Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ ՍՈՍՆՁՎԱԾ ԳՈՐԾ

Դեկտեմբեր 18,2006 00:00

Քննիչը հայերենի մասնագետ չէր

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում, դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, երեկ ընթացած դատավարությունը նույնքան լարված էր, որքան նախորդը՝ դեկտեմբերի 13-ինը: Դատավորը ստիպված էր դատավարությանը հետեւող քաղաքացիներին՝ ամբաստանյալներ Հրաչ Սահակյանի, Վլադիմիր եւ Զավեն Մկրտչյանների հարազատներին ռեպլիկների համար նիստերի դահլիճից դուրս հրավիրել: Հրաչ Սահակյանի մայրը հուզվեց, աղմուկ բարձրացրեց, երբ որդու պաշտպանը՝ փաստաբան Ռուբեն Բալաբանյանը հրապարակեց ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարանի 2005թ. սեպտեմբերի 23-ի բուժզննման արձանագրությունը: Ըստ այդ արձանագրության, Հրաչ Սահակյանի աջ աչքին, քթին, թիկունքին հայտնաբերվել էին կարմրակապտագույն հետքեր, իսկ ձախ ուսին՝ սալջարդ:

Երեկ որպես վկա դատարան հրավիրված Շենգավիթ համայնքի դատախազության քննիչ Ռուբեն Կիրակոսյանը հերքեց, թե նախաքննության մարմինն է դիմել նման խորթ մեթոդների:

2005թ. օգոստոսի 11-ին Չեխովի փողոցում սպանված Մեսրոպ Մաքոյանի գործում ներկայացված ապացույցները, ըստ պաշտպանական կողմի, արժանահավատ չեն եւ ձեռք են բերվել ճնշումներով: Մեկ ժամից ավելի տեւեցին «Առավոտի» տրամադրության տակ գտնված քննիչ Ռ. Կիրակոսյանի պարտավորագրի հետ կապված հարցերը: Փաստաբան Ռուբեն Բալաբանյանը հրապարակեց դրա բովանդակությունը (ամիսներ առաջ «Առավոտը» «Քննչական կուրյոզներ» հրապարակման մեջ պատկերել էր սույն գլուխգործոցը). «Ես՝ Շենգավիթ համայնքի դատախազության քննիչ Ռ. Կիրակոսյանս խոստանում եմ, որ Հրաչը ճիշտ ցուցմունք տալուց հետո ազատ կարձակվի եւ չի դատապարտվի»: Պաշտպանին հետաքրքրում էր՝ «Եթե Հրաչ Սահակյանը հայտնաբերված չէր, նրա գտնվելու վայրը հայտնի չէր եւ որոնում էիք նրան, ապա ինչո՞ւ երկտողում չգրեցիք «չի կալանավորվի», այլ «ազատ կարձակվի» բառակապակցությունը: Դա չի՞ նշանակում, որ Հրաչ Սահակյանն արգելանքի տակ է գտնվել»: Վկա-քննիչն ասաց. «Ինչ բառ իմացել եմ, այդ էլ օգտագործել եմ: Ես հայերենի մասնագետ չեմ»:

Փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալին՝ Սահակյանին քննիչը որպես վկա դատախազություն բերման է ենթարկել հայտնի հիշյալ պարտավորագիրը գրելուց 3 օր հետո, հետեւաբար նա զրկված է եղել պաշտպան ունենալուց: «Եթե վկա էր, ապա ինչու էիք խոստանում, որ օգոստոսի 16-ին ազատ կարձակեք»՝ հարցրեց պրն Բալաբանյանը, որը կատարվածը համարեց քննությանը խորթ մեթոդ: Մեղադրյալ Վլադիմիր Մկրտչյանի պաշտպանը քննիչի այդ պարտավորագիրը որակեց «գրավոր արգելանք»;

Մաքոյանի գործով հնչել են բազմաթիվ թաղային հեղինակությունների անուններ. «Տյոմ», «Միկա», «Պուպո», սակայն համայնքի դատախազությունը նրանց չի հիշել:

Ի դեպ, հիշողության մասին: Հարցաքննության ներկայացած այս քննիչին պաշտպանական կողմը հարցրեց, թե հիշողությունն ինչպես է: Շատ հարցերի նա պատասխանում էր, թե չի հիշում: Օրինակ, չէր հիշում նախաքննության մարմին հրավիրված Լիլիթ Սահակյանին: Մինչդեռ վերջինս դատարանում ցուցմունք տալիս ասել էր, որ քննիչ Ռուբեն Կիրակոսյանը իրենց տանը 5000 դոլար կաշառք է պահանջել: Երեկվա նիստին հետեւող մեկ այլ վկա էլ տեղից ասաց, թե քննիչը իրեն էլ խոստացել է. «Հրաչի, Վլադիմիրի վրա գրի, քեզ սանատորիա կուղարկեմ»: Այս ռեպլիկի պատճառով դատավորը նրան դուրս հանեց դահլիճից: Առհասարակ, ռեպլիկները բազմաթիվ էին, ինչի կապակցությամբ դատավորը կոչ արեց «զերծ մնալ գեղարվեստական ձեւակերպումներից», իսկ մեղադրողներ Արամ Ամիրզադյանն ու Սամվել Մնացականյանը կեսաչք նայելով «Առավոտի» կողմը՝ նկատեցին. «ժուռնալի համար է»:

Հ. Գ. Փաստաբան Աղասի Աթաբեկյանը, երբ քննիչ Ռուբեն Կիրակոսյանին մեղադրեց, թե նա «սպիտակ թելով գործ է սարքել ու կարել անմեղ մարդկանց վրա», քննիչը հակադարձեց նրան. «սպիտակ թելով չէ գործը: Սոսնձված է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել