Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողը մեղադրյա՞լ է

Դեկտեմբեր 18,2006 00:00

\"\"Իրականում ով՝ ում է ուզել սպանել

2006թ. մայիսի 15-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում հրազենային վնասվածքներ են ստացել Կարեն եւ Արմեն Ռաշոյանները: Մարզի առաջին ատյանի դատարանում այս օրերին մեղադրյալի աթոռին է հայտնվել Աբրահամ Ասատրյանը, որը հայտնի է «Գեղցի Աբո» մականունով: Նախաքննությունն իրականացրած մարզի դատախազությունը պարզել էր, որ Ռաշոյաններին Ասատրյանը վնասվածքներ է պատճառել իր մոտ եղած «Մակարով» տիպի ատրճանակով: Անցյալ շաբաթ դատական նիստի ժամանակ վկաներից շատերը հայտարարեցին, որ Աբրահամի մոտ զենք չեն տեսել, իսկ վկա-հարեւաններից մի քանիսն էլ վկայություն տվեցին, թե կրակոցի երկու ձայն են լսել: Մինչդեռ պարզվել է, որ գլխին եւ աջ ազդրին հրազենային վնասվածքներ է ստացել նաեւ Աբրահամ Ասատրյանը: Այդ հանգամանքը, կարծես, հաշվի չի առնվել նախաքննության ժամանակ: Որ դա այդպես էր՝ երեւում է նաեւ մարզի դատախազ Ս.Պարսամյանի 2006թ. օգոստոսի 1-ի հանձնարարականով, որն ուղարկվել էր ոստիկանության Մասիսի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Բադալյանին. «Անհրաժեշտ է օպերատիվ միջոցներ ձեռնարկել այդ վնասվածքները ստանալու հանգամանքները պարզելու եւ դրանք պատճառող անձը պարզելու ուղղությամբ»: Այսինքն, միջադեպը Ռաշոյանների հետ եղել է մայիսին, եւ որեւէ մեկը չի նկատել կամ պաշտոնապես չի արձանագրել Ասատրյանի վնասվածքները:

Նախաքննության ժամանակ փորձաքննության ենթարկվեցին թե Ռաշոյանների, թե Ասատրյանի շապիկները: Ըստ «Առավոտի» տրամադրության տակ գտնվող փորձաքննության եզրակացության՝ «Ա. Ասատրյանի սպորտային բաճկոնի եւ անդրավարտիքի վրա զենքի կրմանը բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել»: Ա. Ռաշոյանի՝ դեպքի օրվա հագուստի վրա էլ հետքեր չեն հայտնաբերվել: Մինչդեռ, ըստ փորձագետների՝ «Կարեն Ռաշոյանի կարճաթեւ եւ անթեւ շապիկների գոտկային հատվածներում առկա են զենքի կրման հետքեր, որոնք արտահայտված են պղնձի եւ երկաթի մետաղացման հետքերի տեսքով»: Ըստ Ասատրյանի փաստաբանի՝ տուժողի կարգավիճակում, ըստ էության, պետք է լիներ իր պաշտպանյալը՝ Ասատրյանը, որը զենք չի կրել, չի կիրառել, որի վրա նույնպես առկա են հրազենային վնասվածքներ:

Երեկ տեղեկացանք, որ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանին են դիմել անմեղսունակ ճանաչված Աբրահամ Ասատրյանն ու նրա ներկայացուցիչ Հարություն Ասատրյանը. «Քրեական գործի նախաքննությունը, մեր խորին համոզման, միտումնավոր տարվել է ոչ ճիշտ ուղղությամբ, որի արդյունքում իսկական տուժողը հայտնվել է մեղադրյալի աթոռին, իսկ սպանության փորձ կատարողները՝ տուժողի կարգավիճակում»: Աբրահամն էլ հայտնում է, որ իր մոտ զենք չի եղել. «Բացի դա, Ռաշոյանների մայրը՝ Սոնան, դեպքից մեկ օր առաջ անձամբ գնացել է եղբորս՝ Ասատուրի տուն, նրա ընտանքի անդամների ներկայությամբ հայտնել, որ եթե ինձ գյուղից անմիջապես չհեռացնեն, ապա իր որդիները՝ Արմենն ու Կարենը, կսպանեն ինձ»: Ըստ Ասատրյանի, Ռաշոյանների մոտ եղել է 2 հրազեն, որից արձակվել է 5 կրակոց: 3-ը դիպել է Ասատրյանին, 2-ը՝ իրենց: Դատավորին Ասատրյանը գրավոր հայտնում է. «Ռաշոյաններին հրազենով հարվածներ են դիպել իմ կողմից նրանց հետ ինքնապաշտպանական պայքարի ընթացքում, իրենց իսկ օգտագործած զենքով»: Քննության առարկա առհասարակ չեն դարձել երկրորդ զենքը, նրանից արձակված պարկուճները: Ասատրյանները բացարկ են հայտնել մարզի դատախազին, հայտնելով, որ դեռեւս 2001-ին իրենք թշնամական հարաբերությունների մեջ են եղել դատախազի հետ, որը դատապարտել է Աբրահամին:

Ըստ շրջանառու լուրերի, Աբրահամին մեկուսացրել են, որպեսզի տիրանան նրա բենզալցակայաններին, խանութներին եւ այլ գույքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել