Ստեփանակերտցիները մտավախություն ունեն, որ Հայաստանի նման՝ Ղարաբաղում էլ աղքատների ու հարուստների միջեւ անջրպետ կգոյանա:
Ժենյա տատն իր երեք ծնողազուրկ թոռնիկներին արեւածաղիկ վաճառելով է պահում: Ստեփանակերտի քաղաքապետի աջակցությամբ նրա թոռները սովորում են Ստեփանակերտի բժշկական քոլեջում:
Սա Ստեփանակերտի ամենամեծ աղբանոցն է, որը գտնվում է քաղաքի ծայրամասում:
Արցախի կառավարության նոր շենքը կառուցվում է Ստեփանակերտի կենտրոնում:
Արցախի խորհրդարանի նոր շենքը ավելի շատ եկեղեցի է հիշեցնում, քան՝ «աշխարհիկ» շենք:
Արցախյան պատերազմի աղետաբեր հետեւանքներից հետո ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտն արագ տեմպերով վերականգնվել է եւ, ինչպես ղարաբաղցիներն են ասում, իր նախկին տեսքից էլ «գեղեցիկ» է: Չնայած Ստեփանակերտում մարդկանց մեծ մասն այնքան էլ լավ չի ապրում, սակայն հույսը չի կորցնում, քանի որ, նրանց խոսքերով, արդեն անցյալում են մնացել պատերազմն ու դառնությունները: Ստեփանակերտում առաջին բանը, որ աչք է զարնում, քաղաքի մաքրությունն է եւ կոկիկությունը, այնտեղ, ի տարբերություն Երեւանի, ամեն քայլափոխի չես հանդիպի բենզալցակայանների, աղբակույտերի եւ կեղտոտ փողոցների: Երբ ստեփանակերտցիներից հետաքրքրվեցինք՝ մի՞շտ է քաղաքն այսպես մաքուր, թե՞ պայմանավորված է Սահմանադրության հանրաքվեի օրվա հետ, զարմացած արձագանքեցին՝ «Մեր քաղաքն ամեն օր էլ մաքուր է»: Ստեփանակերտցիներից մեկի խոսքերով՝ «Ղարաբաղում ստեղծված են լավագույնս ապրելու բոլոր պայմանները, բայց, ցավոք, այդ պայմաններից ոչ բոլորն են կարողանում օգտվել: Մեր իշխանություններին կոչ ենք անում այնպիսի քաղաքականություն վարել, որ արցախցիները հավասար ապրեն, այլ ոչ թե սոցիալական անհավասարության պայմաններում, ինչպես Հայաստանում է: Ասում են՝ այնտեղ հասարակության սոցիալական շերտավորումը՝ աղքատների եւ հարուստների, շատ ընդգծված է եւ չենք ուզում, որ Արցախում էլ նույն վիճակը ստեղծվի»:
Արցախցի Ժենյա Սեւյանը երեք ծնողազուրկ թոռներին խնամելու համար Ստեփանակերտի փողոցներում արեւածաղիկ է վաճառում: Նրա օրական եկամուտը 1500-2000 դրամ է կազմում. «Որդիս եւ հարսս զոհվել են պատերազմի տարիներին՝ 3 զավակներին թողնելով իմ խնամքին: Տղաս զորավոր տղա էր, հայրենիքին նվիրված, դրա համար էլ նրա երեխաներին պետք է հասցնեմ իրենց մուրազին, ես ապրում եմ նրանց համար»:
47-ամյա Ալեքսանդր Ստեփանյանի պատմելով էլ՝ ապրում է հիվանդ մոր հետ մի փոքրիկ սենյակում, ըստ նրա, վատ ապրելակերպի պառճառով էլ չի ամուսնացել. «Ամեն օր կանգնում եմ փողոցներում, որ մեկը տանի, իր համար աշխատեմ, որ հացի փող առնեմ: Օր կա, որ ոչ մի գործ էլ չի լինում ու դատարկ ձեռքով գնում եմ տուն»: