Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապում են գներն իջեցնել

Դեկտեմբեր 18,2006 00:00

Տնտեսվարողները կկարողանա՞ն հիմնավորել իրենց արտադրանքի բարձր գները

Այսօր շուկայում շաքարավազի 1 կիլոգրամն արժե 300-330 դրամ, կարագը՝ 1400 դրամ, բենզինի 1 լիտրը՝ 350 դրամ: Չնայած դոլարի կուրսն իջել է եւ տրամաբանորեն ներկրվող այս ապրանքների գները պետք է իջած լինեին, բայց իրականում դրանց գինը մի բան էլ բարձրացել է: Պատահական չէ, որ սոցիալական նշանակություն եւ լայն սպառում ունեցող այս եւ այլ շուկաներում տնտեսվարողների իրականացրած գնային քաղաքականությունը գրավել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մասնագետների ուշադրությունը: Հանձնաժողովը մոտ օրերս պատրաստվում է նիստ հրավիրել ու շուկայի գերիշխող դիրք ունեցողներից այս առնչությամբ որոշակի հիմնավորումներ պահանջել:

Օրինակ՝ շաքարավազի շուկայում ներկայումս գերիշխող դիրք ունի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Սալեքս գրուպ» ընկերությունը, որին է պատկանում շուկայի 91.4 տոկոսը: Նախորդ տարի շաքարավազի 1 կգ-ն արժեր 250-270 դրամ, իսկ այս տարի, երբ դոլարի կուրսն իջել է եւ ներկրումը դարձել է ավելի ձեռնտու, ներկրվող այս ապրանքի գինը մի բան էլ բարձրացել է: Շատ հնարավոր է, որ Ս. Ալեքսանյանը շուկայում գինը բարձր է պահում, բայց քանի որ «Սալեքսն» արդեն գրանցվել է հանձնաժողովի գերիշխողների գրանցամատյանում, հանձնաժողովի առջեւ հաշվետու է եւ պետք է հիմնավորի գնային նման քաղաքականությունը: Նույն խնդիրն է նաեւ կարագի, մսամթերքի, բենզինի, դիզվառելիքի, հավի ձվի, ցեմենտի եւ շինարարական այլ նյութերի շուկաներում: Կարագի շուկայի գերիշխողներից է դարձյալ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ֆլիտֆուդ» ընկերությունը, որը նաեւ գործունեություն է ծավալում մսամթերքի շուկայում եւ նրբերշիկների իրացման ծավալով նույնիսկ շուկայի առաջատարներից է, հետեւաբար այս շուկաներում էլ վարած գնային քաղաքականության համար պետք է հանձնաժողովին որոշակի հիմնավորումներ տան:

Ինչ վերաբերում է դիզվառելիքի, բենզինի գներին, գերիշխող դիրք ունեցող «Ֆլեշ» ընկերությունից երեկ «Առավոտին» պարզաբանեցին, որ իրականում գները մի բան էլ իջել են եւ ոչ թե բարձրացել: Որպես հիմնավորում, ընկերությունն այսպիսի հաշվարկ է ներկայացնում. օրինակ՝ «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը հունիս-հուլիսին 340 դրամ էր, իսկ հիմա 310 է, այսինքն՝ գինը մոտ 25 տոկոսով իջել է: Մոտ 15 տոկոսով իջել է նաեւ դիզվառելիքի գինը՝ 320-ից դառնալով 280 դրամ՝ 1 լիտրի դիմաց: Մինչդեռ ընդամենը 10-20 դրամով գինն իջեցնելով՝ ընդհանուր գնային քաղաքականությունը հիմնավորված չի կարելի համարել: Հարցն այն է, թե դոլարի կուրսի նման անկման պայմաններում արդյո՞ք բենզինի կամ դիզվառելիքի գինը պետք է հենց 20 կամ 30 դրամով իջներ: Ի դեպ, ընկերությունն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է եւս մի քանի դրամով վառելիքի գինն իջեցնել եւ հնարավոր է՝ սա արդեն իսկ տնտեսվարողի կողմից նախապատրաստական քայլ է՝ չտուգանվելու կամ հանձնաժողովի կողմից չզգուշացվելու համար:

Հավի ձվի շուկայում էլ գնային քաղաքականությունը բավականին հետաքրքիր դրսեւորումներ ունի: Շուկայում խոշոր ընկերությունները «Լուսակերտ», «Արզնի» եւ Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկաներն են: Ներկայումս ձուն խանութներում վաճառվում է 70 դրամով, մինչդեռ տարվա սկզբին այն 50 դրամ էր: Այս դեպքում էլ հնարավոր է վերը նշված երեք ընկերությունները միասին համաձայնության եկած լինեն եւ հաշվի առնելով Ամանորի օրերին արտադրանքի պահանջարկը՝ բարձրացրած լինեն գները: Այս հարցի հանգուցալուծումը շուտով կտա հանձնաժողովը՝ հրավիրելիք նիստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել