Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՄԱՐ

Դեկտեմբեր 18,2006 00:00

\"\"«Միկան» խախտում է պայմանագիրը, Քաղավիացիան խորհուրդներ է տալիս, իսկ «Զվարթնոցը»՝ սպասում

Երեկ «Զվարթնոց» օդանավակայանը ավիավառելիք ստացել էր: Սա նշանակում է, որ ավիաընկերությունները, համենայնդեպս, մի քանի օր ստիպված չեն լինի հետաձգել իրենց չվերթերը կամ հարկադիր վայրէջք կատարել՝ այլ օդանավակայաններում վերալիցքավորվելու համար:

Պարզվում է՝ ավիավառելիքը, որն արդեն մեկ ամիս է՝ խաթարել էր չվացուցակները, բավականին մեծ վնաս էր հասցրել ավիաընկերությունների բիզնեսին ու մեծ ճգնաժամ ստեղծել հայաստանյան օդանավակայանների համար, մնացել էր Փոթիի նավահանգստում: Ավիավառելիքի հետ նույն պատմությունն էր տեղի ունեցել, ինչ թերթերի թղթի հետ՝ փոթորիկը թույլ չէր տվել ներկրել վառելիքի խմբաքանակը:

Ավիավառելիքի միակ մատակարար «Միկա լիմիթեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը, պատասխանելով վառելիքի ճգնաժամի հետ կապված «Առավոտի» հարցերին՝ ընկերության մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանի միջոցով փոխանցել էր, որ վառելիքի ներկրման ուշացումները պայմանավորված են ֆորս-մաժորային իրավիճակներով: Հաշվի առնելով, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում 5 անգամ մեր երկրում ավիավառելիքի ճգնաժամ է եղել՝ (այս տարվա հուլիսին, 2005-ի հոկտեմբերին ու նոյեմբերին, 2004-ի հոկտեմբերին), կարելի է ասել՝ «Միկայի» համար «ֆորս-մաժորներն» անպակաս են:

Այն, որ մեր երկրում վառելիքի հետ կապված պրոբլեմներն այդքան հաճախ են կրկնվում՝ ունի իր պատճառները. եթե խնդրին առնչվող բոլոր կողմերը, տվյալ դեպքում՝ Քաղավիացիան, «Զվարթնոց» օդանավակայանը եւ «Միկա լիմիթեդը» բարեխղճորեն կատարեին իրենց պարտավորությունները՝ նման խնդիր չէր առաջանա: Եթե «Միկան» աշխատեր «զապասով» եւ արդեն նախորդ ամսվանից բերած լիներ հաջորդ ամիս պայմանագրով նախատեսված խմբաքանակը, մեր երկիրը վառելիքի դեֆիցիտ չէր ունենա: Հասկանալի է, որ գուցե ընկերությունը կանխիկ գումարը չի ուզում «քնացնել» եւ միանգամից վառելիքի մեծ խմբաքանակ ներկրել՝ նախօրոք փակելով այդ ծախսերը, բայց դա արդեն ընկերության խնդիրն է, որն ուղեւորների եւ ուրիշի բիզնեսի վրա չպետք է անդրադառնա: Նա պայմանագիր է կնքել եւ պարտավորվել է «Զվարթնոցին» ապահովել ավիավառելիքով, ինչը չի անում:

«Զվարթնոցի» մասով էլ՝ եթե նա չմնար միայն մի մատակարարի՝ «Միկայի» հույսին, դարձյալ հնարավոր կլիներ խուսափել պարբերաբար կրկնվող ճգնաժամերից: Բայց այսօր օդանավակայանը «Միկայից» այն կողմ չի ուզում անցնել: Թե՝ փնտրո՞ւմ եք ուրիշ մատակարարների, ո՞ւմ հետ եք բանակցում, գտե՞լ եք հարմար մատակարարների, օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը չպարզաբանեց, ասելով, որ «բանակցում ենք, թե ոչ՝ դա մեր կոմերցիոն գաղտիքն է, որի մասին չենք կարող տեղեկացնել»: Գ. Աբրահամյանի խոսքերով՝ «մատակարարի հետ արդեն 3-4 տարի է, ինչ մեր ընկերությունն աշխատում է եւ միայն վերջին շրջանում են նմանատիպ խնդիրներ առաջանում»: «Միկայից» էլ այս առնչությամբ «Առավոտին» տեղեկացրին, որ «Բաղդասարովը երբեք չի խնդրել, որ ավիավառելիքի էքսկլյուզիվ մատակարարը լինի, ով ցանկանում է՝ կարող է զբաղվել այդ գործով»: Սրանից չի կարելի եզրակացնել, թե ավիավառելիքի ներկրման բիզնեսն այնքան էլ եկամտաբեր չէ եւ ոչ մի ընկերություն, բացի «Միկայից», չի ուզում այն ներկրել, պարզապես Մ. Բաղդասարովը, այսպես ասած՝ ոչ մեկին «թույլ չի տալիս» մոտ գալ իր բիզնեսին: Ու թեեւ «Զվարթնոցը» ինքն էլ կարող էր իրեն անհրաժեշտ ավիավառելիքը ներկրել, բայց առայժմ նախընտրում է «Միկայի» միջոցով աշխատել՝ առանց կողմնակի մատակարարների:

Մեր երկրում վառելիքի դեֆիցիտի հետ առնչվող մյուս կողմը Քաղավիացիան է: Ի՞նչ է անում այս վարչությունը մեր երկրում, որպեսզի կանխի ճգնաժամի առաջացումը: Ի պաշտոնե այն պետք է վերահսկեր, որպեսզի նման խնդիրներ չառաջանային, հավասարապես բաշխեր ավիավառելիքը եւ այլն: Բայց վառելիքի ցանկացած ճգնաժամի դեպքում Քաղավիացիան բավարարվում է միայն մի գործողությամբ՝ գրություն է ուղարկում «Զվարթնոցին»՝ առաջարկելով գտնել նոր մատակարար: Նա պարզապես խորհրդատուի դերում է: Մինչդեռ, ինչպես «Զվարթնոցը», այնպես էլ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը ավիավառելիքի խնդիր ուներ, սա «Առավոտին» հաստատեցին նաեւ այդ օդանավակայանից՝ ասելով, որ «մենք էլ միայն «Միկայի» հույսին ենք, ճիշտ է, չվերթերը չեն հետաձգվում, բայց խնդիրը կա»: Այնպես որ, «Զվարթնոցին» նոր մատակարար գտնելու առաջարկ անելու փոխարեն Քաղավիացիան, եթե կարող էր, գոնե «Շիրակի» համար ինքն այդ խնդիրը պետք է լուծած լիներ:

Քաղավիացիան նաեւ հայտարարել էր, որ մինչեւ շաբաթվա վերջ «Միկան» կներկրի անհրաժեշտ քանակությամբ վառելիք: Մինչդեռ Բաղդասարովը երեկ բերել է ընդամենը 4000 տոննա, որը բոլորովին էլ օդանավակայանին անհրաժեշտ խմբաքանակը չէ: Այդ 4000 տոննան պայմանագրով նա պետք է բերած լիներ դեռ նոյեմբեր ամսին ու մի բան էլ նոյեմբեր ամսվա պարտավորություններից 3000 տոննա էլ պարտք կմնար: Ավիավառելիքի վերջին խմբաքանակը օդանավակայանը ստացել է նոյեմբերի 6-ին, դրանից հետո օդանավակայանի պահուստի հաշվին են սպասարկվում ինքնաթիռները, իսկ պահուստն արդեն, ըստ երեւույթին, բավականաչափ կրճատվել է, որը լրացնել է պետք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել