Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻՏՎԻՆԵՆԿՈ – 2

Դեկտեմբեր 15,2006 00:00

\"\"ՀՀ ԱԱՆ նախկին հետախույզ, փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնը Հայաստանում ԱԱԾ-ին ու դրա ղեկավարներին առնչվող իր բացահայտումներով ետ չի մնում ՌԴ հատուկ ծառայություններին մերկացնող ու այդ համակարգի նախկին աշխատակից, փոխգնդապետ Լիտվինենկոյից:

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ կատարված մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող ՀՀ ԱԱՆ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնը (նույն ինքը՝ Սերգեյ Ստեփանովիչ Իվանովը), արձագանքելով «Իրավունք» թերթում ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հարցազրույցին, հարկ է համարել հերքել վերջինիս կողմից իր վերաբերյալ արած մի քանի հայտարարություններ: «Առավոտին» հասցեագրված Վոլֆսոնի նամակում Գ. Հակոբյանին առնչվող որոշ գնահատականներ խիստ համահունչ են ԱԱՊՎ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի՝ վերջերս մամուլում արած հայտարարություններին:

Վոլֆսոնը մեր թերթին ուղղված նամակում մասնավորապես գրել է. «Ես ուզում եմ պատասխանել առայժմ ՀՀ ԱԱԾ պետ պարոն Գորիկ Հակոբյանի՝ իմ հասցեին ուղղված ստահոդ, մտացածին եւ իրականությանը չհամապատասխանող բնութագրմանը: Այո, հնարավոր է, որ ես «ռուսական խղճուկ զինվորական միավորման բեկորներից եմ, որ, չգիտես ինչպես, հայտնվել եմ ձեր երկրում»: Բայց ես իմ ուսերին կրել եմ անցած բոլոր այդ տարիների բեռը՝ այն դեպքում, երբ Գորիկ Հակոբյանն ու նրա նմանները «դրսում» իրենց համար կարիերա ու պաշտոն էին ստեղծում: Ոչ թե Հակոբյան Գորիկը, այլ անմիջապես ես եմ անցկացրել ռազմական օպերացիաներ, ընդ որում՝ ինքս մասնակցելով դրանց: Գոյություն ունեն անհերքելի փաստեր 1994-95 թթ. ընթացքում այդ ոլորտում իմ՝ այսպես կոչված, «բեղմնավոր գործունեության» մասին: Եվ նրանք, ովքեր ի պաշտոնե տեղյակ են դրան, հիանալի գիտեն՝ ով եմ եղել ես եւ ինչ է արել փոխգնդապետ Իվանով Սերգեյ Ստեփանովիչը: Օրինաչափ հարց է առաջանում՝ ինչո՞ւ, երբ խոսքն ինձ է հասնում, իմ գործով դատաքննությունն անցնում է դռնփակ, ո՞ւմ է դա ձեռնտու, եւ ո՞վ է վախենում ճշմարտության հրապարակումից: Իհարկե, օրինաչափ է, որ Հակոբյան Գորիկի համար ես արդեն «օգտագործված ու մշակված», ուստիեւ՝ անպետք «մատերիալ» եմ: Չէ՞ որ նա իր կյանքի բերումով սովոր է անցնել ամեն ինչի ու բոլորի վրայով, ծախել բոլորին եւ ամեն ինչ: Նա ինքը հանդիսանում է «խղճուկ, պատժիչ, չեկիստական մեքենայի բեկոր», ով խորհրդային տարիներին խեղդում եւ թունավորում էր իր իսկ ժողովրդին՝ ազգային-ժողովրդավարական շարժմանը հավատարիմ լինելու համար: Իսկ դրանից հետո դավաճանելով ՀԽՍՀ ՊԱԿ-ի ապարատի իր զինակիցներին, որտեղ անցել էր իր ողջ կարիերան, ոչնչի առաջ չէր կանգնել՝ հիմնավորապես փոխելով իր գույնը, կոմունիստից դառնալով «դեմոկրատ»: Նրա համար միեւնույն էր՝ ում ենթարկվել՝ լիներ դա Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը կամ Գուրգեն Եղիազարյանը: Հետո արդեն առանց ամոթի զգացումի նա անցում կատարեց ու սկսեց զրպարտել նրանց: Իհարկե, եթե Գորիկ Հակոբյանը մարսեց այնպիսի իրադարձությունները, ինչպիսին էր «Հոկտեմբերի 27»-ը, որոնց պատասխանատվությունը նաեւ նա է կրում, ապա նրան ոչինչ չի խանգարում դավաճանել ու զրպարտել նաեւ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին: Ինչպես ասում են՝ նպատակն արդարացնում է միջոցները»:

Փոխգնդապետ Վոլֆսոնն իր նամակում նաեւ կարծիք է հայտնել, թե «Հակոբյան Գորիկն այնքան է լկտիացել իր անպատժելիությունից, որ կորցրել է իր երբեմնի պրոֆեսիոնալ էրուդիցիան ու նույնիսկ չի կարողանում ճշտորեն բնութագրել «հետախույզ» հասկացությունը»: Հիշեցնենք, որ ԱԱԾ պետ Գ. Հակոբյանը մամուլում հայտարարել էր, թե Վոլֆսոնը հետախույզ չի եղել: Ըստ նրա, նա «հրաձգային հատուկ նշանառության զենքի մասնագետ է եղել, որի առանձնահատկությունները դեռ մինչեւ վերջ մշակված չէին», իսկ 94-95 թթ. ԱԱՊՎ պետ Դավիթ Շահնազարյանն ու նրա տեղակալ Գուրգեն Եղիազարյանը փորձել էին օգտագործել Վոլֆսոնի տեխնիկական իմացությունները: Սրան ի պատասխան՝ Վոլֆսոնն «Առավոտին» ուղարկած իր նամակում հայտարարել է, թե Գ. Հակոբյանը՝ որպես խորհրդային ՊԱԿ-ի նախկին սպա, պետք է իմանար, որ գոյություն ունեն հետախուզության տարբեր տեսակներ, որ դրանք չեն սահմանափակվում միայն գործակալական եւ օպերատիվ ցանցով, որ գոյություն ունի նաեւ զինվորական, ռազմական, նաեւ ֆինանսական, բնապահպանական, տնտեսական եւ այլ հետախուզության տեսակներ: «Ես չեմ պատրաստվում արդարանալ կամ ապացուցել իրականությունը: Մեզ շուտով սպասվում է Հայաստանում տեղի ունեցող այս ամենաթողության հանգուցալուծում: Բայց այն վնասը, որ դուք (նկատի ունի Գ. Հակոբյանին- Ն. Մ.) արդեն հասցրել եք ձեր երկրին ու նրա ժողովրդին, ի վիճակի չէին հասցնել Հայաստանի թշնամի պետությունները միասին վերցրած»,- իր նամակում հայտարարել է Յուրի Վոլֆսոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել