Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՈՒԾԱՐԵՆՔ, ՆՈՐԻՑ ՀԱՎԱՔԵՆՔ»

Դեկտեմբեր 15,2006 00:00

\"\"Երեկ հրավիրված ասուլիսում Կամերային երաժշտական թատրոնի համար առաջարկեց նախկին գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանը:

Այս տարվա սեպտեմբերից Երեւանի կամերային երաժշտական թատրոնը չբացեց իր հերթական խաղաշրջանը: Պատճառը հայտնի է. դեռ երկու տարի առաջ սկսված՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի եւ տնօրեն Լեւոն Աբրահամյանի հակամարտությունը: Այժմ թե առաջինը եւ թե երկրորդը ազատված են աշխատանքից:

Երեկ Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի կազմակերպած հանդիպումը՝ պարոն Մելիքսեթյանի հետ, ուներ մեկ նպատակ՝ «մյուզիքլի թատրոնը դիտենք ոչ թե կռվախնձոր, այլ անենք ամեն ինչ՝ այն չկորցնելու համար»: Նշենք, որ ԺՄ նախագահի ցանկությունը նպատակին չծառայեց, քանի որ մեր իրականությունում եթե կան հակամարտող կողմեր, ապա հարցի լուծումը գտնելու փոխարեն նրանց կողմից հնչեցվում են կամ փոխադարձ մեղադրանքներ, կամ յուրաքանչյուրը փորձում է ապացուցել իր ճիշտ լինելը: Երեկ Ա. Մելիքսեթյանը ամեն ինչի համար մեղադրեց Լ. Աբրահամյանին, հետո էլ առաջարկեց, որ «թատրոնը լուծարվի ու նորից հավաքվի»:

«Առավոտը» քանիցս անդրադարձել է Կամերային երաժշտական թատրոնի խնդրին եւ չկրկնվելու համար բերենք մեր դիտարկումը: 1997թ. հիմնված թատրոնը, որը մշակույթի նախարարության ենթակայության տակ է, որդեգրեց խաղացանկային քաղաքականություն, բեմադրելով աշխարհահռչակ մյուզիքլների (Կ. Օրֆ՝ «Բեռնաուերի դուստրը», Բրիտտեն՝ «Ոսկե ունայնություն», Վ. Հյուգո՝ «Քվազիմոդո եւ Էսմերալդա», Է. Լ. Վեբեր՝ «Կատուներ» եւ այլն) իր տարբերակները, որոնք ջախջախվեցին թատերագետների կողմից: Մյուզիքլի թատրոնի՝ կիսադատարկ դահլիճներում անցնող ներկայացումները չէին ընդունվում անգամ շարքային հանդիսատեսի կողմից, որը, բնականաբար, զուգահեռ էր անցկացնում իր տեսածի եւ հանրահայտ բեմադրությունների հեռուստատեսային տարբերակների միջեւ: Իսկ մշակույթի նախարարությունում թատրոնի հիմնադրման օրվանից իրար հաջորդած 5 նախարարից ու թատրոնների քաղաքականությամբ զբաղվող համապատասխան մասնագետներից եւ ոչ մեկը խորհուրդներով չմիջամտեց տարվող խաղացանկային քաղաքականությանը:

Մյուզիքլի թատրոնից հանդիսատեսը ակնկալում էր աչք շոյող, շքեղ բեմադրություն, ինչը հնարավոր չէր ապահովել պետպատվերի շրջանակներում հատկացվող 1,5 մլն դրամով: Թատրոնը անդրադարձել է նաեւ հայ հեղինակներին, բեմադրելով Ա. Սաթյանի «Լիլիթը» եւ Տ. Չուխաջյանի «Կարինեն», սակայն դրանք էլ չեն փայլել իրենց շուքով:

Վերջին ժամանակներս վիճարկվում է այն միտքը՝ արդյո՞ք մեզ պետք է մյուզիքլի թատրոն… ասենք, որ ոչ թե պետք է, այլ՝ անհրաժեշտ: Հարկավոր է նաեւ ճիշտ քաղաքականություն այդ ոլորտում:

Այսօրվա դրությամբ մյուզիքլի թատրոնի ճակատագիրը դեռեւս անհայտ է: Միայն գիտենք, որ նշանակված է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Դավիթ Հակոբյանը, մինչեւ տնօրենի թափուր տեղի համար մրցույթի կայացումը: Մեր տեղեկություններով, նախարարությունը պատրաստվում է թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանին վերականգնել պաշտոնում: Պատահական չէր, որ նա աշխատանքից ազատվելուց հետո նախկին տնօրեն Լեւոն Աբրահամյանից պահանջել էր կնիքը՝ ասելով, որ նախարարն իրեն տնօրեն է նշանակելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել