրիբուտներ»՝ կարմիր գորգ, երեկոյան զգեստներ, «դեկորներ», գունեղության իմիտացիա… Մուտքը հրավիրատոմսերով էր, ինչը արդար էր. ինչո՞ւ տոմս վաճառել «ֆոնոգրամայով» հրամցվող երգերի համար: Երգի պետական թատրոնի տնօրեն Արթուր Գրիգորյանի ղեկավարած 8-9 հոգանոց ժյուրին (Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյան, ռեժիսոր Սուրեն Ռշտունի, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյան, «Շարմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռուբեն Ջաղինյան, ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյան եւ այլք) էլեկտրոնային քվեարկության միջոցով որոշում էր, թե որ երգչին ինչ բաժին հանի: Բնականաբար՝ նախապատվությունը տրվում էր Հ1-ի եւ իրենց «կաստայի» արտիստներին:

Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում այս անգամ բացակայում էր «Հայ փոփի ապագա» նոմինացիան: Հավանաբար, ըստ միջոցառման կազմակերպիչների, հայ փոփին կամ պայծառ ապագա է սպասվում, կամ ընդհակառակը: «Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն-2006»-ում արդարացված էր BBC-ի մրցույթի հաղթող Սիլվա Հակոբյանին «Տարվա հայտնություն» անվանակարգում լավագույնը ճանաչելը: Այդպիսով՝ նաեւ քավվում էր ղարաբաղյան «Ընծա» մրցույթում նրան վերջին տեղով «պատվելու» մեղքը: Մրցանակաբաշխության ժամանակ հատուկ մրցանակներ շնորհվեցին «Շարլ Ազնավուր եւ ընկերներ» նախագծին, «Եվրատեսիլի» լավագույն տասնյակում հայտնված Անդրեին, վաղամեռիկ երգչուհի Վարդուհի Վարդանյանին: Իսկ Նունե Եսայանը բանավոր շնորհակալություն հայտնեց ռաբիսի հանգուցյալ արքա Արամ Ասատրյանին՝ «Հայկական երգարվեստում ունեցած ներդրումի համար»: Անցյալ տարի լավագույն երգիչ ճանաչված Անդրեն գեղեցիկ երգով հանդես եկավ, որը անակնկալ՝ սկսվեց դահլիճից (իսկ մինչ այդ նա եռանդով ծամոն էր ծամում, ինչը երեւում էր նաեւ ուղիղ եթերում) ու ավարտվեց բեմում: Ինչպես անցյալ տարի, այս անգամ էլ «Տարվա լավագույն փոփ խումբ» ճանաչվեցին «Հայերը»: Խմբի անդամները շինծու շփոթություն ու զարմանք խաղացին բեմում՝ «Վա՜յ, մենք այնքան հուզված ենք, պատրաստվում էինք մեր համարին ու մեկ էլ իմացանք, որ մրցանակ ենք ստանում»:

Եթե նախկինում մրցանակաբաշխության մեջ այլ նոմինացիաների հետ մեկտեղ «դուրս էր սպրդում» «Լավագույն ռոք խումբը», ապա այս անգամ այդ նոմինացիայի համար հայտ էր ներկայացրել 4 խումբ, որոնցից լավագույնը ճանաչվեց «Էմփիրեյը»: Ըստ ժյուրիի, «Լավագույն ալբոմը» Տիգրան Պետրոսյանի «Ում» աշխատանքն էր, ինչի համար հեղինակը թե բեմի վրա, թե կուլիսներում բառեր չխնայեց ժյուրիի նախագահ «Գրիգորյան Արթուրին շնորհակալությունը հայտնելու համար»: Արդարացված էր «Տարվա հիթ» անվանակարգում «Հայք» խմբի «Քամի, փչի» երգը հաղթող համարելը. այն երկար ժամանակ ոչ միայն հնչել էր հեռուստառադիոկայաններով, այլեւ իր «պատվավոր» տեղն էր գտել երիտասարդների բջջայիններում: Ինչպես եւ սպասվում էր, «Լավագույն զուգերգ» ճանաչվեց Արմինկայի եւ Արման Հովհաննիսյանի «Այս գիշերը»: Խոշոր պլանով ցուցադրվեց, թե ինչպես են նրանց «պաչ-պռոշտի» անում յուրային կոլեգաները, ովքեր մյուսների ելույթների ժամանակ հորանջում էին: Ժյուրին լավագույն տեսահոլովակ համարեց «Բարեւ, երկիրը» (ռեժիսոր՝ Դավիթ Բաբայան, երաժշտությունը՝ Արմեն Մարտիրոսյանի): Պարույր Հայրիկյանի ու Անիտա Հախվերդյանի ձեռքով Տիգրան Նաղդալյանի անվան հատուկ մրցանակ շնորհվեց «Կարմիր, կապույտ, ծիրանագույն» տեսահոլովակին (ռեժիսոր՝ Դավիթ Բաբայան, երաժշտությունը՝ Արմեն Մարտիրոսյանի, խոսքերը՝ Ավետ Բարսեղյանի): «Լավագույն երգիչ» անվանակարգում ներկայացված էին Հայկոն եւ «Միստր X»-ը: Ի սկզբանե պարզ էր, որ հաղթողը պիտի հենց Հայկոն լիներ՝ իշխող կուսակցությունների քարոզարշավներն ու հարսանիքները զարդարող երգիչը: Մարդ, որը նույն ծառայությունների համար նաեւ վաստակավորի կոչում է ստացել: «Լավագույն երգչուհի» անվանակարգում ներկայացված էին Հասմիկ Կարապետյանն ու Էմմին: Նրանց չնեղացնելու համար ժյուրիի նախագահ Ա. Գրիգորյանը երկուսի միջեւ կիսեց մրցանակը: Ընդհանրապես նման տնավարիությունը իշխում էր ողջ միջոցառման ընթացքում:

Չմոռանանք նշել, որ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը անհամ հումորով «ծաղկեցնում» էին հայտնի «Քոմեդի քլաբի» անհաջող կրկնօրինակը հանդիսացող «32 ատամ» ակումբի հումորիստները, նաեւ բեմի վրա մրցանակ հանձնող անբռնազբոսություն խաղացող երգիչ-երգչուհիները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել