Արդեն որերորդ դեպքն է՝ Շենգավիթ համայնքի բնակիչ Գուրգեն Ավետիսյանի «թեթեւ ձեռքով» կանաչապատ տարածքի հաշվին ավտոտնակներ են կառուցվում:
«Տարիներ շարունակ ծառերով ու խաղողի վազերով ծածկված մեր շենքի բակը շուտով կդառնա ոմն հեղինակություն Գուգուշի սեփականությունը: Նա հարեւան բակի բնակիչ է, սակայն եկել է եւ մեր բակի կանաչ տարածքի հաշվին պատրաստվում է բիզնես ծավալել: Գուրգենը այդ տարածքի ծառերը հերթով արմատախիլ է անում եւ փոխարենը պատրաստվում է մի քանի ավտոտնակ տեղադրել՝ իր լիմուզինների ու կադիլակների համար»,- օրերս մեր թերթին դժգոհեցին Արշակունյաց 42/3 շենքի բնակիչները: Նրանց պատմելով, մի քանի ամիս առաջ էլ Գ. Ավետիսյանը հարեւան շենքի հաշվին իր համար սեփական տուն եւ երկու ավտոտնակ է կառուցել՝ խաթարելով բակի ընդհանուր ճարտարապետական տեսքը, ոտնահարելով երկու շենքերի՝ շուրջ 500 բնակիչների, այդ թվում երեխաների՝ ազատ տեղաշարժվելու եւ հանգստի պայմաններ ունենալու իրավունքները: Խնդրի հետ կապված՝ բնակիչները բազմիցս դիմել են թե՛ Շենգավիթի թաղապետարան, թե՛ Երեւանի քաղաքապետարան, թե՛ նախագահի վերահսկողական ծառայություն եւ թե՛ գլխավոր դատախազություն, սակայն, ըստ բնակիչների՝ «Գուգուշն անպատժելի է»: Երբ բնակիչները փորձել են Գ. Ավետիսյանի հետ ընդհանուր լեզու գտնել, հայտարարել է՝ «Ես ոչ մեկից չեմ վախենում, ում ուզում եք բողոքեք»:
Բնակիչներից մեկի՝ Կարինե Գեւորգյանի ներկայացմամբ, քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունից պատասխանել են, որ Արշակունյաց 42/3 հասցեում իրականացվող շինաշխատանքները կասեցված են եւ կազմվել է վարչական արձանագրություն: Սակայն բնակիչները մտավախություն ունեն, որ Գ. Ավետիսյանը չի ենթարկվի քաղաքային իշխանությունների որոշմանն ու կառուցապատումը կվերսկսի՝ ինչպես եղել է հարեւան բակի պարագայում: Երեկ, երբ նշյալ հասցեում էինք, նկատեցինք, որ ավտոտնակների հիմքն արդեն գցված է, բակի մի քանի ծառեր եւ խաղողի վազեր արմատախիլ էին արված: Բնակիչների ներկայացմամբ, երբ իրենք թաղապետարանից պահանջում են արդեն տեղադրված արմատուրաները ապամոնտաժել՝ հորդորում են դիմել դատախազություն, վերջինս էլ մատնացույց է արել թաղապետարանին: Երկար քաշքշուկից հետո միայն Շենգավիթի թաղապետարանը խոստացել է մեկ շաբաթվա ընթացքում բակը նախկին տեսքին բերել: