«Ազգային միաբանությունն» առաջարկում է հակաքրեական շարժման նիստում քննարկել Հմայակ Հովհաննիսյանի գործունեությունը:
2004-ի մարտին «Ազգային միաբանությունը» հեռացրեց Հմայակ Հովհաննիսյանին իր խմբակցության շարքերից: Սակայն այդ ժամանակ տարաձայնություններն այնքան հրապարակ չհանվեցին, ինչպես վերջին օրերին: Երբ Արտաշես Գեղամյանն առանց որեւէ անուն տալու՝ մեր թերթին տված հարցազրույցում նշեց, թե չի բացառում, որ ինչպես Վահագն Չախալյանի, այնպես էլ Ժիրայր Սեֆիլյանի շուրջ որոշ ուժեր ուղղորդմամբ են ստեղծում արհեստական աղմուկ՝ ակնարկն իր հասցեին ընդունելով, Հմայակ Հովհաննիսյանը «Ազգային միաբանության» պատգամավորներին անարժան հայտարարեց, իսկ Արտաշես Գեղամյանին էլ՝ «խղճուկ մարդ»: Երեկ էլ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում քննարկման ժամանակ, Հմայակ Հովհաննիսյանը դարձյալ Գեղամյանին ակնարկեց՝ նշելով, թե մարդիկ, ովքեր ընդամենը կարճ ժամանակ առաջ ցանկանում էին մտնել ռուբլու գոտի՝ այսօր դարձել են ամերիկամետ:
«Ազգային միաբանության» անդամների պատասխանը հնչեց հակաքրեական շարժման երեկվա հավաքի ընթացքում: Կուսակցության փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը երեկ նիստից հետո ճեպազրույցում պաշտոնապես հայտարարեց. «Մենք առաջարկել ենք հակաքրեական շարժման շրջանակներում որպես քրեական երեւույթ քննարկել Հմայակ Հովհաննիսյանի գործունեությունը»: Ռուբեն Թորոսյանն արդեն նյութեր է նախապատրաստել, որոնք որքան տեղյակ ենք՝ առնչվում են ԿԸՀ-ի նախկին տարածքը Հմայակ Հովհաննիսյանին կառավարության որոշմամբ սեփականաշնորհելուն: «Սա քաղաքական սպեկուլյացիայի փաստ է»,- Գագիկ Թադեւոսյանի այս որակմանն «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանը հավելեց. «Քաղաքական կոռուպցիա է»:
Աղասի Արշակյանը նաեւ պատմեց, որ զանգել է Հմայակ Հովհաննիսյանին ու ասել. «Չի կարելի այդքան ապերախտ լինել: Մենք գիտենք, որ դու հին ապերախտ ես»: Ականատես լինելով, թե հեռուստաընկերություններն ինչպես են տարածել տպագիր մամուլում «Ազգային միաբանության» հասցեին Հմայակ Հովհաննիսյանի տված որակումները՝ պրն Արշակյանը եզրակացրել է. «Հաստատվեցին մեր մտավախությունները. Հմայակ Հովհաննիսյանը, ցավոք, ղեկավարվում է եւ մեր նախանշած սցենարում ունի դերակատարություն: Եվ պատահական չէր նաեւ, որ «ԱՄ» ցուցակով գալով խորհրդարան՝ «Ազգային միաբանության» նկատմամբ ապերախտություն ցուցաբերեց: Դա նրա բնավորությունն է: Եվ նրա նոր տերերին էլ ուզում եմ հուշել, որ միեւնույն է՝ նրանց հետ էլ կվարվի ճիշտ այն ձեւով, ինչպես ժամանակին մեր խմբակցության հետ վարվեց, ինչպես «քցեց» ՀԺԿ-ին: Դրանից առաջ էլ՝ «Ռուսաստան-Բելառուս»-ում եկավ առեւտուր անելու՝ մենք այնտեղից նրան դուրս արեցինք: Ավելի վաղ նրան դուրս էին արել ՌԴ Պետդումայի խորհրդականի պաշտոնից, դրանից առաջ՝ դաշնակցականներն էին դուրս արել, ավելի վաղ՝ մենք Սախարովի հիմնադրամի վարչությունից էինք դուրս արել, հոգնեցրել էր մեզ»: Նշեց, թե Հմայակ Հովհաննիսյանը պատվերներ է կատարում. «Ինչ արած՝ այդ մարդուն մի օր պետք էր տեղը դնել եւ թույլ չտալ, որ իր վրա վերցնի Գառնիկ Իսագուլյանի գործառույթները»:
Հ. Գ. «Նոր ժամանակներ»-ի նախագահ Արամ Կարապետյանը երեկ մի ուշագրավ բացահայտում արեց, որ վերաբերում էր Հմայակ Հովհաննիսյանի մեկ այլ պաշտպանյալի. «Ուժային կառույցներից մեկի կոլեգիայի նիստի ժամանակ կառույցի ղեկավարն ասել է. «Մի ԳՌՈՒ-ի ագենտ բռնեցինք՝ այդքան ղալմաղալ արեցին: Վահագն Չախալյանին երեւի նկատի ունեն»: