Ժողովրդական ասացվածքն է հիշեցնում ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր
Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ)
– Նույն այն ընտրատարածքում, որտեղից դուք արդեն մի քանի անգամ ընտրվել եք Ազգային ժողովի պատգամավոր, ըստ մեր տեղեկությունների՝ պատրաստվում է առաջադրվել ընդդիմության կարկառուն ներկայացուցիչ Արշակ Սադոյանը։ Հոգեբանորեն պատրա՞ստ եք մրցակցել Արշակ Սադոյանի հետ, չե՞ք կարծում, որ խնդիրներ կունենաք:
– Խնդիր չի կարող լինել, ով ուզում է, թող առաջադրվի: Բայց Արշակ Սադոյանը ի՞նչ է տալու իմ ընտրողներին: Միայն խոսելու է, իսկ նրա խոսքերը բոլորը լսել են, դրանից օգուտ չկա: Այսպիսի մի խոսք կա՝ քյասիբին խորհուրդ տվողը շատ է, հաց տվողը՝ քիչ: Արշակ Սադոյանը ի՞նչ է արել էդ մարդկանց՝ ոչ մի բան:
– Իսկ դուք ի՞նչ եք տալու կամ անելու ընտրողին:
– Ես այդ նույն ընտրատարածքից արդեն հինգերորդ անգամ պատգամավոր եմ ընտրվում, այստեղ մեծացել եմ, այստեղ եմ ապրում, եւ իմ ընտրողները ինձ լավ ճանաչում են, գիտեն, որ ես իրենց կարիքները կհոգամ: Եթե ես իմ թեկնածությունը դնեմ ասենք Կոմիտասում, Զեյթունում կամ Կիրովականում, այնտեղ ինձ ո՞վ է ճանաչում, պարզ չի՞, որ ոչ ոք ձայն չի տա, իսկ իմ ընտրատարածքում բոլորին ճանաչում եմ, իրենք էլ ինձ են ճանաչում: Դպրոցներ, մանկապարտեզներ եմ նորոգել, ասֆալտի հարցեր եմ լուծել, տանիքների, մարդկանց հեռախոսի հարցերն եմ լուծում. ով ինչով դիմում է՝ օգնում եմ: Եթե ես լավ պատգամավոր չլինեի, մարդիկ ինձ հինգերորդ անգամ ձայն չէին տա:
– Այսինքն՝ ուզում եք ասել, որ ձեր ընտրատարածքում եթե այլ թեկնածու առաջադրվի, չի՞ անցնելու, եւ դուք հաստատ գիտեք, որ անցնելո՞ւ եք:
– Թող առաջադրվեն, կարող է անցնեն, բայց այդպես չի լինում, որ իրենց չճանաչած մարդուն ընտրողներն ընտրեն:
– Դուք ինչպիսի՞ օրենսդրական նախաձեռնություններով եք հանդես եկել այս տարիներին, չէ՞ որ մարդկանց օգնելը չէ պատգամավորի թիվ մեկ խնդիրը, այլ՝ օրենսդրական աշխատանքով զբաղվելը;
– Ես բազմաթիվ օրենքների մշակմանն եմ մասնակցել, եթե հիմա իմ աշխատասենյակում լինեինք, ես ձեզ ցույց կտայի, բայց այս պահին Ջերմուկում եմ եւ չեմ կարող այդ բոլորը թվարկել:
– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ ընդդիմության լիդերները առաջադրվեն մեծամասնականով եւ յուրաքանչյուր իշխանական թեկնածուի դիմաց մեկական ընդդիմության ներկայացուցիչ առաջադրվի:
– Թող առաջադրվեն, բայց ընդդիմությունը էսքան ժամանակ ի՞նչ է արել էս ժողովրդի համար, եւ էդ պատճառով էլ էսքան ժամանակ ոչ մի տեղ ոչ մի ընդդիմադիր թեկնածու մեծամասնականով չի անցել, նրանք բոլորն էլ ցուցակով են անցել: Թող հիմա ասեն, թե ըսենց ա, հիմա մեծամասնականով ենք անցնելու, հո ասելո՞վ չի:
– Ուզում եք ասել, որ ընդդիմադիր լիդերները շանս չունե՞ն մեծամասնականով ընտրվելու:
– Ես այդպիսի բան չեմ ասում, բայց փաստը ցույց է տալիս, որ մեծամասնականով իրենք ոչ մի տեղում չեն անցել:
– Դուք ՀՀԿ խմբակցության եւ կուսակցության անդամ եք, ինչպե՞ս կպահեք ձեզ, եթե ձեր դեմ առաջադրվի, ասենք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որեւէ թեկնածու:
– Նորմալ, բայց հիմա ամեն մեկը իր տարածքն ունի, ո՞նց կարող են ուրիշ տարածքում առաջադրել:
– Այսինքն՝ դուք հաստատ գիտեք, որ առաջադրվելու եք:
– Այո, ես առաջադրվելու եմ եւ վստահ եմ, որ իմ ընտրողներն ինձ դարձյալ կընտրեն, իրենք ինձ լավ են ճանաչում:
– Դուք շարունակ շեշտում եք, որ ընտրողը ձեզ ճանաչում է, որ դուք ընտրողների համար լավ գործեր եք արել. դպրոցների եւ մանկապարտեզների տանիքները վերանորոգելուց բացի, ուրիշ ի՞նչ եք արել:
– Ես դրանք նշեցի որպես գլոբալ խնդիրներ, բայց ամեն օր էլ օգնում եմ, տնից դուրս ես գալիս թե չէ՝ օրդ սկսվում է փող բաժանելով, մեկը առողջության խնդիր ունի, մեկը՝ ուրիշ խնդիր, մեկի հեռախոսն են անջատել, մյուսի երեխայի վարձը պետք է տալ, ո՞րը ասեմ:
– Դուք ընտրությունների ժամանակ հանուն ընտրվելու ընտրակեղծիքներ անո՞ւմ եք:
– Որ ասեմ՝ հա, կհավատա՞ք: Ոնց կարող ենք գնալ ընտրակեղծիքների, մենք մենակ չենք առաջադրվում, մեզ հետ տարբեր կուսակցություններից մարդիկ էլ են առաջադրվում, ամեն մեկը իր վստահված անձն է ունենում, բոլորն էլ ուշադիր հետեւում են ընտրությունների ընթացքին, ո՞նց կարող ենք ընտրակեղծիք անել, եթե ես ընտրակեղծիք անեմ, ուրեմն իրենք էլ կանեն, եւ դրա կարիքն էլ չկա: Ես առանց ընտրակեղծիքների էլ ընտրվում եմ:
Հ. Գ. Հարցազրույցից հետո պարզեցինք, որ պարոն Ղարագյոզյանի ընտրատարածքի վրա աչք ունի իր գործընկեր Աբրահամ Մանուկյանը՝ «Ձորաբերդ» ռեստորանային համալիրի սեփականատերը, ով այս գումարման պատգամավոր է դարձել ՀՀԿ-ի ցուցակով, եւ, ըստ մեր աղբյուրների, այդ ընտրատարածքից հենց նա էլ կընտրվի, ՀՀԿ-ն արդեն «դաբրոն» տվել է: Իսկ Հարություն Ղարագյոզյանին փորձելու են ԱԺ բերել «Բարգավաճ Հայաստանի» ցուցակով, քանի որ ՀՀԿ-ի ցուցակում արդեն անշլագ է: Ի դեպ, երկուսն էլ ԱԺ դահլիճում երբեք բերանները չեն բացել: