Մեկ՝ որ ինքը Հայաստանի 10 ամենահարուստների թվում է, եւ որ Ռոբերտ Քոչարյանի կարողությունները զիջել են «մաքսայինի պետի» ունեցած կապիտալին:
Երեկ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ՀՀ պաշտպանության նախարար ու ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի «Ազգային անվտանգության հայեցակարգի» հերթական քննարկումը: Օգտվելով պատեհ առիթից՝ լրագրողները փորձել էին Ս. Սարգսյանից մեկնաբանություններ ստանալ նաեւ քննարկվող թեմայի հետ առնչություններ չունեցող մի քանի հարցերի շուրջ:
Այսպես, պատասխանելով Ժիրայր Սեֆիլյանին վերաբերող հարցին ու վերջինիս նկատմամբ իր անձնական կարծիքը հայտնելով՝ Ս. Սարգսյանն ասել է. «Նա մեկն էր այն հազարավորներից, ովքեր ԼՂ-ում կռվել են: Այո, կռվել է: Բայց եթե ձեզ թվում է, որ Սեֆիլյանին կարելի է համեմատել Մոնթե Մելքոնյանի կամ, ասենք՝ մնացած հրամանատարների հետ՝ ձեր խնդիրն է: Ճաշակի հարց է»:
Ս. Սարգսյանը անդրադարձել է նաեւ «Ֆորբս Հայաստան» ամսագրի հայկական տարբերակում Հայաստանի ամենահարուստ 10 անձանց ցուցակին, որի 8-րդ հորիզոնականում կա նաեւ Սերժ Սարգսյանի անունը: Պատասխանելով այն հարցին, թե ինքն իրո՞ք այդքան մեծ կարողություններ ունի՝ Ս. Սարգսյանը հայտարարել է, թե լսել է այդ ամսագրի մասին, բայց չի տեսել այն ու չգիտի, թե իրեն 8-րդը համարելով՝ որքան գումար է վերագրվել: Փոխարենը նա հռետորական հարցադրում է արել. «Այ, որ Հայաստանում շրջում եք, նայում եք, տեսնում եք՝ իրո՞ք ես Հայաստանի 10 հարուստներից մեկն եմ: Չգիտե՞ք: Այդքան պարզ, հասարակ բաները կարո՞ղ եք չիմանալ: Եթե այնտեղ կան նաեւ այլ մարդիկ, ասենք՝ բիզնեսմեններ, դուք հետաքրքրվե՞լ եք՝ այդ բիզնեսմենները, որ պետք է հայտարարագրեր լրացնեին, լրացրե՞լ են: Մի հատ հարցրեք իրենց՝ այդ հայտարարագրողներին: Էդ հրատարակողներին հարցրեք, դրանցից մեկն իր անունն էլ է գրել: Հարցրեք՝ ինչքա՞ն է ինքը հայտարարագրել: Եթե նրանը հավաստի է, ուրեմն իմն էլ է հավաստի՝ անկախ նրանից, թե ինչքան գումար են ինձ վերագրել»:
Հիշեցնենք, որ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, Ս. Սարգսյանը 150 մլն դոլարի կարողություն ունի: Այդ թիվը երեկ զարմացրել է պաշտպանության նախարարին. «Ընդամե՞նը: Այսինքն՝ այդ նույն բանի մասին միլիարդներ են հնչել: Էդ միլիարդների կողքին 150 մլն-ը ի՞նչ է, որ այդքան մեծ հետաքրքրություն է առաջացրել»:
Բայց նա, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, բավական զարմացել է, երբ լրագրողներից տեղեկացել է, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ այդ ցանկի, ավելի քիչ կարողություն ունի, քան՝ ասենք, մաքսային կոմիտեի ղեկավար Արմեն Ավետիսյանը:
Ի դեպ, երեկ երեկոյան, «Մեդիամաքսի» տարածած տեղեկատվության համաձայն, «Ֆորբսի» գլխավոր խմբագիր Պետրոս Ղազարյանը հայտարարել է, թե ամսագրի առաջին համարը, որի շնորհանդեսը երեկ էր, «ամանորյա է, եւ նրանում տպագրված վարկանիշները կրում են ամանորյա կատակի բնույթ»: Պ. Ղազարյանի խոսքերով՝ «ամսագրում բերված չեն որեւէ թվեր այս կամ այն անձանց կարողության մասին»: Նա նշել է, որ ինտերնետային կայքերից մեկը, որը գրել էր «Ֆորբս Հայաստանում» տպագրված վարկանիշի մասին, իր հրապարակման մեջ ինքնուրույն նշել էր թվեր, ինչից հետո շատ ԶԼՄ-ներ սկսել էին օգտագործել այդ տեղեկատվությունը, վկայակոչելով ամսագիրը: «Արդյունքում ստացանք փչացած հեռախոս՝ հրապարակումների մեծամասնությունում մեր հրապարակումները ներկայացված են խեղաթյուրված տեսքով»,- հայտարարել է ամսագրի խմբագիրը: