Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԺԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՉԱՆՑԱ՞Ն

Դեկտեմբեր 15,2006 00:00

Երեկ ԳԱԱ ակադեմիկոսներն ու թղթակից անդամները, ըստ իրենց բաժանմունքների, ընտրեցին թղթակից անդամների իրենց նախընտրած թեկնածուներին: Հիշեցնենք, որ 38 տեղի համար կար 129 թեկնածու: Գրեթե բոլոր բաժանմունքներում անսպասելի արդյունքներ գրանցվեցին:

Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը, որ 1982-ից ակադեմիայի անդամ է, իր իսկ խոսքերով, նման անարդարացի ընտրություններ չէր տեսել: «Շատ դժգոհ եմ, շատ լավերը կային, որոնք չանցան, անցան ամենաթույլերը՝ որոշ բացառությամբ, գուցե 1-2 բացառությամբ, կամ՝ 1»: Օրինակ, պրն Սեդրակյանի կարծիքով լավագույն թեկնածուներից էին Համլետ Ավետիսյանը (լազերային ֆիզիկա), Յուրա Վարդանյանը (աստղաֆիզիկա), որոնք չընտրվեցին: Այս բաժանմունքում ընտրվել է. ֆիզիկա՝ Արթուր Իշխանյան, աստղաֆիզիկա՝ Ռոլանդ Ավագյան, կիսահաղորդչային ֆիզիկա՝ Համլետ Կարայան, լազերային ֆիզիկա՝ Ռադիկ Կոստանյան, Գագիկ Կրյուկչյան, կոնդենսացված միջավայրի ֆիզիկա՝ Ալբերտ Կիրակոսյան:

Դ. Սեդրակյանի կարծիքով, անարդարությունների հարցում ԳԱԱ ղեկավարությունը կապ չունի, կապ ունեն ընտրող ակադեմիկոսներն ու թղթակից անդամները եւ այն, թե «ով ում հետ ոնց է»: Այսինքն՝ ըստ Դ. Սեդրակյանի, գործարքն անմիջապես ակադեմիկոսների հետ է արվում:

Ակադեմիկոս Էդվարդ Ղազարյանի կարծիքով էլ ընտրությունները «մասնակիորեն արդար չանցան»: Ըստ նրա, կիսահաղորդչային ֆիզիկայի գծով ամենաարժանի թեկնածուն Ստեփան Պետրոսյանն էր, որը չանցավ:

Շատերի համար անսպասելի ելք ունեցանք հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի որոշ մասնագիտությունների գծով: Բաժանմունքի ղեկավար Վլադիմիր Բարխուդարյանն ընտրություններից հետո, բավական հուզված, հեռախոսով խոսում էր գրականության ինստիտուտի ղեկավար Ազատ Եղիազարյանի հետ, երբ պարզվեց, որ վերջինս չէր ընտրվել: Վլ. Բարխուդարյանն ասում էր, որ ընդհանրապես իր համար շատ անսպասելի բաներ են կատարվում ակադեմիայում, որ ինքը ոչինչ չէր կարող անել: Իսկ Ա. Եղիազարյանը դեռեւս 1 տարի առաջ մեզ հետ զրույցի ժամանակ նկատել էր, որ ԳԱԱ կանոնադրության խախտմամբ արդեն 6 տարի թղթակից անդամների ու ակադեմիկոսների ընտրություններ չեն լինում, եւ, ի տարբերություն ԳԱԱ մյուս (արդեն նախկին) տնօրենների մեծ մասի, որոնք ժամանակին, տնօրեն լինելով, մեխանիկորեն դարձել են ակադեմիկոսներ, ինքն արդեն քանի տարի հնարավորություն չունի ընտրվելու: Եվ երեկ, ի զարմանս շատ շատերի, գրականագիտության գծով ընտրվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը, ով վերջերս համալսարանական շրջանակներում եւ այլուր հայտարարում էր, թե իրեն սատարում է Սերժ Սարգսյանը: Բնականաբար, թե բաժանմունքի ղեկավարը, թե ԳԱԱ նախագահը հերքեցին նման լուրերը, թե վերեւներից որեւէ ճնշում հնարավոր է: Վլ. Բարխուդարյանը հայտարարեց, որ եթե վերեւներից միջամտություն էլ լիներ, որեւէ արդյունք չէր տա: Նա այս առիթով նորից հիշեց, որ նույնիսկ խորհրդային տարիներին կենտկոմի 1-ին քարտուղարների թեկնածուները կարող է եւ չանցնեին: Համենայնդեպս՝ պրն Բարխուդարյանը արձանագրեց, որ իր սպասելիքները կիսով չափ չարդարացան, եւ հատկապես՝ Ազատ Եղիազարյանի հարցում: Չմոռանանք նշել, որ Գառնիկ Անանյանին ընդամենը մեկ ձայնով զիջեց Հրաչյա Թամրազյանը, ում անունը եւս, այսպես ասած, արժանավորների ցանկում էր: Գրականության ինստիտուտի ակադեմիկոս Արիկ Գրիգորյանը նույնպես բաժանմունքից դուրս եկավ շատ վատ տրամադրությամբ. «Ընտրությունից դժգոհ եմ, շատ վատ օր էր, զզվելի»:

Թեկնածուների շարքում, ինչպես արդեն գիտենք, կային 7 բուհերի ռեկտորներ: Նրանցից չընտրվեցին «Անանիա Շիրակացու» ռեկտորը՝ Վաղարշակ Մադոյան (լեզվաբանություն), Լեզվաբանականինը՝ Սուրեն Զոլյան (լեզվաբանություն) եւ մանկավարժականինը՝ Արտուշ Ղուկասյան (մեխանիկա): Փոխարենն ընտրվեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը (պատմություն), Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը (գյուղատնտեսական մեքենաշինություն), Սլավոնական համալսարանինը՝ Արմեն Դարբինյան (տնտեսագիտություն), Տնտեսագիտական համալսարանինը՝ Յուրի Սուվարյան (տնտեսագիտություն): Ընդհանուր առմամբ, ընտրված թեկնածուների մեջ զգալի թիվ էին կազմում համալսարանականները. իրավաբանականի դեկան Գագիկ Ղազինյան (իրավագիտություն), ամբիոնի վարիչներ Վալերի Մարտիրոսյան (մաթեմատիկա), Արթուր Սահակյան (մաթեմատիկա), Ալբերտ Կիրակոսյան (ֆիզիկա) եւ այլն: Ինֆորմատիկայի գծով ներկայացված 3 թեկնածուներից որեւէ մեկը չընտրվեց, ինչը ինֆորմատիկայի ինստիտուտի նախկին տնօրեն Յուրի Շուքուրյանը բացատրեց նրանով, որ «գուցե դժվար էր գտնել ամենաարժանավորին»:

Թղթակից անդամ ընտրվեց նաեւ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը (մեխանիկա), ԲՈՀ-ի նախագահ Արմեն Թռչունյանը (կենսաֆիզիկա), իսկ լեզվաբանության բլոկում՝ իշխանությունների սիրելի, «Արմենիա» ՀԸ տնօրեն Բագրատ Սարգսյանի հայրը՝ Արտեմ Սարգսյանը՝ 1 ձայնի տարբերությամբ իր հետեւում թողնելով լեզվի ինստիտուտի տնօրեն Լավրենտի Հովհաննիսյանին:

Այսօր ընդհանուր ժողովը քվեարկությամբ կհաստատի (կամ, հնարավոր է, չհաստատի) երեկվա ընտրությունը: Փորձը ցույց է տվել, որ ընդհանուր ժողովի ընտրություններում շատ հաճախ անակնկալներ են լինում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել