Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ Ձմեռ պապ-2006»-ը ամփոփվեց

Դեկտեմբեր 14,2006 00:00

\"\"Բարեգործական ակցիայի շնորհիվ որոշ ընտանիքներ նյութական աջակցություն են ստացել

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում ամփոփվեցին www.armeniannow.com էլեկտրոնային շաբաթաթերթի կազմակերպած «Հայ Ձմեռ պապ» բարեգործական ծրագրի արդյունքները: Չորս տարվա ծրագիրը օգնել է շուրջ 40 կարիքավոր ընտանիքի: «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի նախագահ Արմենուհի Պետրոսյանը նշեց, որ իրենց կազմակերպած ակցիան յուրահատուկ կամուրջ է կարիքավոր ընտանիքների եւ այն մարդկանց միջեւ, ովքեր «ուրիշին օգնելու կարիք ունեն»:

Հիշեցնենք, որ www.armeniannow.com շաբաթաթերթը ակնարկներ է պատրաստում սոցիալապես անապահով ընտանիքների մասին: Արդեն երեք տարի է՝ նրան միացել է «Շողակաթ» հեռուստաընկերությունը, որը ներկայացնում է ակնարկների հեռուստատեսային տարբերակը: Արդյունքում՝ հայտնվում են մարդիկ, ովքեր փորձում են օգնել կարիքավորներին:

Ա. Պետրոսյանը նշեց, որ իրենք ուշադրություն են դարձնում հատկապես այն մարդկանց, ովքեր հանգամանքների բերումով են հայտնվել սոցիալապես ծանր վիճակում. «Եթե հասարակությունը նրանց մի փոքր աջակցի՝ գոնե ելակետային աստիճանի հասնելու համար, վերջիններս էլ պատրաստ կլինեն օգնելու իրենց նմաններին»: Ակցիայի կազմակերպիչները պատմում են, որ իրենց ամենափոքրիկ համակիրը 6 ամսական Նարեն է, որը 15 ժամ ճանապարհ էր կտրել՝ ծնողների հետ Բերդ քաղաք հասնելու համար, որպեսզի այնտեղ բնակվող 14-ամյա Արսենի երազանքն իրականացնի: Նարեն Արսենին Ձմեռ պապի կողմից նվիրել է երկանիվ հեծանիվ:

«Մոսկվա» կինոթատրոնում երեկ ցուցադրվեց ֆիլմ-հաշվետվություն, որը ներկայացնում էր «Հայ Ձմեռ պապ- 2006»-ի արդյունքները, ինչպես նաեւ ակնարկներ այն ընտանիքների մասին, որոնք շարունակում են կարիքի մեջ մնալ: Այդ ընտանիքները սոցիալական ծանր վիճակից դուրս գալու տարբեր ելքեր են տեսնում. մեկին անասուն է պետք, մյուսին՝ Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիություն, երրորդին՝ կացարան, մեկ ուրիշին՝ տանիք: Կարիքավորներին օգնում են ոչ միայն գործարարներ, պաշտոնյաներ, այլեւ նպաստառուներ: Օրինակ, Հարություն Ժամկոչյանը, որը սխալ բժշկության արդյունքում զրկվել էր քայլելու հնարավորությունից եւ ինքն էր օգնության կարոտ, մտերմացել էր Թամարա Սանթրոսյանի եւ նրա փոքրիկ դստեր հետ եւ օգնում էր նրանց՝ ինչով կարող էր: Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվող ֆիլմը պատմում էր երիտասարդ, բազմանդամ ընտանիքների մասին, ովքեր ապրում են նպաստի հույսով կամ վաստակում չնչին գումար: Օրինակ, Արագածոտնի մարզում բնակվող Արտավազդ Սողոմոնյանը, որը 4 երեխա ունի, ապրում է 28 հազար դրամ նպաստով: Փաստորեն, նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամին օրական 155 դրամ է բաժին ընկնում: Արտավազդի կինը պատմում էր, որ Ամանորին յուրովի են պատրաստվում. «Թեեւ սեղան ենք գցում, բայց այն ճոխ չի լինում: Երեխեքին նվերներ չենք առնում: Նրանք էլ անընդհատ հարցնում են, թե ինչու հարեւանի երեխաները նվերներ են ստանում, իրենք՝ ոչ»:

Մարտուն Բաղդասարյանի ընտանիքում, որը բնակվում է Սյունիքի Թխպուտ գյուղում, չորս երեխա է մեծանում: Նրանք էլ են ապրում ծանր պայմաններում, ընդամենը 2 փոքրիկ սենյակում, ուզում են տուն գնել գյուղում, սակայն հնարավորություն չունեն: 13 տարեկան Վրեժ Կարապետյանը ապրում է ծեր տատիկ-պապիկի հետ, ծնողներին կորցրել է: Վրեժն ուզում է պատմաբան դառնալ, սակայն կենցաղային գործերն անընդհատ խանգարում են սովորելուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել