Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏՈՒՀԱՆԸ» ՓԱԿՎԵՑ ԿԵՍ ՏԱՐՈՎ

Դեկտեմբեր 18,2006 00:00

Հայաստանի նախագահը երեկ հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Ղարաբաղի հարցով ակտիվ բանակցություններ չեն լինելու:

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հայաստանյան երեք հեռուստակայաններին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Մինչեւ Ազգային ժողովի ընտրությունները՝ ակտիվ բանակցային գործընթաց չի լինելու»: Սպասվում է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կկայանան 2007 թ. գարնանը, թեեւ ստույգ ամսաթիվը առայժմ չի որոշվել: «Ղարաբաղի հարցն օգտագործել նախընտրական պայքարում համարում եմ անբարոյական: Նույնիսկ ամենից լավ առաջարկը կփորձեն վարկաբեկել, եթե այդ առաջարկը, այդ քննարկումները լինեն նախընտրական շրջանում»,֊ կարծիք է հայտնել նախագահը: «Հայաստանում կան մարդիկ, որոնք անհամբեր սպասում են, թե բանակցային գործընթացը հնարավորություն կտա չարաշահել ղարաբաղյան հարցի կարգավորման խնդիրը: Նույնիսկ մարդիկ կան, որոնք պարզ ասում են, որ «Ղարաբաղի հարցում նախագահ Քոչարյանը պարտադրված է լինելու գնալ զիջումների, եւ մենք դա կօգտագործենք քարոզարշավի ժամանակ»: Կհիասթափեցնեմ այդ մարդկանց»,֊ ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Անդրադառնալով հարցադրմանը, թե ընտրական հանձնաժողովներում որոշ կուսակցությունների ներկայացուցիչների կաշառում են, Հայաստանի նախագահը նշել է. «Եթե դու քաղաքական կուսակցություն ես եւ չունես բավարար քանակի ազնիվ նվիրյալներ, որ չկաշառվեն, ապա ի՞նչ իրավունքով ես դու ձգտում երկիր կառավարել: Կամ քո այդ կաշառված անդամները եթե հայտնվեն պաշտոններում, ի՞նչ վիճակում կհայտնվի երկիրը՝ կթալանվի»: «Բոլորիս շահերից է ելնում ունենալ արդար ընտրություններ»,- եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել