Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿՎԵՐԱԾՎԻ ՀՈՂՄ ՈՒ ՄՐՐԻԿԻ

Դեկտեմբեր 18,2006 00:00

\"\"Վստահ է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը

– Ընդդիմադրի համարում ունեցող պատգամավորները վերջին օրերին ռեւերանսներ են անում «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարին: Նախ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանը «առասպելական կերպար է եւ դիտվում է որպես հակոտնյա՝ քաղաքական դաշտին»: Երեկ էլ Մանուկ Գասպարյանը պնդեց. «Այս պահին ժողովրդի մեջ շատ ավելի բարձր է Ծառուկյան Գագիկի վարկանիշը: Այսօր գրեթե Կարեն Դեմիրճյանի չափ հավատ է առաջ գալիս ժողովրդի մեջ դեպի Ծառուկյանը», եւ նա «ցանկության դեպքում կարող է 50-100 հազար մարդ հանել հրապարակ»: Ինչո՞վ են պայմանավորված նման հայտարարությունները:

– Մանուկ Գասպարյանի եւ Հմայակ Հովհաննիսյանի քաղաքական ռեւերանսները պրն Ծառուկյանին համարում եմ վուլգա՛ր շնացում: Բոլորը շնանում են Ծառուկյանին՝ դարձնելով նրան Ուինսթոն Չերչիլ:

Բայց հանձին Ծառուկյանի մենք գործ ունենք ոչ թե քաղաքական իսկական գործչի, քաղաքական մտքի տիտանի հետ, այլ գործարա՛ր տիտանի հետ: Ուրեմն՝ Հմայակն ու Մանուկը շփոթում են այս երկուսը:

Մենք՝ մարքսիստներս, առաջինն էինք, որ 1 ամիս առաջ տվեցինք Ծառուկյան-«Բարգավաճ Հայաստանի» դիֆերենցիալ քաղաքական դիմանկարը՝ համեմատելով այլ խոշոր իշխանամետ կուսակցությունների առաջնորդների հետ: Եթե Հանրապետական խունտայի եւ մնացած իշխանամետ կուսակցությունների ֆինանսական կապիտալը կոմպրադորական է, այսինքն՝ գործամոլական, Ծառուկյանինը գործարարական է՝ ոչ կոմպրադորական: Այնպես որ՝ այս հարցում, նրա ներդրումները բացարձակապես կրիմինալ չեն: Իսկ ինչ մնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ այստեղ մոբիլիզացվում են հիմնականում գիտամանկավարժական բնույթի գործիչներ, եւ չենք կարող գործ ունենալ քաղաքական գործիչների «բուկետի» հետ: Այստեղ գործ ունենք մի արհեստական հավաքածու-քաղաքականացված կառույցի հետ, որտեղ քաղաքական մտավորականությունն ամփոփվում է գիտամանկավարժական կադրերի ձեւով:

Ե՛վ Հանրապետական խունտան, ե՛ւ «Բարգավաճ Հայաստանը» չափից ավելի ագրեսիվ պրոպագանդա են ծավալում հասարակության մեջ՝ հորինելով իրենց անպարտելիության մասին լեգենդներ, Քաջ Նազարական ամբողջ ոճով: Եթե մենք լուրջ քաղաքական գործչի, մտավորականի վերլուծական սանդղակով դիտարկենք նրանց հաշվեկշիռը հասարակության մեջ, ապա հիշեցնեմ, որ 1998-ի եւ 2003-ի նախագահական ընտրություններում Ծառուկյանը գործում էր քաղաքական այն «կվարտետի» մեջ, որը բաղկացած էր Քոչարյանից, Սերժ Սարգսյանից եւ Անդրանիկ Մարգարյանից: 1998-ին Կարեն Դեմիրճյանը, չունենալով կուսակցություն ու պաշտոն՝ վերցրեց ժողովրդի 70-75 տոկոսի համակրանքն ու քվեները: Ուրեմն՝ այդ «կվարտետն» անզոր գտնվեց նրա քաղաքական, կոմունիստական, նոստալգիկ կերպարի առջեւ: Իսկ 2003-ին այդ նույն կվարտետը, որի մեջ Ծառուկյանն էր՝ միացյալ ուժերով չկարողացավ կանգնեցնել անգամ Կարեն Սերոբիչի ուրվականի հաղթարշավը: Այլ բան է, որ բոնապարտիզմի ճանապարհով՝ ինչպես 1998-ին, այնպես էլ 2003-ին, զավթվեց իշխանությունը: Այժմ այդ «կվարտետը» երկփեղկվել է իրարամերժ մասերի՝ Քոչարյան-Ծառուկյան եւ Մարգարյան-Սերժ Սարգսյան: Այնպես որ՝ պատմական պահ է նրանց հակասությունների վրա ընդդիմության խաղալու համար, որը կարող է բերել հաջողության:

– Դուք ժամկետ էիք տվել Սերժ Սարգսյանին մինչեւ նոյեմբերի վերջը՝ նշելով, որ եթե մինչ այդ չվերցնի իշխանությունը, հետո դա նրան չի հաջողվի: Ի՞նչ հիմք ուներ այս համոզումը:

– Նկատի ունեի, որ այն իշխանական ռեզերվային լծակները (կառավարություն, խորհրդարան, պաշտպանական-ռազմական մեքենա), որոնք այսօր գտնվում են պաշտպանության նախարարի ձեռքին՝ այլեւս իրեն չեն ընծայվի ԱԺ ընտրություններից հետո: Հետեւաբար՝ իշխանությունն այսօր վերցնելը նրան 100 անգամ ավելի հեշտ կլիներ, քան մայիսից հետո:

– Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանն այժմ անընդհատ հեռուստատեսային եւ ռադիոեթերում է՝ կարծես վարելով ոչ խորհրդարանական, այլ հենց նախագահական քարոզարշավ:

– Դա նախագահական քարոզարշավ չէ, այլ միայն խորհրդարանական սովորական քարոզարշավ՝ առանց գաղափարախոսության, առանց քաղաքական ու տնտեսական, ազգային թեզիսների՝ պրիմիտի՛վ ձեւով, որը նպատակ է հետապնդում ՀՀԿ-ին հնարավորինս մեծ տեղեր ապահովել ԱԺ-ում:

– Սակայն շատերը նշում են, թե 2007-ի ընտրություններն արդեն իսկ կանխորոշված են՝ ԱԺ-ում տեղերը բաժանված են: Համաձա՞յն չեք:

– Իշխանական վերնախավում այդ տեղերն, այո, վաղուց բաշխված են: Բայց դա ոչինչ չի նշանակում: Նախ՝ իշխանական ճամբարը բաժանված է հակամարտող կողմերի, եւ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ոչ ոք չի կարող 100 տոկոսանոց երաշխիք տալ, թե ամեն ինչ լինելու է իրենց ուզած սցենարով: Եվ երկրորդը՝ ընդդիմադիր ճամբարն առայժմ չի ձեռնարկել համախմբման քայլեր եւ դեռ իր խոսքը չի ասել: Մեկ շաբաթ առաջ ընդդիմադիր կլանների առաջնորդներին կոչ եմ արել միանալ:

– Բայց արդեն իսկ միավորումներ կան՝ հանձինս հակաքրեական կամ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժումների: Թե՞ ցանկանում եք, որ միավորումն անպայման ունենա ավելի վաղ Ձեր առաջարկած՝ «Ազգային փրկության ճակատ» անվանումը:

– Հարցը դա չի, թե ինչ անուն կդրվի: Ընտրություններին այսօրվա փոշիացած վիճակով գնալու դեպքում ընդդիմությունը ոչնչությո՛ւն է: Իսկ գլխավոր ընդդիմադիր կլանների առաջնորդների միությունը (որպես բարձրագույն քաղաքական օրգան եւ ոչ թե համանախագահողների համակարգ) կվերածվի հողմ ու մրրիկի:

Պրագմատիկ իմաստով՝ ես այնքան էլ չեմ հավատում նրանց ամբիցիաների մի կողմ դնելուն, քանի որ ընդդիմությունն այսօր տառապում է «մանիա վելիչիյա»-ի՝ անձի գերադասման հիվանդությամբ: Ամեն մի ընդդիմադիր կլանի առաջնորդ իրեն կարծում է թագավոր՝ ոչինչ ավելին: Եվ արդյունքը լինում է այն, որ ընդդիմությունն այդպես էլ չի համախմբվում: Իսկ նման դեպքում ընդդիմությանը կարող են փշրանքներ տալ՝ նրա զուտ մեխանիկական ներկայությունն ԱԺ-ում ապահովելու համար: Բայց ԱԺ փոքրամասնություն այդ ընդդիմությունը չի՛ կարող լինել իշխանափոխության նախերգանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել