«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է 60-ից ավելի կազմակերպություններ՝ դեկտեմբերի 11-ին բաց նամակով դիմել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին:
Նամակում հիշեցված է փոփոխված Սահմանադրության 83.2 հոդվածը, ըստ որի՝ «Հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակներից ելնելով՝ օրենքով ստեղծվում է անկախ կարգավորող մարմին, որի անդամների կեսը 6 տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը նշանակվում է ՀՀ նախագահի կողմից՝ 6 տարի ժամկետով»: Իսկ ըստ Սահմանադրության «Եզրափակիչ եւ անցումային դրույթներ» գլխի 117 հոդվածի՝ «83.2-րդ հոդվածով նախատեսված անկախ մարմնի գործող անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով սահմանված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը: Նրանց պաշտոնավարության ժամկետը լրանալու կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերում թափուր տեղերը լրացվում են հաջորդաբար ԱԺ-ի եւ ՀՀ նախագահի կողմից»: Ըստ բաց նամակի՝ «Այսօր գործող ՀՌԱՀ-ի անդամների պաշտոնավարման տարբեր ժամկետները ստեղծում են մի իրավիճակ, երբ սահմանադրական պահանջին՝ 50:50 հարաբերակցությանը հասնելու համար կպահանջվի մինչեւ 6 տարի ժամանակ: Ստեղծված իրավիճակից հնարավորինս շուտ դուրս գալու ճանապարհը Ազգային հանձնաժողովի անդամների լիազորությունների կամավոր միաժամանակյա դադարեցումն է ու նոր՝ Սահմանադրության պահանջներին համապատասխան հանձնաժողովի ձեւավորումը: Մենք դիմում ենք ՀՌԱՀ անդամներին՝ կոչ անելով դրսեւորել քաղաքացիական կամք ու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարվելուց հետո ամբողջ կազմով հրաժարական տալ, որից հետո ԱԺ-ի եւ ՀՀ նախագահի կողմից կնշանակվեն ՀՌԱՀ նոր անդամներ եւ միանգամից կկատարվի Սահմանադրության պահանջը»:
Մեր հարցին, թե արդյոք անսալո՞ւ են այս կոչին՝ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը պատասխանեց. «Ի շարս հազարավոր առաջարկությունների, որոնք ստանում է Ազգային հանձնաժողովը՝ կապված այդ եւ բազմաթիվ այլ հարցերի հետ, մենք ուղղակի ի գիտություն կընդունենք նրանց տեսակետը»: