ԱԺ պատգամավոր Մեխակ Մխիթարյանը պարզապես համոզված է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցնելու են
արդար ու թափանցիկ:
Երեկ «Ուրբաթ» ակումբում «Գործարար» պատգամավորական խմբի քարտուղար Մեխակ Մխիթարյանը հայտարարեց, որ իրենց խմբակցության 10 պատգամավորներից 2-ը՝ ի դեմս Արտակ Սարգսյանի եւ Ալեքսան Պետրոսյանի, արդեն անդամակցել է Հանրապետական կուսակցությանը, իսկ մյուս 8-ը դեռ կամուկացի մեջ է եւ հստակ չի կողմնորոշվել՝ որ կուսակցությանը հարել: Այս դիրքորոշումը, համաձայն բանախոսի, արդարացված է այնքանով, որ «Գործարար» խումբը (որը, հիշեցնենք, ձեւավորվել է նախկին ՕԵԿ-ականներից)՝ ձեւավորման պահից սկսած, որոշում է կայացրել իր կազմի մեջ ընդգրկված անդամներին քաղաքական դիրքորոշման ազատություն տալ. «Մենք խնդիր ենք դրել, որ «Գործարար» խմբից ցանկացած պատգամավոր իր նախասիրությամբ կարող է անդամակցել այս կամ այն քաղաքական ուժին: Մեր խումբն ունի ընդամենը մեկ ճանապարհ՝ կամ մեծամասնականով ընտրվելու, կամ որեւէ քաղաքական ուժի անդամակցելու»,- ասաց Մ. Մխիթարյանը: Կհայտնվի՞, արդյոք, իրենց խմբակցությունը ընդդիմության ցուցակներում՝ պարոն Մխիթարյանը բացառեց, ասելով, որ գալիք խորհրդարանում իրենց խմբակցությունից պատգամավոր կարող են դառնալ երկուսը կամ երեքը:
Ինչ վերաբերում է անձամբ Մ. Մխիթարյանին, ապա հունվար-փետրվար ամիսներին միայն նոր պարզ կլինի՝ մեծամասնականո՞վ է առաջադրվելու, թե՞ համամասնականով:
Մեխակ Մխիթարյանը 2007-ին տեղի ունենալիք ընտրություններից մեծ ակնկալիքներ ունի: Ըստ նրա, եկող ընտրություններն էապես տարբերվելու են նախորդ բոլոր ընտրություններից՝ ե՛ւ իրենց որակով, ե՛ւ ժողովրդի վերաբերմունքով. «Գալիք ընտրություններում մեզանում այդ հասկացությունները չեն գործելու եւ մեր նախկին պատկերացումները չեն լինելու: Ես չեմ հավատում այդ «դաբրոներին»: Ամենակարեւոր «դաբրոն» ժողովրդի վստահությունն է: Հին մեթոդները, որ եղել են մեզանում, պետք է բացառվեն: Կարծում եմ՝ նոր որակի ընտրություններ են լինելու»: «Առավոտի» հարցին, թե նոր որակի ընտրություններ անցկացնելու երաշխիքը ո՞րն է լինելու, Մ. Մխիթարյանը պատասխանեց. «Այսօր մեր հասարակությունը վերջապես հասկացել է, որ այլեւս որեւէ ընտրություն նախկինի նման անցկացնելու պարագայում շատ ավելի ծանր խնդիրների առջեւ ենք կանգնելու: Ժողովուրդը հասկացել է, որ արդար, թափանցիկ, մաքուր, միջազգային չափանիշներին համահունչ ընտրությունների անցկացումն այլեւս այլընտրանք չունի մեզ համար: Մարդիկ նախկինում տուրք էին տալիս կեղծիքներին, հիմա, ես կարծում եմ, ժողովուրդը լինելու է ամենաակտիվ վերահսկիչներից մեկը, ամենալավ դատավորը»: