Արմավիրի նորանշանակ մարզպետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ղահրամանյանն այդ պաշտոնում իր նշանակման օրը նաեւ ստացել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:
Դեկտեմբերի 7-ին ՀՀ կառավարության որոշմամբ իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել էին Արմավիրի անկուսակցական մարզպետ Ալբերտ Հերոյանն ու Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը՝ ՀՀԿ անդամ: Կառավարության սույն որոշումից ընդամենը մեկ օր անց Լոռու նոր մարզպետ նշանակվեց ՀՀԿ-ն ներկայացնող Արամ Քոչարյանը՝ մինչ այդ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ, իսկ Արմավիրի մարզպետի պաշտոնը վստահվեց անկուսակցական, ՀՀ ոստիկանության գնդապետ Աշոտ Ղահրամանյանին, ով վերջին 4 տարիներին եղել է ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ: Ոստիկանության բարձրաստիճան սպայի նշանակումը մարզպետի պաշտոնում երկրորդ դեպքն է մեր հանրապետությունում. նախկին ոստիկան է նաեւ Արարատի գործող մարզպետ, գնդապետ Ալիկ Սարգսյանը:
Քաղաքական շրջանակներում Ղահրամանյանի նշանակման առնչությամբ ենթադրություններ եղան, թե հիշյալ փոփոխությունները պայմանավորված են ՀՀԿ-ի՝ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին այդ կուսակցության դիրքերը հիշյալ մարզերում էլ ավելի ամրապնդելու մտադրությամբ, թեեւ պարզ է, որ մարզպետ նշանակելու հարցում որոշիչ խոսքը ՀՀ նախագահինն է: Այս տեսակետը փաստարկվում է նրանով, որ Ռ. Քոչարյանը փորձում է երկրում կարեւոր գործընթացներից՝ ընտրություններից առաջ իրեն սատարող քաղաքական ուժերի միջեւ հավասարակշռություն մտցնել: Այս տեսակետն ավելի հիմնավոր է թվում այն տեղեկությունների ֆոնի վրա, որ Ա. Ղահրամանյանը հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն է: Նախկին ոստիկանապետի նշանակումը Արմավիրի մարզպետ պատահական չի համարվում այնքանով, որքանով մինչ այդ նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանը աչքի էր ընկել ոչ միայն ՏԻՄ կամ հանրապետական նշանակության ընտրություններում կեղծիքներ հովանավորողի ու կազմակերպողի դերով, այլեւ մարզը «հանրապետականացնելու» հետեւողականությամբ, որից դժգոհ էին արմավիրցիները, ու որին մի քանի անգամ մամուլն արդեն անդրադարձել է: Բացի այդ, «Բարգավաճ Հայաստանն» այլ դժգոհություններ է ունեցել Ա. Հերոյանից: Հիշեցնենք, որ այդ մարզում ԲՀԿ անդամների դեմ հրահրված սադրանքներից ու ծեծկռտուքներից, այդ կուսակցությանը գրասենյակներ տրամադրելու հարցում պրոբլեմներ սարքելուց անմասն չի եղել նաեւ հենց Հերոյանը:
Աշոտ Ղահրամանյանի համար մարզպետ նշանակվելը, անշուշտ, պաշտոնի բարձրացում է նշանակում: Ավելի հետաքրքիր է, սակայն, այն փաստը, որ այդ պաշտոնում նրա նշանակման օրը՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ նախագահի հրամանագրով ոստիկանության գնդապետ Ա. Ղահրամանյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում, ինչն ինքնին խոսուն փաստ է՝ իշխանությունների կողմից նրա նկատմամբ տածած վստահության ու ակնկալիքների իմաստով: Հիշեցնենք, որ այս կոչումը ոստիկանության համակարգում հերթական չի համարվում, ու այն շնորհվում է վերադասի հայեցողությամբ՝ կախված ոստիկանի մատուցած ծառայությունների լրջությունից ու դրանց գնահատումից: Իսկ դա նշանակում է, որ Ա. Ղահրամանյանի մատուցած ծառայություններն իշխանության կողմից չեն անտեսվել:
Արմավիրի նորընծա մարզպետի մասին կան նաեւ այլ կարծիքներ, ըստ որոնց՝ գեներալ-մայորը պատրաստված, սկզբունքներ ունեցող անձնավորություն է. ոստիկանության համակարգի նախկին բարձրաստիճան սպաներից մեկը (որը չցանկացավ ներկայանալ) համամիտ չէր այն կարծիքին, թե նրան նշանակել են առաջիկա ընտրություններն ավելի կազմակերպված կեղծելու համար: Մեր զրուցակցի դիտարկմամբ, «ստորություն անելու համար ոչ թե ուժեղ է պետք լինել, այլ ստոր, իսկ Ա. Ղահրամանյանն այդ համակարգում չկեղտոտված եզակի անձանցից մեկն է եղել»:
Այս գնահատականին, իհարկե, հեշտ է հակադրվել՝ հիշեցնելով Ա. Ղահրամանյանի ավելի վաղ շրջանի գործունեության մի արտառոց դրվագ: Բանն այն է, որ Ա. Ղահրամանյանը 1998 թ.-ին Վանաձորի ռեգիոնալ վարչության պետն էր, ու հենց նրա պաշտոնավարության շրջանում էր, որ անչափահաս աղջկան բռնաբարելու, ապա նրան սպանելու մեջ մեղադրվեց Սարատովկա գյուղի բնակիչ Արմեն Պողոսյանն ու դատապարտվեց մահապատժի: Միայն տարիներ հետո պարզվեց, որ նա իրեն վերագրված հանցանքի հետ որեւէ կապ չուներ, ու որ նրա «ինքնախոստովանական» ցուցմունքները կտտանքների միջոցով կորզվել էին այդ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, մայոր Ռուբիկ Սահակյանի ու շարքային ոստիկան Գուրգեն Առուշանյանի կողմից: 2004 թ.-ին իրական հանցագործին ի հայտ բերելուց հետո այս ոստիկանները դատապարտվեցին, իսկ ահա Ա. Ղահրամանյանը պատասխանատվություն այդպես էլ չկրեց: