Նոյեմբերի վերջին «Երեւան» հյուրանոցում «Այլընտրանքային մեկնարկ» քաղաքացիական նախաձեռնությունը եւ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը կազմակերպել էին հանդիպում The New Anatolian թերթի (Անկարա) քաղաքական բաժնի խմբագիր, TRT Radio1 ռադիոընկերության մեկնաբան Նուրսուն էրելի, ադրբեջանցիներ՝ գրող, հրապարակախոս Ալեքպեր Ալիեւի եւ կոմպոզիտոր Էլմիր Միրզոեւի հետ: Թուրք եւ ադրբեջանցի մտավորականները որոշ ժամանակ աշխատեցին նաեւ հայ ուսանողների ու սկսնակ լրագրողների հետ՝ նրանց փոխանցելով իրենց փորձը: day.az-ի՝ «Ադրբեջանցի լրագրողի երեւանյան օրագիրը» խորագրով նյութում երեկ Ալեքպեր Ալիեւը գրել է իր տպավորությունների մասին: Նա անդրադարձել է նաեւ ԵՊՀ ուսանողության հետ իրենց չկայացած հանդիպմանը: «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը քանիցս փորձում էր համոզել ԵՊՀ ռեկտորին, թույլ տալ ուսանողներին մասնակցել իրենց միջոցառումներին. սակայն ռեկտորը կատեգորիկ արգելում էր՝ իր որոշումը հիմնավորելով նրանով, որ չի կարող թույլ տալ հայ երիտասարդությանը շփվել Հայաստանի թշնամի երկրների ներկայացուցիչների հետ»,- գրում է ադրբեջանցի հրապարակախոսը: «Ես չեմ տեսել այդ ռեկտորին, բայց պատկերացնում եմ, որ նա չինովնիկի փողկապ կապած մի մեծահարուստ է, որը ոչնչով չի տարբերվում ադրբեջանցի բյուրոկրատներից: Այդ ռեկտորի «շնորհիվ», Հայաստանում հնչող բոլոր հայտարարությունները, թե հայերը որքա՜ն հանդուրժող են, ուղղակի նմանվում են օճառային պղպջակ ների… Ի տարբերություն ռեկտորի, գովեստի են արժանի ԵՊՀ այն ուսանողները, ովքեր շարունակ զանգահարում էին՝ պատրաստակամություն հայտնելով հանդիպել մեզ հետ… Նրանք ասում էին, որ ամաչում են համալսարանի ղեկավարության արարքի պատճառով… Իսկ Նուրսունը պատրաստվում էր թուրք ընթերցողին տեղեկացնել, թե ինչքան վնասակար են Հայաստանում ռեկտորները»,- գրում է day.az-ը:Քանի որ ադրբեջանցի եւ թուրք լրագրողների հրապարակումներին (մանավանդ Հայաստանի մասին) պետք է վերաբերվել որոշակի վերապահումներով, պատրաստակամ ենք տպագրել ԵՊՀ ռեկտորի պարզաբանումները: Հիշեցնենք, որ ԵՊՀ մերժման պաշտոնական պատճառաբանությունն էր՝ քաղաքագիտական ֆակուլտետում նույն ժամերին անցկացվող միջոցառումը: