Երեւանի պետկոնսերվատորիայի տեսության եւ ստեղծագործական ամբիոնների պրոֆեսոր կոմպոզիտորը, ի շահ գործընկերների, համագործակցում է կալիֆոռնիացի մեծահարուստի հետ:
– Դեկտեմբերի 17-ին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան) կհնչի ձեր 3-րդ սիմֆոնիան, որը, ըստ մեր տեղեկությունների, կատարվել է ընդամենը մեկ անգամ՝ Բաքվում…
– Այս սիմֆոնիան հնչել է ոչ միայն Բաքվում, այլեւ ԽՍՀՄ որոշ երկրներում: Ուրախ եմ, որ Հայաստանի ֆիլհարմոնիկը իմ ծննդյան 60-ամյակի առիթով վերջապես իրականացրեց այս ստեղծագործության կատարումը Հայաստանում: Ինչ վերաբերում է հայրենիքում ստեղծագործություններիս կատարման հաճախականությանը, ապա դժգոհելու առիթ չունեմ: Կոմպոզիտորների միության գարնանային եւ աշնանային փառատոներում եւս կատարվում են իմ նոր ստեղծագործությունները, օրինակ՝ վերջերս միության կազմակերպած փառատոնի եզրափակիչ համերգին հնչեց եւս մեկ նոր ստեղծագործություն՝ «Հուշի լույսը», նվիրված անվանի թավջութակահար Գերոնտի Թալալյանի հիշատակին: Իմ երաժշտությունը բավականին հաճախ կատարվում է նաեւ արտերկրում: Ունեմ մի շարք երաժշտագիտական ուսումնասիրություններ ու հոդվածներ, որոնք հրատարակվել են Գերմանիայում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում:
– «Առավոտը» վերջերս տեղեկացրել է, որ ձեր «Ալեքսանդր Հարությունյան. ոճի առանձնահատկությունները» գիրքը հրատարակվել է Մոսկվայում: Եվ դուք հենց այս աշխատությամբ պատրաստվում եք այնտեղ պաշտպանել դոկտորական թեզ: Ինչո՞ւ Մոսկվայում եւ ոչ՝ Երեւանում:
– Այդ գիրքը, որ վերլուծական մենագրություն է անվանի կոմպոզիտորի արվեստի մասին, երբ ներկայացվեց Մոսկվայում, հանձնաժողովն արժանի գտավ ինձ առաջարկել դոկտորական աստիճանի համար: Բայց ես հրաժարվեցի: Գերադասում եմ ամեն ինչի հասնել աստիճանաբար, ուստի առայժմ կանգ եմ առել թեկնածուականի վրա: Իսկ Մոսկվայում թեզիս պաշտպանությունն իրականացնելու պատճառն այն է, որ երեք տարի ՌԴ մշակույթի նախարարության Արվեստագիտության ինստիտուտի հայցվոր եմ:
– Քչերը գիտեն, որ դուք ոչ միայն ստեղծագործող եք, այլեւ հասարակական գործիչ…
– Երկու տարի է, որ համագործակցում եմ աշխարհահռչակ Երաժշտական ինտերնետ-ձայնադարանի դասական երաժշտական արխիվների հետ, որը պատկանում է կալիֆոռնիացի մեծահարուստ Պիեռ Շոբբիին: Լինելով այդ կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ հնարավորություն ունեմ ամենալայն լսարանին ներկայացնել հայ դասական եւ ժամանակակից ստեղծագործողների, ինչպես նաեւ կատարող-երաժիշտների ու երաժշտական կոլեկտիվների արվեստը: Արդեն բացված է 50 ինտերնետային կայք՝ նվիրված ինչպես կայացած, այնպես էլ սկսնակ հայ երաժիշտներին: Մանրամասներին տեղեկանալ ցանկացողները կարող են այցելել www.classicalarchives.com կայք: